Հերթական կրթական ցուցահանդեսը
«Հայկական կրթական համակարգը զարգացած չէ, նոր ձեւավորված կրեդիտային համակարգը թերի է, եւ ուսանողներիս չի բավարարում տրված գիտելիքը, դրանով ոչ մի արդյունքի ապագայում չես կարող հասնել: Ունեմ տեղի ամերիկյան եւ դրսի համալսարաններում սովորող ընկերներ, որ հավաստիացնում են, թե 2 տարի դրսում մագիստրատուրա սովորելն իրենց ավելի շատ բան է տվել, քան սեփական երկրի համալսարանում 4 տարվա կրթությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Էլչյանը: Նա ցանկանում է իր կրթությունը շարունակել արտերկրի որեւէ բուհում: Երեկ այդ նպատակով մեր զրուցակիցը մասնակցում էր Ամերիկյան համալսարանում կազմակերպված կրթական տեղեկատվական ցուցահանդեսին: Այն կազմակերպել էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը: Ցուցահանդեսն այնքան մարդաշատ էր, որ մոտ 30 րոպե պահանջվեց ներս մտնելու եւ կազմակերպիչներին գտնելու համար: Հայ երիտասարդները միայն տեղյակ էին, որ հարցաթերթիկ լրացնելով մեծ հնարավորություն ունեն ընդունվել որեւէ միջազգային բուհ: Պարզվեց, սակայն, որ տեղեկատվական թերթիկը միայն վիճակագրություն ունենալու համար էր՝ իմանալու, թե քանի հայ երիտասարդ է ցանկանում կրթությունը շարունակել արտերկրում: «Առավոտի» հետ զրույցում «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության ավագ կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանն ասաց, որ նման կրթական ցուցահանդես Հայաստանում կազմակերպվում է արդեն 15-րդ անգամ, նպատակն է՝ ուսանողությանը իրազեկ դարձնել Հայաստանում գործող միջազգային տարբեր, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին: «Կրթություն ԱՄՆ-ում» խորագիրն ունեցող ցուցահանդեսին մասնակցում էին Բերգենի համայնքային քոլեջը, Լինն համալսարանը, Նյու Յորքի պետական համալսարանը, Հալթի միջազգային բիզնես դպրոցը, Հարավային Կարոլինայի եւ Տուլսայի համալսարանները, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Ինչպես նշեց Գ. Գրիգորյանը, այդ համալսարաններում սովորելու համար հայ ուսանողները պետք է վճարեն, բայց լավագույն ուսանողները ստանում են ֆինանսական օգնություն նաեւ տվյալ համալսարանից: «Ամերիկյան համալսարանները հետաքրքրված են ունենալու միջազգային ուսանողներ, եւ նրանք մեծ գումարներ են տրամադրում օտարերկրյա ուսանողներին»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, միջազգային կրթությունն այժմ տարածված է ամբողջ աշխարհում, եւ յուրաքանչյուր ուսանող գոնե մեկ կիսամյակ պետք է սովորի մեկ այլ ուսումնական հաստատությունում, որպեսզի գոնե ունենա համեմատության եզր:
Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային կրթական խորհրդատվական գծով կոորդինատոր Էնն Մերիլը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց՝ ամերիկացիները շահագրգռված են, որ հնարավորինս շատ հայ ուսանողներ սովորեն ԱՄՆ-ում: Ամերիկացի Է. Մերիլը բնակվում է Կիեւում եւ 13 երկրների 50 խորհրդատվական կենտրոններում կազմակերպվող կրթական ցուցահանդեսների աջակիցն է: Մեր զրուցակիցն ասաց, որ ԱՄՆ-ում ամենից շատ ուսանողները Չինաստանից, Հոնկոնգից, Հնդկաստանից են: Նախորդ տարվա տվյալներով՝ 400 հայ ուսանող է սովորում ԱՄՆ-ում: Նյու Յորքի պետական համալսարանի ներկայացուցիչ Փեթ Ֆեչերը արդեն 2 տարի բնակվում է Հայաստանում եւ օգնում անգլերենի հայ մասնագետներին՝ վերապատրաստման հարցում: Ասում է՝ հայ ուսուցիչներն ավելի լավ քերականություն գիտեն, քան ամերիկացիները: Նրա խոսքով, Նյու Յորքի համալսարան ընդունվելը հեշտ չէ, նախ պետք է թեստ հանձնել անգլերենից, լինել վճարունակ ու նաեւ վիզա ստանալ: «Ամերիկյան կառավարության համար կարեւոր է նաեւ, որ կրթությունն ավարտելուց հետո ուսանողները վերադառնան իրենց երկիր, ոչ թե մնան Ամերիկայում»,- ասաց Փ. Ֆեչերը: