Լրահոս
Օրվա լրահոսը

Այցի ձախողումը Լինդբլադի թերացումն էր

Հոկտեմբեր 13,2010 00:00

Արձանագրում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատմեց, որ դեռ հունիսին էր փորձել պարզել, թե Հայաստանի հարցով (այդ ժամանակ) նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադը ե՞րբ է մտադիր այցելել Հայաստան. «Սեպտեմբերի 9-ին նախատեսված էր Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, եւ պիտի նախապես այցելեր, որ հնարավորություն ունենար ներկայացնել զեկույց: Նա ինձ ասաց, որ Շվեդիայում սկսվում է քարոզարշավ, եւ ցավոք, այդ պատճառով ինքը չի կարող այդ ժամանակահատվածում գալ Հայաստան ու չի կարողանա մասնակցել նաեւ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին»: Հավելեց նաեւ. «Գորան Լինդբլադի չընտրվելուց հետո, կարծում եմ, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ մեր՝ EPP խմբակցության համար ամենաօպտիմալ որոշումն այն կլիներ, որ նա արագորեն հրաժարվեր, որպեսզի մենք հոկտեմբերին համազեկուցողի նոր թեկնածու առաջադրեինք Մոնիթորինգի հանձնաժողովում»: Եվ հիշատակեց Մոնիթորինգի հանձնաժողովում հնչած փաստարկները, որ եթե անգամ հոկտեմբերին Լինդբլադն այցելեր Հայաստան՝ հնարավորություն չէր ունենա զեկույց ներկայացնել, հետեւաբար այցն արդյունավետ չէր լինի: Զարուհի Փոստանջյանը նաեւ կարծիք հայտնեց, որ EPP-ն Հայաստանի հարցով համազեկուցողի նոր թեկնածու կառաջադրի միայն 2011-ի հունվարին:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ շարժառիթներով է պայմանավորում, որ Լինդբլադը հրաժարական չի տալիս, եւ դեռ ավելին՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահին ուղղված նամակում պահանջում էր հոկտեմբերին կազմակերպել իր այցը: Զարուհի Փոստանջյանը նախընտրեց այսպես պատասխանել. «Պարոն Լինդբլադը շատ քաջատեղյակ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Նաեւ տեղյակ է, որ Հայաստանում գոյություն ունեն քաղաքական հայացքների համար բանտախցերում գտնվող մարդիկ: Քաջատեղյակ է, թե որքան դժվար է ամեն օրն այն մարդու համար, որը հանիրավի է գտնվում բանտում, նաեւ նրա ընտանիքի ու հասարակության համար: Ես կարծում եմ, ցանկացած համազեկուցող, եթե ստանձնում է նման պարտավորություն, ապա առաջին հերթին պետք է ոչ թե մտածեր իր երկրի, իր կուսակցության, իր քարոզարշավի մասին, այլ այդ 3 ամիսներին կարող էր գտնել գոնե 3 օր եւ այդ 3 օրվա ընթացքում այցելեր ՀՀ: Եվ եթե իրապես ինքը ցանկություն ուներ կազմել զեկույց՝ օր առաջ նա պետք է գար Հայաստան»: Եվս մեկ անգամ ճշտեցինք՝ Լինդբլադը չեկավ սեփակա՞ն նախընտրությամբ, թե՞ քանի որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում էին իր այցին, եւ «Ժառանգության» պատվիրակն ասաց. «Ես կարծում եմ՝ շատ անկեղծ կլիներ, եթե նա նշեր, որ պատճառներից մեկը հենց այն է, որ քարոզարշավի էր մասնակցում: Եվ քարոզարշավի 3 օրն իր համար փաստորեն ավելի գերադասելի էր անցկացնել իր երկրում, քան գալ Հայաստան ու բարձրացնել մեր խնդիրները, որոնք չեն վերաբերում միայն մեր երկրին, այլեւ համամարդկային են՝ ԵԽ անդամ երկրում քաղաքական հայացքների համար բանտախցում մարդիկ կան, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում: Կարող եմ թվարկումը շարունակել: Եվ կարծում եմ՝ սա առաջին հերթին հենց ի՛ր թերացումն էր»:

Զարուհի Փոստանջյանը, սակայն, նաեւ հավելեց. «Ընդհանրապես համազեկուցողի այցը, ով ուզում է լինի՝ Պրեսկոտը, Լինդբլադը կամ մեկ այլ անձնավորություն, մեր իշխանությունների համար ցանկալի չէ, որովհետեւ խնդիրները բարձրացված են, օրակարգում են, իսկ պատասխաններ չկան: Որեւէ պատասխան պետք է տրվի իշխանությունների կողմից: Եվ քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել՝ իրենց համար համազեկուցողների այցն ու զեկույցներն, իհարկե, ցանկալի չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել