Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ չեք աշխատում

Հոկտեմբեր 13,2010 00:00

Գյուղապետերին հորդորեցին «պոպուլիզմով ու  կլյաուզաներով» չզբաղվել

Երեկ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Այս անգամ թե՛ մարզպետ Գիզիրյանը, թե՛ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նիստին ներկա չէին. մարզպետն անսպասելի հանդիպում ուներ, քաղաքապետն էլ հարկ էր համարել ուղարկել իր աշխատակազմի ղեկավարին: Քանի որ օրակարգի հարցերի մեծ մասը զեկուցելու էր ֆինանսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը, փոխմարզպետը կատակեց. «Այսօր Մամիկոնյանի բենեֆիսն է»: Ֆինանսական վարչության պետը թեեւ իր զեկույցներով ներկաներին «թվախեղդ» արեց, այդուհանդերձ պարզ դարձավ, թե որոնք են այս անգամ մարզպետարանի «սեւ ցուցակում» հայտնված գյուղապետերը: Պաշտոնյան խոսեց վերջին 9 ամիսների ընթացքում սեփական եկամուտների կատարման արդյունքներից, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներից, նախորդ տարիների կուտակած աշխատավարձերի պարտքերից եւ այլն: Նախատեսված ցուցանիշը կատարվել է 72,8%-ով, եւ մարզի 19 համայնք՝ Կրաշենը, Կարմրաքարը, Բենիամինը, Հովունին, Գոտափը, Ողջին, Ղազանչին, Սիզավետը եւ այլն, անգամ 50%-ով չեն ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը: Այս փաստը բավականին վրդովեցրեց թե՛ ֆինանսական վարչության պետին եւ թե՛ փոխմարզպետին, որը գյուղապետերից պահանջեց բացատրություն տալ իրենց անգործության համար: «Ի՞նչ է նշանակում սեփական եկամուտների հավաքագրումը կատարել 18,11, կամ 27%-ով, ասեք՝ չենք ուզում աշխատել, երեւի առաջիկայում նորից ընտրվելու ցանկություն ունեք, պոպուլիզմո՞վ եք զբաղված, հավատացնում եմ՝ հակառակ էֆեկտն է տալու, դուք ինքներդ ձեր աշխատանքը վարկաբեկում եք»,-ասաց փոխմարզպետը՝ մարզպետ Գիզիրյանի անունից հայտարարելով, որ առաջիկայում գյուղապետերի խորհրդակցություն են հրավիրելու ու յուրաքանչյուրի աշխատանքին առանձին գնահատական են տալու: Ֆինանսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանի գլխում էլ չէր տեղավորվում այն, թե ինչպես կարող է նույն կատեգորիան, նույն հողն ունեցող 2 հարեւան համայնքներից մեկը բարձր ցուցանիշ ապահովել, մյուսը՝ ոչ: «Օրինակ՝ Կրաշենը 4, 1%-ով է կատարել, իսկ հարեւան Մեծ Սարիարը՝ 84,9, Կարմրաքարը կատարել է 1,5%-ով, իսկ Լեռնուտը՝ 107,1%-ով, Հովունին կատարել է 18,2, իսկ հարեւան Մայիսյանը՝ 50%-ով: Բավական է, ամբողջ օրը կարկուտ ենք լսում, կարկուտը տարավ, տարավ»,- վրդովվեց ֆինանսական վարչության պետը: Ի դեպ, նա նրբորեն դիտողություն արեց նաեւ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ սեփական եկամուտների հավաքագրումը 100%-ով չապահովելու համար: «Եթե Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարեր ոչ թե 70,2%-ով, այլ՝ 100, ապա մեր մարզը հանրապետական մակարդակով 88,2%-ով կապահովեր սեփական եկամուտների հավաքագրումը, եւ կլիներ երկրորդ տեղում»,- ասաց մարզպետարանի ֆինանսական վարչության պետը: Այնուհետեւ ոտքի կանգնեցրին այն համայնքապետերին, որոնք չեն կարողացել մարել նախորդ գյուղապետերից ժառանգած աշխատավարձերի պարտքերը: Գյուղապետերին նաեւ նկատողություն արեցին՝ գյուղապետարանների դռները փակ պահելու համար: «Օրվա երկրորդ կեսին ընդհանրապես շունչ չկա գրասենյակում»,- նկատեց փոխմարզպետը: Վերջում Ս. Պետրոսյանը մի հետաքրքիր խնդրանք եւս ներկայացրեց գյուղապետերին: Նա հորդորեց ուշադիր լինել ու մարզպետարան հղվող մտացածին դիմում-բողոքների դեմն առնել: «Խոսքը կլյաուզաների մասի՞ն է»,- հետաքրքրվեց գյուղապետերից մեկը: «Ճիշտ այդպես, այսօր մարզում կարծես մի իրավիճակ է ստեղծվել, որ մարդուն աշխատանքից ազատելու համար պատվիրված նամակներ են հղում, ուշադիր եղեք եւ փորձեք դեմն առնել, որովհետեւ այդպիսի նամակներով մարդկանց միանշանակ չենք ազատելու»,- նախազգուշացրեց փոխմարզպետը: Ի դեպ, այս մարզխորհրդի նիստի ժամանակ Ախուրյանի ու Առափիի գյուղապետերը հարց բարձրացրին, թե ինչո՞ւ են ուզում հանրապետական բյուջեն հաստատելիս կրճատել գյուղերին հատկացվող դոտացիան: «Առանց էդ էլ համայնքը հազիվ շնչում է»,- դժգոհեց Առափիի գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել