Կապանի քաղաքապետը ներկայացրեց ձեռքբերումներն ու բացթողումները
2008թ. հոկտեմբերի 12-ին Արտուր Աթայանը ընտրվեց Կապանի քաղաքապետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով պաշտոնավարման երկու տարիները, ձեռքբերումներն ու բացթողումները, Արտուր Աթայանը ամենամեծ նվաճում համարեց քաղաքում համերաշխության մթնոլորտ ապահովելը: «Ես կարողացա Կապանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ կուսակցություների միջեւ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ նրանց ուժը, գործունեությունը ուղղվեն դեպի քաղաքի զարգացմանը»,- նկատեց Արտուր Աթայանը: Հաջորդ գլխավոր ձեռքբերումը՝ համայնքի նախադպրոցական հաստատությունների ջեռուցման խնդրի կարգավորումն է: Գրեթե բոլոր մանկապարտեզներում փայտի վառարանները փոխարինվել են գազով ջեռուցման համակարգերով: Քաղաքապետը ձեռքբերում է որակում այն, որ 2008 թ. համեմատությամբ տեղական բյուջեն ավելացել է 270 տոկոսով: Այս ցուցանիշով 2 տարի անընդմեջ Կապանը հանրապետությունում առաջինն է: Բյուջեն ավելացել է չգրանցված օբյեկտները հարկային դաշտ բերելու շնորհիվ:
Բացթողումների մասին: Ծրագրված էր այս տարի բարեկարգել մարզկենտրոնի շենքերի մուտքերը, նորոգել եւ կարգի բերել դրանք, նախապատրաստական աշխատանքներ արվել էին, բայց հիմնական աշխատանքները հետաձգվեցին: Նախատեսվում է անել հնարավորինս՝ այդ աշխատանքները դեկտեմբերից սկսելու եւ մինչեւ գարուն ավարտելու համար: Կապանի քաղաքապետը նշեց, որ թեեւ ծրագրած գործերից ոչ բոլորն է կարողացել իրականացնել, բայց իրեն չաշխատելու մեջ ոչ ոք չի կարող մեղադրել: Նաեւ խոստացավ, որ շարունակելու է միշտ իր խոստմանը տեր մնալ, եւ կապանցիները չպետք է կասկածեն, որ իրենց քաղաքապետն ամեն ինչ անելու է Կապանի զարգացման համար, քաղաքը բարեկեցիկ դարձնելու համար:
Ապագայի մասին: Արտուր Աթայանը առաջնային է համարում Կապանի օդանավակայանի գործարկումը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր կազմակերպությունների հետ: Մասնավորաբար, ռուսական Ուֆա քաղաքի ավիաընկերություններից մեկը ունի փոքր ուղեւորատար՝ 12-16 տեղանոց ինքնաթիռներ: Ընկերությունը պատրաստ է Կապան-Երեւան-Կապան չվերթներ իրականացնել: Տեխնիկական որոշ խնդիրների կարգավորումից հետո, ըստ քաղաքապետի, 2011թ.-ին կիրականացվեն կանոնավոր չվերթներ:
Լրատվամիջոցների հետ համագործակցության մասին խոսելիս քաղաքապետ Արտուր Աթայանն ասաց, որ սկզբնական շրջանում այդ համագործակցությունը բարդ էր. «Փորձել եմ թափանցիկ աշխատել, ես ասել եմ, որ լրագրողները մուտք ունեն ամեն տեղ, չկա այնպիսի ինֆորմացիա, որ հասանելի չլինի ձեզ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ճիշտ լուսաբանեցիք եւ ամեն ինչ արեցիք, որպեսզի քաղաքապետը ճիշտ աշխատի եւ լինի բավականին զգոն»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, պարոն Աթայանը պատասխանեց. «Նախ նայում եմ, թե ով է քննադատողը: Եթե, օրինակ, մարդը դատվել է հասարակական ունեցվածքի հափշտակման համար եւ քննադատական հոդված է գրում՝ ես սա չեմ ընդունում: Բայց ընդհանուր առմամբ ընդունում եմ քննադատությունը եւ փորձում եմ ինձ համար կարեւորը կորզել, քննադատությանը դեմ չեմ, այն օգնում է ինձ զգոն լինել»: