Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ-100

Հոկտեմբեր 13,2010 00:00

Այս օրերին նշվում է ակադեմիկոս, Հռոմի «Տիբերինա» եւ  Վայմարի Շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, Արվեստի ինստիտուտի հիմնադիր, Շեքսպիրյան կենտրենի եւ գրադարանի հիմնադիր, ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին եւ 22-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է հոբելյանական գիտաժողով, իսկ հոկտեմբերի 23-ին մշակույթի նախարարությունը Կամերային երաժշտության տանը կանցկացնի հոբելյանական երեկո:

\"\"
Ռուբեն Զարյանը Մ. Ն. Տոկարսկու հետ:

ՄԱՐԴՈԻ ԳԵՂԵՑԻԿ ԿՈՉՄԱՄԲ

Ակսել Բակունցին բնութագրելիս Ռուբեն Զարյանը հիշեցնում է չեխովյան հերոսի ձեւակերպումը, մարդու ամեն ինչը պետք է գեղեցիկ լինի՝ տեսքը, հոգին, հագուստը, ժպիտը։ Բակունցին ես քիչ եմ տեսել, աղոտ էլ հիշում եմ։ Նրա մեջ կատարյալ շատ բան կար, որ ցոլցլում է նաեւ նրա պայծառ ստեղծագործության մեջ։ Հիրավի նա վսեմ տեսք ուներ եւ խորունկ հոգի։ Բայց լեռնականի ծագում եւ բնավորություն ունեցող Բակունցին վերագրվող այդ բնորոշումը ես աներկբա կվերագրեի նաեւ իրեն՝ Ռուբեն Զարյանին, հայ մշակույթի այն անխոնջ մշակին, որն իր մեջ համադրում է անձի եւ գործի մի եզակի ներդաշնակություն։ Մի մտավորական, որ ոչ թե այդպիսին է իր դիպլոմով, գրաված դիրքով, պաշտոնի բերումով, գիտական կոչումով եւ տարիների մեխանիկական վաստակով։ Ռուբեն Զարյանը մտավորական է էությամբ, ի բնե, ի վերուստ։ Մտավորական է մարդկային իր կոչումով, ստեղծագործական դինամիկայով, վարքով ու բարքով, կեցվածքով ու պահվածքով։

Իսկ ամենից առաջ, անշուշտ, մի հարուստ վաստակից է ձեւավորվում մտավորականի՝ մտքի աշխատավորի նրա կերպարը։ Ինչքա՜ն առատ բաժին նա ունի մեր գրականության եւ արվեստի գանձարանում, ի՜նչ կարեւոր տարածք ունի նրա գործը մեր մշակույթի անդաստանում։

Ռուբեն Զարյանի կյանքի ճանապարհը չի եղել վարդալից, հարթ՝ սիզամարգերով ձգված։ Ամեն մի (ստեղծագործական իմաստով) եռանդուն մտավորականի, գիտնականի ուղին երբեմն կեռմանների դեմ է դուրս գալիս, երբեմն անակնկալ վայրէջքի հանդիպում, երբեմն՝ նեղանում։ Այդպես է լինում կյանքի ուղին, որը, այնուամենայնիվ, ընթանում է առաջ եւ վեր, դժվարին մի ուղի, որը, իսկապես, թեթեւ է դառնում, երբ լցվում է ստեղծագործության բուռն արգասիքով ու ստեղծագործական անկրկնելի բերկրանքով։ Տարբեր ժամանակներ նա ունեցել է ախոյաններ, ընդդիմախոսներ, բավականաչափ ուժեղ քննադատներ։ Դա եւս բնական է, քանի որ նա չէր ապրում մեկուսի, անջատ, ինքնաբավ կյանքով։ Այդ ժամանակները բուռն էին, հարափոփոխ, իսկ նա գտնվում էր գրական-գեղարվեստական կյանքի բուն ոլորտի մեջ։

Բարեբախտաբար, հետագա ժամանակները բազմիցս հաստատեցին գիտնականի կռահումների ճշմարտացիությունը։ Խոսքը վերաբերում էր Խաչատուր Աբովյանի Աղասու կերպարի մեկնությանը թե՛ «Սովետական գրականություն» ամսագրի (որի խմբագիրն էր նա) պրոֆիլին ու բովանդակությանը, Վահրամ Փափազյանի Օթելլոյի դերակատարմանը, թե՛ սկսնակ Պարույր Սեւակի գրական մուտքի հովանավորությանը, նա միշտ հանդիպում էր առանձին դիմադրության, հակամետ կարծիքների եւ, այնուամենայնիվ, Ռուբեն Զարյանը չէր ընկրկում, չէր հանձնում իր սկզբունքների պաշտպանության դիրքերը։ Իսկ դա դյուրին բան չէ։ Զարմանալի է, այո, բայց եղել են օրեր, երբ նրա (նաեւ ուրիշների) գեղագիտական ճաշակն ու մոտեցումն այպանվում էր, եւ նա պիտի մարսեր «էսթետացող քննադատ» հոռի անվանարկումը, քանի որ ժամանակին բարձր արվեստի պահանջը մղված էր հետին, աննշան պլան։ Նման դեպքերում սկզբունքի պաշտպանությունը ոչ միայն գիտական, այլեւ քաղաքացիական սխրանքի նշանակություն է ստանում։

Նա եղավ քչերից մեկը, որ իր մուտքից հետո անմիջապես արժանացավ ժամանակի հոչակավոր գրողների ու գիտնականների ուշադրությանը եւ սպասելիքներին, Շիրվանզադեի, Իսահակյանի, Դեմիրճյանի, Չարենցի, Զորյանի, ինչպես նաեւ Աբեղյանի, Աճառյանի, Լեւոնյանի, Խորեն Սարգսյանի ջերմ վերաբերմունքին։ Երիտասարդներս մեր հերթին հափշտակությամբ էինք սպասում նրա հոդվածներին, նրա խմբագրած ամսագրի համարներին, հրատարակած գրքերին։ Ոչ ոք չի կարող մոռանալ, թե ինչպիսի հմտությամբ ու սիրով է նա փայփայել գրական նոր անունների հայտնությունը, դառնալով շատերի, ինչպես Չարենցը կասեր, չիչերոնեն՝ ուղեցույցը։ Գ. Էմինի, Վ. Խեչումյանի, Պ. Սեւակի եւ դարձյալ մի քանի տաղանդավոր գրողների առաջնեկությունը հաստատվել է նրա «կնքահայրությամբ»։ Դա առտնին ու աոօրյա գործ չէ. հատիկի մեջ կանխորոշել ապագա հասկը, կաթիլի մեջ կանխատեսել նրա գալիք զանգվածը։

Ով նրան ճանաչում է, գիտե, թե ինչպիսի հարգալից լռությամբ է ունկնդրում մարդուն, կարծես հետեւում է զրուցակցի ոչ միայն մտքին, այլեւ զրուցելու կերպին, հետեւում է նրա ոչ միայն շարժումներին, այլեւ պահի հոգեբանական անտեսանելի ակունքին, ուսումնասիրում է նրան։ Եվ զարմանալի չէ, որ նրա հուշագրությունների մեջ ընթերցողը ոչ միայն հասու է դառնում փաստին, այլեւ տեսնում, շոշափում է «հերոսի» անձը, նրա տեսքը, մարդկային ինքնատիպությունը, բնորոշ խոսքն ու ձեւը, նրա կենցաղային մանրամասները։ Զարյանը թափանցում եւ ընկալում է գրքի ոչ միայն մտավոր-հուզական էությունը, այլեւ տողերի, նախադասությունների խորքից երեւացող հեղինակի հոգին, նրա դեմքը։ Դա չափազանց կարեւոր է առանձնապես պոեզիայի ընթերցողի, պոեզիայով ապրող գրականագետի համար։

Բնավորության «տերյանական» կեղեւի տակ նրա սիրտը լի է կյանքի կարոտով, զվարթության երգերով, սիրո եւ լավատեսության հյութերով։ Նրա մանկության եւ պատանեկության օրերը անցել են կովկասյան այնպիսի կենսալից, պայծառ քաղաքներում, ինչպես Գյումրին է եւ Թիֆլիսը։ Միջավայրը չէր կարող դրոշմ չդնել կյանքի վրա։ Ես մի շարք առիթներ եմ ունեցել համատեղ ուղեւորության մեջ տեսնել Ռուբենին՝ ուրախ ժամանցի պահերին։ Շատ ջահելներ ձանձրացել, հոգնել ու թոշնել են այդ պահերին, իսկ նա մնացել է անձանձիր, արթուն, ուրախ՝ մինչեւ լուսաբաց։

Նրա ամեն մի աշխատանքի եւ աշխատության նշանագրության տակ հարկ է պատկերացնել հոգու եւ մտքի լարման, ստեղծագործական որոնման, հույզի, սրտի, արյան բաբախը, ներշնչանքի այն հուրը, որ բխում է, արծարծվում միայն ճշմարիտ ու տաղանդավոր մարդկանց հոգեւոր քուրայում։ Ուսուցիչ, քննադատ, գրականագետ, արվեստաբան, հուշագիր լինելով հանդերձ, նա տարիներ շարունակ եղել է մտավոր օջախների ղեկավար՝ ճոխացնելով իր հասարակական գործունեությունը։ Եվ որտեղ եւ ինչ եղել է նա՝ հրատարակիչ թե խմբագիր, դիրեկտոր թե գիտական խորհրդի մասնակից, կարեւոր հանձնաժողովի անդամ թե նախագահ, նախաձեռնության կազմակերպիչ թե կատարող, ամենուր նա չի խնայել իր ներշնչանքի ու եռանդի այդ հուրը, ամեն անգամ նա երեւացել է գրականության, արվեստի, գիտության բագիններին նվիրված անկաշառ ու անբասիր կրքով, անսպառ խանդավառությամբ, մարդու գեղեցիկ կոչման մշտական զգացողությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել