Կառավարության որոշումը ֆինանսական հիմք չունի եւ մի շարք մարզեր չի էլ հասել
Այս տարվա օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Մաքուր հայրենիք» անունով մի ծրագիր: Նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ծրագրի՝ իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձեւի եւ ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Այս մասին պաշտոնապես հաղորդվեց եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց. «Ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։ Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երեւանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ: Դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը՝ կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի»: Այս ազգանվեր ձեռնարկից անցել է մոտ երկու ամիս՝ երեք անգամ 20 օր: Կառավարությունը այդպես էլ չասաց, թե որ նախարարությունը, պետական որ կառույցը «Մաքուր հայրենիքի» վերաբերյալ ինչ առաջարկ արեց: Ավելին՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծին, որում «Մաքուր հայրենիքի» համար առանձին միջոցներ նախատեսված չեն: Ինչպես ամեն տարի, եկող տարի էլ ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել անտառպահպանական ծառայություններ՝ 708 միլիոն, ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում՝ 5 միլիարդ, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում՝ 3 միլիարդ, մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում եւ շահագործում՝ 760 միլիոն, փողոցների լուսավորում՝ 1,6 միլիարդ, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 12 միլիարդ եւ այլն: Սրանք, սակայն, արվում են ամեն տարի եւ արդյունքը, ըստ վարչապետի՝ անտանելի է: Սրանով հանդերձ ինչու «Մաքուր հայրենիքի» համար գումարներ չեն նախատեսվել, պարզ չէ: Եթե հարցը անարդյունավետ կառավարումն է կամ օրենքի ոչ ճիշտ կիրառումը, ապա կարիք չկար ծրագիր ընդունել, հարկ էր «Կապենք ամրագոտիները» վարչապետական ակցիայի օրինակով հիշել օրենքը եւ կիրառել այն:
Ամեն դեպքում, «Մաքուր հայրենիքը» ընդունված է, սակայն ոչ բոլոր մարզերն են դրանով հետաքրքրված ու շահագրգիռ: Օրինակ, մեր հարցմանն ի պատասխան, պարզեցինք, որ Լոռիում, Սյունիքում, Արագածոտնում ծրագրից տեղյակ չեն:
Մի կողմ թողնելով հարցերը, թե ինչո՞ւ կառավարության որոշումը տեղ չի հասնում կամ չի իրականացվում, «Մաքուր հայրենիքը» տեղ չհասած կամ չիրականացված ո՞րերորդ որոշումն է, ներկայացնենք, թե ինչ է արվելու «Մաքուր հայրենիք» ծրագրով:
Տավուշ
Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանն ասաց, որ «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում Աղստեւ գետի աղտոտվածության դեմ ակցիա կկազմակերպվի՝ բնապահպան ակտիվիստներն Իջեւան քաղաքում գետափի երկայնքով կենդանի շղթա կկազմեն: Բնապահպան կամավորները նաեւ Իջեւանի առավել աղտոտված հատվածներից, օրինակ՝ նախկին փայտամշակման կոմբինատի շրջակայքից կմաքրեն, կհեռացնեն աղբակույտերը: Մարտիրոսյանի խոսքերով՝ աշխատանքները կարվեն կամավորական հիմունքներով, այդ նպատակով գումարներ չեն հատկացվել:
Գեղարքունիք
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի, Երեւան-Սեւան-Ճամբարակ, Երեւան-Գավառ-Մարտունի-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին եւ համայնքների վարչական սահմաններում առկա աղբակույտերի հայտնաբերման, վերացման եւ դրանք աղբաթափման վայրեր տեղափոխելու աշխատանքները գտնվում են մարզպետարանի ամենօրյա հսկողության ներքո եւ կրում են պարբերական բնույթ: Մարզում կազմակերպվում են համաքաղաքային եւ միջմարզային շաբաթօրյակներ՝ աշխատանքներին ներգրավելով հիմնարկ-ձեռնարկություններին, կրթօջախներին, հասարակական կազմակերպություններին եւ բնակչությանը: Բացի սրանից, «Սեւանա լճի ափերին գործող հանգստյան գոտիներին եւ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին մարզպետարանը հանձնարարել է մաքուր պահել իրենց շրջապատը, պատասխանատվություն կրել սանիտարական մաքրման համար եւ համապատասխան տարածքներում գործող կազմակերպությունների հետ աղբաթափման վերաբերյալ կնքել պայմանագրեր՝ կուտակված աղբը ըստ ժամանակացույցի եւ միասնական կարգով տեղափոխելու ուղղությամբ: Մարզպետարանի անմիջական մասնակցությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ մարզի մի շարք համայնքներում աղբավայրեր հիմնելու վերաբերյալ»: «Մաքուր հայրենիքը», ինչպես երեւում է, այստեղ կապ չունի:
Արմավիր
«Մաքուր հայրենիքը» կյանքի կոչելու համար Արմավիրի մարզպետարանում նույնիսկ հանձնաժողով է ձեւավորվել՝ փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը շրջայցեր է կատարում մարզի տարածքում՝ ստուգելու հատկապես ճանապարհաեզրերի սանիտարական վիճակը: «Եթե կուտակված աղբ է լինում՝ արագ վերացնել ենք տալիս: Անհապաղ մաքրել ենք տալիս նաեւ ոչ օրինական աղբավայրերը»,- ասաց Արայիկ Աղաբաբյանը:
Տվյալ պահին կուտակված աղբից ազատվելով, սակայն, աղբահանության խնդիրը չի լուծվում: Եթե աղբահավաք մեքենա չունենալու պատճառով գյուղական շատ համայնքներում աղբահանությունը կատարվում է ամիսը երկու կամ երեք անգամ, պարզ չէ՞, որ կուտակումներն անխուսափելի են լինելու, բնակիչն աղբից ազատվելու համար իր քթից հեռու՝ համայնքի մի լքված թաղում կամ ճանապարհաեզրին է աղբ թափելու: Այնպես որ, եթե հանձնաժողովի տեսադաշտից աղբը վերացվում էլ է, դա դեռ երաշխիք չէ, որ այն մի քանի ժամ կամ մի քանի օր հետո կրկին աղբատեղի չի դառնա: Ճիշտ այնպես՝ ինչպես Ծաղկունք գյուղի հարեւանությամբ հոսող Քասախ գետի շրջակայքը: Անհիշելի ժամանակներից այս վայրը ոչ օրինական աղբանոց է: Նույնիսկ եթե գետի հունի մաքրման աշխատանքներ էլ էին արվում, ափամերձ աղբանոցն էլի մնում էր: «Թեեւ աղբավայրը կպած է Ծաղկունքին, բայց դա Ծիածանի վարչական տարածքում է գտնվում: Բավականին աշխատանք արդեն արել ենք այդ հատվածը աղբաթափելու համար, հիմնականում արդեն մաքրված է»,- «Առավոտին» ասաց փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը: Սակայն մաքրվածի ու չմաքրվածի տարբերությունն այնքան էլ մեծ չէր. Քասախ գետի շրջակայքը նորից լցվել էր աղբով:
Դրությունն առավել անմխիթար է «աչքից հեռու» գյուղական համայնքներում, որոնցից շատերն իրենք իրենցով մեծ աղբավայր են հիշեցնում: Նման դեպքերում համայնքապետերն իրենց արդարացումն ունեն՝ բյուջեի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս ավելի հաճախ աղբատար մեքենա վարձակալել: «Լավ չէ՞ր լինի, որ էդ ծրագրով մի երկու մեքենա տային դրա կարիքն ունեցող համայնքներին: Ասենք, հանձնաժողովի աչքին թոզ փչելու համար հիմա էդ զիբիլը մի կերպ մաքրեցի-տարա, բայց հո էդքանով խնդիրը չլուծվե՞ց: Վաղը նույն վիճակն ա լինելու: Հո ես ամեն օր չե՞մ կարա մեքենա վարձեմ: Մաքուր հայրենիք են ուզում, թող գոնե հնարավորություն տան մատչելի գնով մեքենա ձեռք բերենք»,- ասաց անձը չբացահայտելու պայմանով «Առավոտի» հետ զրուցող գյուղական համայնքներից մեկի ղեկավարը ու հիմնավորեց իր պահվածքը՝ «հավես չունեմ՝ դրանց քցեմ հետեւիցս»:
Հ. Գ. Այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Մաքուր հայրենիք» ծրագրով ծառատունկ է լինելու, որին մասնակցելու է լոռեցի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միգուցե վարչապետի անձնական օրինակը վարակիչ դառնա ու ծրագրից անտեղյակ մարզերը տեղից շարժվե՞ն: