Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՄԻՐԱԹՆԵՐԸ ԴԵՌ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"Այս երկրի համար չամուսնացած հայ աղջիկները «պոտենցիալ մարմնավաճառներ» են դիտվում

Ամեն տարի բազմաթիվ գործազուրկ հայ կանայք եւ աղջիկներ մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) եւ Թուրքիա՝ աշխատանք փնտրելու նպատակով: Նրանց հատկապես հրապուրում են միջնորդի առաջարկած բարձր աշխատավարձով աշխատանքները: Որպես մոդել, պարուհի, մատուցող կամ երեխաների դայակ աշխատելու խոստումներով գայթակղված, կանայք այդ երկրներ հասնելուն պես նոր միայն հասկանում են, որ թրաֆիքինգի զոհ են դարձել: Նրանցից խլում են փաստաթղթերը, պահում փակի տակ ու դաժան ծեծի ենթարկելով՝ ստիպում հարկադրաբար սեռական ծառայություններ մատուցել:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում չեխական «People in need» ծրագրի ղեկավարների նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ «Երեխաների եւ առհասարակ մարդկանց թրաֆիքինգը եւ շահագործումը Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը ներկա ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանի ներկայացմամբ, ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել ու մշակել մարդկանց առեւտրի դեմ պայքարի, զոհերի աջակցման մեխանիզմները, ընդլայնել իրազեկման դաշտը: Մեր երկիրը թրաֆիքինգի դեմ սկսել է պայքարել 2002 թվականից եւ, ինչպես տիկին Աղաջանյանն է վստահեցնում, մինչ օրս բավականին հաջող արդյունքներ են արձանագրվել: Սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր էլ, ինչպես 4-5 տարի առաջ, Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները արգելում են Հայաստանից իրենց երկիր մուտք գործել մինչեւ 30 տարեկան չամուսնացած կանանց, ապա կարելի է ասել, որ տարվող պայքարի արդյունքներն այնքան էլ լավատեսական չեն: Այսինքն՝ այսօր էլ ԱՄԷ-ն ցանկացած չամուսնացած հայ կնոջ պոտենցիալ մարմնավաճառ է դիտում: Տարիներ առաջ անգամ մի տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ մեր երկրի պետական գերատեսչության կին պաշտոնյաներից մեկի մուտքն արգելել էին Արաբական Միացյալ Էմիրություններ, վկայակոչելով իրենց իշխանությունների՝ ՀՀ-ի եւ մի քանի այլ երկրների համար սահմանած արգելքը: Ինչպես շատ երկրներ, Էմիրաթները նույնպես Հայաստանին ընդգրկել են «մարմնավաճառներ արտահանող» երկրների ցանկում:

Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ, ցավոք, այս առումով որեւէ փոփոխություն չկա եւ Էմիրությունների իշխանությունները մեր երկրի նկատմամբ արգելքը վերանայելու միտք անգամ չունեն: Նա նույնպես հաստատեց, որ թրաֆիքինգի ենթարկված Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տուժում է հենց Արաբական Էմիրություններում, այլ ոչ թե Թուրքիայում: ԱՄԷ-ում տարածված է հիմնականում սեռական շահագործումը: Թրաֆիքինգի զոհերին հայրենիք վերադարձնելու համար մեր երկրի իշխանությունները եւ այս գործում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները համագործակցում են տվյալ երկրներում գործող ՀՀ դեսպանատների, հյուպատոսությունների եւ եկեղեցու հետ: Եվ քանի որ այդ անձինք որպես կանոն առանց փաստաթղթերի են լինում, նրանց համար վերոնշյալ հաստատությունները ձեւակերպում են վերադարձի վկայականներ: Հայրենիք վերադառնալուց հետո թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Թրաֆիքինգի զարգացումը այս կամ այն երկրում պայմանավորված է տվյալ երկրի տնտեսական վատ վիճակով: Սակայն, ինչպես տիկին Աղաջանյանը նշեց, կայուն եւ զարգացող տնտեսություն ունենալու պարագայում էլ մեկ այլ մտավախություն կա. երկրի տնտեսական բարելավմանը զուգահեռ, երկիրը ծագման երկրից սկսում է աստիճանաբար դառնալ ընդունող երկիր. «Երբ մարդիկ արդեն ներսում աշխատանքային գործունեություն իրականացնելու ավելի լայն հնարավորություն ունեն, նրանք արդեն ավելի պակաս են դիմում արտերկրում աշխատանք փնտրելուն, հետեւաբար երկիրը ծագման երկրից դառնում է ընդունող երկիր»,-պարզաբանեց Ձ. Աղաջանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում էլ աստիճանաբար սկսում է տարածում ունենալ ներքին թրաֆիքինգը:

Միջոցառման կազմակերպիչների տվյալներով, այսօրվա դրությամբ թրաֆիքինգի զոհերի թիվը մեր երկրում տարեկան 40-50 հոգուց ոչ ավելի է:

Զոհերի մեջ կան ե՛ւ աշխատանքային շահագործման ենթարկվածներ ու մուրացկանությամբ զբաղված, ե՛ւ այլ ծառայություններ իրականացրած մարդիկ: Սակայն նրանց մեջ մեծ մասը սեռական շահագործման ենթարկվածներ են:

Ծրագրի համակարգող Տաթեւ Բեժանյանի ներկայացմամբ էլ, այսօր մեծ աշխատանքներ են տարվում նաեւ զոհերի հայտնաբերման եւ մարդկանց իրազեկվածությունն այս երեւույթի մասին բարձրացնելու ուղղությամբ: Սակայն թրաֆիքինգի ենթարկված անձանց մի մասը, աջակցություն ստանալու փոխարեն, գերադասում է գաղտնի մնալ, քանի որ մեր հասարակությունը հանդուրժող չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել