Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդ, որ ապրում է այրվելով

Հոկտեմբեր 13,2010 00:00

«Մարդ, որ ապրում է այրվելով». ահա այն խոսքերը, որոնք շատ դիպուկ են բնորոշում իմ լավ բարեկամ Ռուբեն Զարյանին: Բայց այդ խոսքերն ինքս չհորինեցի, այլ վերցրի հենց իրենից՝ Ռուբեն Զարյանից: Նման ենթավերնագիր ունի նա իր «Հուշապատումի» մեջ, որ վերաբերում է մեր անցած (ոչ վաղուց) եւ ոչ գնացած մեծերին:

Ծնված Շիրակի բանաստեղծական հորիզոններում, հոգեւոր առաջին սնունդն ստացած գեղեցիկ արվեստների տուն Թբիլիսիում, արիացած ու բազմացած մեր բիբլիական հնության ու նորոգվող արշալույսի պես նոր Երեւանում, Ռուբեն Զարյանն իր ասպետական ու գեղեցիկ կյանքը նվիրել է մեր ազգի մեծերի, նրա մշակույթի՝ գրականության, գեղանկարչության, թատերական արվեստի ուսումնասիրության վեհ ու շնորհակալ գործին:

Զարյանի համար խոր անցյալի եւ հենց այսօրվա երեւույթների միջեւ միայն մի տարբերություն կա՝ ժամանակը: Իսկ ժամանակը, ինչքան էլ հեռավոր լինի նա, հարազատանում, մտերմանում, այսօրվա է դառնում գիտնական-արվեստագետի հոգու մեջ, եթե այդ հոգին, իհարկե, օժտված է արարելու կարողություններով: Արարելու կարողությունները մեր Ռուբեն Զարյանի մոտ շռայլ են ու շքեղ:

Նա հասկանալի է դարձնում վաղուց գնացած-անցած Շեքսպիրին՝ հեռավոր հորիզոններից նրան բերելով ու ձուլելով Արարատի հորիզոնի հետ: Մենք կարծես տեսնում ենք Պետրոս Ադամյանին, որովհետեւ Զարյանը կարողացել է անհայտության մշուշներից իջեցնել հանճարեղ արտիստի մարմնավորած Համլետին ու դնել մեր՝ ընթերցողներիս առջեւ: Եվ այդպիսի հեռավոր աստղ էր ոչ միայն Ադամյանը, այլ նաեւ Սիրանույշը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը ու էլի ուրիշ վաղուց հանգածներ: Հանգածներ, որոնք սակայն բոց են տալիս ու ջերմություն, երբ արվեստաբանը թափանցում է այդ անցածների հոգու ու հոգեբանության մեջ եւ դրանք դարձնում այսօրվա համար խիստ անհրաժեշտ ու հասկանալի:

Մարդ, որ ապրում է այրվելով: Այո՛, այրվելով, ո՛չ թե սոսկ ծուխ ու մի շերտ լույս տալով, այլ այրվելով: Իսկ ինչպես հայտնի է, բնության ամենավստահելի ու մեծ շարժումը ծագում է այրվելուց: Այրվելուց, ոչ անտեղի մոխրանալուց, այլ այրվելով՝ կենդանացնելու եւ ապրեցնելու կարողությունից: Եթե չայրվես, ինչպես լույս ու ջերմություն տաս հողին, մարդուն, արվեստին։

Ռուբեն Զարյանի «Հուշապատում» սքանչելի երկը մեզ համար հանրագիտարանային արժեք ունի՝ արվեստի մեռոնով թաթախված։ Ահավասիկ՝ Նար-Դոսը։ Նար-Դոս՝ քաշված, ինքնամփոփ, կարծես «հասարակ», կարծես «անտարբեր», սակայն մեջը այրվող հոգի ու կիրք եւ կրակ, որ ոչ թե խանձում է ձեռքդ, այլ լուսավորում ճանապարհդ, ջերմացնում հոգիդ։ Կամ ահա առասպելական Շիրվանզադեն՝ իր էպիկական հանդարտությամբ ու անզիջումությամբ ամեն ստվերի նկատմամբ։ Ահա վիթխարի Չարենցն իր փոթորկոտ կյանքով՝ մեծ կյանքով, մարդկային կյանքով, ցավի ու տառապանքի, բայց ոչ խոնարհվող կյանքով։

Սրանք շատ մեծերն ու շատ հայտնիները։ Բայց Զարյանի մոտ կենդանանում են նաեւ քիչ հայտնիները, ոչ քիչ գործ արած քիչ հայտնիները։ Եվ սա մեծ սրտի բաբախումներից ծնված երեւույթ է, ավելի շուտ՝ երեւույթներ են, որ շերտ առ շերտ գալիս են «Հուշապատումի» մեջ ու… չեն գնում։

Կենդանանում են նաեւ մեր ժամանակակիցները, որոնք անժամանակ հեռացան… Ահա Գուրգեն Մահարին՝ իր կրքոտ ասպետականությամբ, Վիգեն Խեչումյանը՝ գիտնականի իր պրպտող հոգով ու անապատական գրիչի տառապանքով՝ իր «Զվարթնոցը» հյուսելիս։ Ապա մեծ Պարույր Սեւակը, որ կարծես աղմուկով ու մանկական ժպիտով ահա ներս խուժեց քո տունը, քո էության մեջ ու գոչեց. «Տո՛ լաճ տնավեր»։

Իր գրածի մասին ինքը՝ Զարյանն ասում է. «հասարակ աչքով դիտված հրաշքներ»։ Ասում է, բայց այնքան էլ մի հավատացեք։ Նրա աչքը բոլորովին էլ «հասարակ» չէ։ Նրա աչք-ներքին աշխարհը լույսի գույների ընկալման կենտրոն է, հոգու ազնվության խտացում եւ պատկառանք՝ դեպի մեր կյանքին՝ ուղեկից եղած մեծերը։ Զարյանի ստեղծագործական ոգին ընկալում եւ ապա անդրադարձնում է մի ողջ կյանք, շուրջ կես դարի կյանք։

Կրկնում եմ՝ Ռուբեն Զարյանի վաստակը անկշռելի մեծ է ու արժեքով անհամեմատելի, դա հանրագիտարանային էություն ունի իր մեջ, որ ստացվել է գրողի, գիտնականի, արվեստաբանի, քաղաքացու եւ սքանչելի մարդու հատկությունների կենտրոնացմամբ։ Զարյանի ոճը պարզ է, դասական ու մատչելի։ Եվ ես իմ այս համեստ խոսքը կապել-կշռելուց առաջ, նորից եմ Ռուբեն Զարյանի մասին ասում.

– Մարդ, որ ապրում է այրվելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել