Թուրքական եւ ղազախական որոշ լր ատվամիջոցներ պնդում են, թե սեպտեմբերի վերջին Անթալիայում «Սավարոնա» զբոսանավի վրա անցկացված ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվածների թվում է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, առաջինն այդ մասին գրել էին ղազախական որոշ լրատվական կայքեր, իսկ երեքշաբթի օրը Սաուդաբաեւի ձերբակալության մասին ուղղակիորեն ակնարկեց Թուրքիայի առաջատար պարբերականներից մեկը՝ Vatan-ը:
Երկու շաբաթ առաջ թուրքական ոստիկանությունը ժամանակին Քեմալ Աթաթուրքի սեփականությունը հանդիսացած «Սավարոնա» զբոսանավի վրա ձերբակալել էր մոտ մեկ տասնյակ ռուսաստանցի եւ ուկրաինացի մարմնավաճառների: Ոստիկանական գործողության հաջորդ օրն արդեն թուրքական թերթերը պնդում էին, որ ձերբակալվածների թվում են եղել մի շարք ռուսաստանցի եւ ղազախստանցի գործարարներ, ինչպես նաեւ Աստանայից Թուրքիա ժամանած պաշտոնյաներ: «Խոսքը երկու ղազախ պաշտոնյաների մասին էր, որոնց անունները մինչ օրս որեւէ թուրքական թերթ չի հրապարակել»,- գրում է Vatan-ը՝ շարունակելով, թե «Ղազախական աղբյուները պնդում են, որ ձերբակալված ղազախստանցիները երկուսն էին՝ մեկը, իբր, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւն էր, մյուսը՝ Ղազախստանի վարչապետի խորհրդական Բիրջան Մուրատալիեւը»:
Միջադեպից անմիջապես հետո ղազախ պաշտոնյաները թուրքական կողմին ցույց են տվել իրենց դիվանագիտական անձնագրերը, ազատ են արձակվել եւ մասնավոր օդանավով հեռացել Թուրքիայից:
Թուրքական, ղազախական եւ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ «Սավարոնայի» վրա անցկացված խրախճանքի կազմակերպիչը ադրբեջանական ծագում ունեցող մոսկվացի գործարար Թելման Իսմայիլովն է:
2009թ.-ին փակված «Չերկիզովսկի» տոնավաճառի նախկին սեփականատերը ստիպված էր եղել սահմանափակել իր գործարար ակտիվությունը Մոսկվայում, երբ ռուսաստանյան իշխանությունները նրան մեղադրեցին կապիտալը երկրից դուրս բերելու մեջ: Ներկայումս Իսմայիլովը Անթալիայում գտնվող Mardan Palace հյուրանոցի սեփականատերն է: Vatan-ը պնդում է, որ այս հյուրանոցի շինարարության վրա ադրբեջանցի գործարարը ծախսել է մեկուկես միլիարդ ամերիկյան դոլար: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ «Սավարոնայում» իրականացված ոստիկանական գործողությունից հետո Իսմայիլովը հրավիրվել է ոստիկանության տեղական վարչություն եւ կատարվածի առթիվ ցուցմունք է տվել: