Անդրկովկասյան երեք պետություններում էլ բյուջետային քննարկումներ են ընթանում: News.am-ի փոխանցմամբ, 2011-ի համար ամենախոշոր բյուջեն ներկայացրել է Ադրբեջանը՝ $15 միլիարդ եկամուտով եւ $15, 8 միլիարդ ծախսով: Նախորդ տարվա համեմատությամբ մոտ 10%-ով ավելացվել են պաշտպանական ծախսերը, միայն ռազմական ծախսերը կազմում են $1,6 միլիարդ, ռազմական հատկացումների ծավալը գերազանցում է $2,3 միլիարդը: Վրաստանի 2011 թվականի բյուջեի նախագիծը մոտ $3,8 միլիարդ է:
Ի դեպ, Վրաստանն Անդրկովկասում միակ պետությունն է, որ հաջորդ տարի նախատեսել է ռազմական ծախսերի նվազում՝ 2011 թվականի համար նախատեսելով $366 միլիոն, ինչը $50 միլիոնով քիչ է, քան այս տարի: Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեն, հիշեցնենք, ծրագրավորվել է $2,35 միլիարդ եկամուտների եւ $ 2,75 միլիարդ ծախսերի մակարդակով: Ռազմական հատկացումները նախատեսված են $387 միլիոնի սահմաններում, ինչը $14 միլիոնով գերազանցում է 2010-ի մակարդակը: