Էդգար Էլբակյան կրտսերն ընդամենը 18 տարեկան էր
Ճակատագրերը տարբեր են լինում, ճակատագրերը չեն հատվում, ճակատագրի դաժան բերումով էր, որ Էդգար Էլբակյան կրտսերն ապրեց ընդամենը տասնութ տարի՝ թողնելով լուրջ եւ հասուն ստեղծագործություններ: Բնությունը, կարծես, կանխազգացել էր, որ պատանին ունենալու է կարճ կյանք, նրա մեջ ամբարել էր բազում շնորհներ, որպես գրող՝ չափածո եւ արձակ, երգահան՝ բազմաթիվ երգերի եւ խոսքերի հեղինակ, դերասան՝ թատրոնում եւ կինոյում: Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում խաղացել է. Էդգար (Ա. Աղասարյան՝ «Փրկեք մեր հոգիները») եւ «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է, «Արիոն» թատրոնում խաղացել է Միխո (Գ. Սունդուկյան՝ «Քանդած օջախ»), Համազգային թատրոնում՝ Օվի (Վ. Սարոյան՝ «Մի գավաթ բարություն»), կինոֆիլմում՝ Արտուշ (Զ. Խալափյան՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»), ԵԹԿ պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի: Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը:
Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ էր, ասելիք ունեցող ու մեծ ապագա խոստացող արվեստագետ: Երբ կարդում ես Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» բանաստեղծությունների ժողովածուն, զգում ես հանճարեղ Դուրյանի շունչը: Ինչպես մեծատաղանդ Դուրյանը, այնպես էլ Էլբակյան կրտսերը մտահոգված էր հայրենիքի ու մարդ արարածի համար: Պատանի Էդգարի ստեղծագործություններում եւս նկատվում է կյանքից շուտ հեռացողի մտորումը, նաեւ անհանգստությունը: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ձոն է հայրենիքին, մարդուն, բնությանը:
Տաղաչափության խորը զգացում, իմաստավորված հանգավորում, թվում է՝ ուսումնասիրել է հայ դարավոր հարուստ պոեզիան ու իր մեծ տաղանդով հարստացրել այն: Տեղին է ասել. բնածին տաղանդ, որ գալիս է իր ծնողների արմատներից: Էդգարը ըմբոշխնել է Դուրյանի թախծոտ ու զգայուն մեղեդին, Մեծարենցի գարնան կանչը, Տերյանի նուրբ քնարերգությունը, Իսահակյանի փիլիսոփայությունը, Չարենցի ըմբոստ ոգին, Շիրազի մասիսատենչ կարոտը… Էդգար կրտսերը հայ քնարերգության արժանի ժառանգորդն է, մեր մեծերի շարունակողը… Խոսելով պատմվածքների մասին, պետք է նկատել, որ դրանք գրված են խոր փիլիսոփայությամբ, ապրելու, արարելու, կյանքի ամեն մի պահը լիարժեք վայելելու գիտակցումով. «…կյանքը հրաշք է, իսկ ժամանակը՝ կյանք, կարող է քո վերջին օրն է…» («Երկու հոգի՝ նստարանին նստած»):
Առանձնակի ուշադրությամբ է ընթերցվում «Երկու նամակ Ակսել Բակունցին» գողտրիկ պատմվածքը: Թվում է, թե պատանի Էդգարը խոսում է մեծատաղանդ Բակունցի հետ, մտորում նրա «Ալպիական մանուշակը» պատմվածքի մասին եւ ստեղծում հետաքրքիր պատմվածք: Պատանին տարվել ու ազդվել է հրաշալի պատմվածքով ու իր գրիչը թրծել Բակունցի թողած հարուստ գրականության խառնարանում…
Ափսոս, երիտասարդը չհասցրեց իրականացնել իր մտահղացումների գոնե մի մասնիկը: Էդգարի ծննդյան պահին Արարիչը այցելել էր նրա սնարին, օրհնել ու ցանկացել հարուստ ու բազում շնորհներ… Խորը ցավ ու վիշտ ես ապրում, որ տաղանդավոր պատանին կյանքից հեռացավ, երբ նոր էր բոլորել տասնութը: