Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԱՇԽԱ ՏԱԿՑՈՒՀՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Մելինե Մարգարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսի 21-ին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Գայանե Կարախանյան) այս տարվա սեպտեմբերի 11-ին ընտրվել է երկամսյա կալանք: 2008թ. դեկտեմբերի 30-ից «Տաշիր» ոսկու շուկայի տոնավաճառ տեղափոխված Մ. Մարգարյանը մեղադրվում է խարդախության մեջ:

Մարգարյանն ունի 2 որդի, որոնցից մեկը ծառայում է բանակում: Չնայած վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ նա խնամքին որեւէ մեկը չունի:

Մ. Մարգարյանը չի ընդունում իրեն մեղսագրվածը, այն, որ զարդեր եւ գումար է վերցրել ոսկու շուկայի աշխատակիցներ Նելլի Գեւորգյանից, Գոհարիկ Մկրտչյանից, Լիլիթ Ավետիսյանից, Վահագն Միքայելյանից, Պարգեւ Նազարյանից, Իրինա Բաբաջանյանից, Լուսինե Մանուչարյանից:

Ըստ Երեւանի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի, միայն Նելլի Գեւորգյանից վերցրած գումարի չափը կազմում է 3.444.000 դրամին համարժեք ԱՄՆ դոլար եւ 680 000 ՀՀ դրամին համարժեք 39 գրամ 750 հարգի 4 ոսկե թեւնոց…

Մ. Մարգարյանն ասում է, որ իրեն պարտք են մեծ գումարներ: Նա իրեն տրված պարտավորագրերը փոխանցել է ինչպես հատուկ քննչական ծառայությանը, այնպես էլ «Առավոտին»: Սակայն պարտավորագրերը հաշվի չեն առնվել: Մեր տրամադրության տակ գտնվող Ք.Ի.-ի պարտավորագրի համաձայն, Ք.Ի.-ն պարտավորվել է մինչեւ այս տարվա ապրիլի 17-ը Մ. Մարգարյանից վերցրած 66 000 դոլարին համարժեք դրամից նրան վերադարձնել 20 000 դոլարին համարժեք դրամը: Պարտավորագրի ստորագրության տակ առկա է երկու վկաների ստորագրություն:

Մեկ այլ պարտավորագրով էլ, որը տվել է Ա. Ս.-ն, պարտավորվել է, որ Մելինեից վերցրած 7500 դոլարը մարել մաս-մաս: Մեկ այլ քաղաքացի էլ՝ Ռ. Մ.-ն պարտավորվել էր դարձյալ այս տարվա ապրիլին վերադարձնել 23 000 դոլարին համարժեք դրամը: Ռ. Թ.-ն կալանավորված Մ. Մարգարյանից վերցրել է, ըստ իր ձեռքով կազմված ստացականի, 35 000 դոլարին համարժեք դրամը…ու չի վերադարձրել:

Մ. Մարգարյանն ասում է, որ եթե այդ գումարները վերադարձվեն, ինքը հնարավորություն կունենա շրջանառության մեջ դրված գումարները մարել:

Որ Մարգարյանին շատերն են պարտք, երեւում է նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Սարգսյանի բնակարանից փաստաթղթերի առգրավման արձանագրությունից, որը կազմվել է այս տարվա մայիսի 4-ին:

Մարգարյանի բնակարանից ոստիկանությունը առգրավել է 4 հատ ստացական, Ք.Ի.-ի անձնագիրը, տնային գիրքը, որը պարտքատերը տվել է Մարգարյանին՝ պարտքի դիմաց:

Մելինե Մարգարյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ հատուկ քննչական ծառայության պետին: Նա խնդրում է «սահմանել օբյեկտիվ վերահսկողություն քննչական մարմինների գործողությունների նկատմամբ», խնդրում է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն վերադարձնելու իր պարտքերը: Մ. Մարգարյանն ասում է. «Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ իմ նկատմամբ՝ մինչ դատավճռի կայացումը ինձ ազատության մեջ թողնելու ուղղությամբ, քանի որ գտնվելով ազատության մեջ, ես կկարողանամ աշխատել եւ վերադարձնել իմ պարտքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել