Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ

Հոկտեմբեր 13,2010 00:00

ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են՝ միայն այսկերպ առաջնորդվելու դեպքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը» թղթին չի մնա:

\"\" \"\"
Գարեգին Չուգասզյանը եւ Կարեն Վարդանյանը:

«Անընդհատ հայտարարում ենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության զարգացման գերակա ճյուղ են եւ այլն, բայց այդ բառակապակցությունը մենք արդեն չարաշահել ու արժեզրկել ենք, որովհետեւ այն արագությունը, տեմպերը, որով այսօր IT ոլորտը զարգանում է, բավարար չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը: Հայտնի է, որ Հայաստանի կառավարությունը 2008 թվականին հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը», որի իրականացման համակարգումը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Հայեցակարգի դրույթները պետք է ի կատար ածվեր հստակ ծրագրերով եւ ժամկետներում՝ մինչեւ 2018 թվականը: Գ. Չուգասզյանի մեկնաբանմամբ, հայեցակարգը մշակելիս նախ հարեւան երկրների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, նաեւ Ռուսաստանի, Հորդանանի փորձը պետք էր վերցնել, երկրներ, որոնք մենթալիտետով հայերիս ավելի մոտ էին: Հայեցակարգի մշակողները, սակայն, համեմատություններ արել էին միայն հեռավոր երկրների հետ, այնինչ, մեր զրուցակցի կարծիքով, պետք էր տեղայնացնել միջազգային, այդ թվում՝ նաեւ Թուրքիայի փորձը: Մեր զրուցակիցը հավելում է. «Մենք տարիներ շարունակ խոսում ենք հայեցակարգերից, պլաններից, բայց հնարավորություն չենք տալիս, որպեսզի բարձր տեխնոլոգիական ոլորտը հենց Երեւանում զարգանա»: ՏՏ ոլորտի մասնագետը վստահ է՝ եթե գոնե հայեցակարգում գրված դրույթներն իրագործվեին, ինչ-որ արդյունք կլիներ, բայց մեր զրուցակցի կարծիքով, այդ քայլերն էլ աննկատ են, եւ հայեցակարգը վերանայման կարիք ունի: Նա նաեւ գտնում է, որ այսօր սփյուռքի գործոնը բավարար չափով չի օգտագործվում, եւ այն փորձը, որ սփյուռքն ունեցել է Հայաստանում՝ լավ ու վատ, չի վերլուծվել, լավի հիմքի վրա ընդարձակում եւ վատի վրա՝ եզրակացություն չի արվել: «Պետք է կարողանանք ոչ թե լոզունգներով, այլ գործնական քայլերով առաջնորդվել»,- նշում է պարոն Չուգասզյանը եւ հավելում, որ Հայաստանում այսօր ոլորտի զարգացման համար նպաստող պայմաններ ստեղծված չեն, ինչը լավագույնս կա հատկապես հարեւան երկրներում:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը եւ ՏՏ ոլորտի վրա դրա ազդեցությանը՝ Գ. Չուգասզյանը նշում է. «Մենք սահմաններ բացելուն բացարձակ պատրաստ չենք, որովհետեւ Թուրքիան Իգդիրում ազատ առեւտրի գոտի ստեղծելու պլաններ ունի եւ իրենք ունեն ազատ գոտիների ամբողջ օրենսդրությունը՝ հստակ մշակած նաեւ բարձր տեխնոլոգիաների համար: Չենք դադարում կրկնել, որ Հայաստանը չի կարող այդպիսի պայմաններում զարգացում ապահովել, որովհետեւ մեր ամբողջ ձեռնարկությունները կսկսեն տեղափոխվել ու այնտեղ բացվել»: ՏՏ հայեցակարգի կետերից մեկն էլ մինչեւ 2018թ. ոլորտում շուրջ 1000 ընկերություն ունենալն է՝ ներկայիս 200-ի փոխարեն:

«Առավոտը» Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են արվում այս դրույթն իրագործելու ուղղությամբ: Նրա խոսքով, որպեսզի հայեցակարգում նշված նշաձողին հնարավոր լինի հասնել, տարեկան մեր երկրում պետք է ստեղծվի 300 ընկերություն, որովհետեւ, ըստ նրա, տեխնոլոգիական ընկերությունները շուտ «մահացող» են եւ 1000 ձեռնարկություն ունենալու համար պետք է 10 տարվա ընթացքում առնվազն ստեղծվի 3000-ը, որպեսզի դրանցից գոնե 1000-ը կայանա ու գոյատեւի: Սակայն, ըստ Կ. Վարդանյանի, այսօր տարեկան հազիվ 30 ընկերություն է մնում:

Մեր զրուցակցի խոսքով, այսպես շարունակվելու դեպքում ՏՏ հայեցակարգը կմնա թղթի վրա եւ կդառնա հերթական անիմաստ թուղթ: Մինչդեռ, ըստ ԻՏՁՄ տնօրենի՝ «Նորաստեղծ ընկերությունների հիմնադրման համար պետք է լինեն խրախուսող մեթոդներ: Այս առումով Հայաստանում խրախուսական աջակցություն չկա: Օրինակ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ շատ այլ երկրներ ընդունում են հատուկ հարկային արտոնություններ՝ տեխնոլոգիական ձեռնարկությունների, մասնավորապես՝ start-up-երի համար, որովհետեւ դրանք են յուրաքանչյուր երկրի էկոնոմիկայի հիմքը: Անգամ Միացյալ Նահանգներում շուկայի հզորությունը որոշում են ոչ թե «Microsoft»-ն ու «Intel»-ը, այլ հազարավոր փոքր ու միջին տեխնոլոգիական ընկերությունները»: Նշենք, որ այս մասին հստակ արտահայտվել էր նաեւ «Intel» ընկերության նախագահ Գրեյգ Բարեթը՝ վերջերս Երեւան այցի ժամանակ: Կ. Վարդանյանը կարծում է նաեւ, որ բացի ՏՏ ոլորտին տրամադրված սուղ միջոցներից, այսօր երիտասարդներին խրախուսելու, մասնագիտության մեջ առաջընթաց ունենալու եւ իրենց առջեւ դրած նպատակներն իրագործելու խնդիր կա: Գ. Չուգասզյանի կարծիքով էլ, նորաստեղծ ընկերությունները չպետք է մտածեն հարկ վճարելու եւ միանգամից ինչ-որ ծախսերի մեջ ներքաշվելու մասին: Խոսելով Գյումրիի տեխնոպարկի մասին՝ նա ասաց. «Տեխնոպարկերը սովորաբար համալսարանական շրջանակներում են լինում, իսկ մենք Գյումրիում չունենք նման շրջանակ, նավակը ջրից հեռու ենք սարքում»: ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին աջակցելու համար վերջերս ստեղծվեց Համահայկական start-up հիմնադրամ, որը, սակայն, դեռեւս որեւէ ֆինանսավորում չունի:

Հայաստան ժամանած T2 Venture Capital-ի գործադիր տնօրեն Վիկտոր Հվանգն աշխատում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ եւ կառավարության կողմից ստեղծված առաջին վենչուրային հիմնադրամի մոդելի մշակման խորհրդատուն է: «Առավոտի» հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայաստանում նորաստեղծ ընկերություններին աջակցելու համար այժմ լուրջ գործընթաց է իրականացվում, իսկ հիմնական խնդիրը՝ գաղափարների, շուկաների հայտնաբերումն ու ճիշտ ֆինանսավորումն է: Վ. Հվանգը գտնում է, որ առանց կառավարության աջակցության, հատկապես նորաստեղծ կազմակերպությունների համար, դժվար է կայանալ: Իսկ թե ինչ է անում Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ, Վ. Հվանգն առայժմ դժվարացավ ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել