Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեյտենանտը դատապարտվեց

Հոկտեմբեր 13,2010 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Նվեր Ռաֆիկի Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Առավոտն» անդրադարձել է դատաքննության ընթացքին:

Այս տարվա մարտի 27-ին Ն. Զախարյանը ԴՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սամսոն Պողոսյանի համար ապօրինի ձեռք է բերել, պահել եւ ծառայության վայր փոխադրել զգալի չափի՝ 0.638 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որով, ըստ մեղադրական եզրակացության, «էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի իրավունքներին, ինչպես նաեւ՝ հասարակության եւ պետության օրինական շահերին»:

Առաջադրված մեղադրանքում Նվեր Զախարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատաքննության ժամանակ Զախարյանն ասաց. «Մարտի 27-ի առավոտյան, ծառայության վայր մեկնելու նպատակով, մեքենան ավտոտնակից հանելիս գտել է փաթեթ, որի մեջ հայտնաբերել է թմրամիջոց, ինչում համոզվել է դրա բնորոշ հոտից: Սկզբում ցանկացել է փաթեթը դեն նետել, սակայն մտափոխվելով՝ պահել է ավտոմեքենայում՝ երիկամների սուր ցավերի ժամանակ օգտագործելու նպատակով: Իջել է ավտոմեքենայից եւ նկատել մոտեցող օպերատիվ բաժնի աշխատակիցներին, թմրամիջոցով փաթեթը թաքցրել է համազգեստի ձախ թեւքում: Թմրանյութը ափի մեջ չի պահել, դրել է թեւքի մեջ, որովհետեւ ափի մեջ պահելիս այն կնկատվեր եւ կասկածի տեղիք կտար: Վերջիններիս պահանջով գնացել է քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ: Այնտեղ թաքցրած տեղից հանել է գտած փաթեթը՝ ասելով, որ դրանում թմրամիջոց է, որը նախատեսել է գործածել անձամբ: Հայտարարել է նաեւ, որ թմրամիջոց է գործածել 6 ամիս առաջ»: Որքան էլ տարօրինակ է, ՔԿՀ պետի առանձնասենյակում գաղտնի տեսաձայնագրառում է տեղի ունեցել սեփական աշխատակիցների նկատմամբ:

Տեսագրվել է 12 րոպե 18 վայրկյան տեւողությամբ նյութ, որում պատկերված է Նվեր Զախարյանը՝ ծառայողական համազգեստով, աշխատասենյակում, սեղանի առջեւ նստած:

Այս ձայնագրությունը դրվել է ապացույցների մեջ: Պատասխանելով զրուցակցի հարցերին՝ Ն. Զախարյանն ասում է. «Հորս գերեզման, թե ես կոպեկ փող ունեմ դրա մեջ, մի պոչկես վարի ա, զաթի սաղ վախտ դեղերի…, չէ դե առողջականս… պոչկես վարի ա… սպորտից էլ էդ մնաց… Սամսոնը կուրսի չի, որ իրան մարդ ա բարեւելու, բան ասի, ես էս ձեւ բաների մեջ չկամ»:

Պաշտպանական կողմը դիմեց դատարանին, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակում կատարված տեսաձայնագրառումը ճանաչվի անթույլատրելի ապացույց, քանի որ հայտնի չէ դրա ձեռքբերման աղբյուրը: Սակայն դատարանը գնահատեց հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Տ. Ալեքսանյանի կողմից Ն. Զախարյանի հետ անցկացված զրույցի արժանահավատությունը (Տեսաձայնագրառվել է «Compaq» նոթբուկ համակարգչի եւ «Genius islim 310» վեբ կայքի միջոցով: Տեսաձայնագրությունը 29.03.2010թ. թիվ 40/31-3-733 գրությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնակատար Մ. Մաթեւոսյանին- Ռ. Մ.):

Նվեր Զախարյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել