Ընդդիմությունը նախատեսում է հոկտեմբերին երկու համապետական հանրահավաք անցկացնել
Հայ ազգային կոնգրեսը ծրագրում է Երեւանում համապետական հանրահավաքներ ու ցույցեր անցկացնել ոչ միայն հոկտեմբերի 15-ին, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլեւ հոկտեմբերի 19-ին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքը կապված է Երեւանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» եռօրյա համաժողովի հետ: Զուրաբյանի դիտարկմամբ, 2005 թ.-ից ի վեր Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում անցկացվող այդ համաժողովը բավական ազդեցիկ է եւ հեղինակավոր, եւ դրան մասնակցելու նպատակով այդ օրերին Երեւանում են լինելու ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, Հայաստանի հարցով համազեկուցողները, նաեւ ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային եւ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Դա բավական հարմար առիթ է, որ ներկայացնենք մեր պահանջները եւ կուտակված դժգոհությունները: Մենք որոշել ենք հանրահավաք եւ երթ կազմակերպել, նաեւ հետաքրքիր տեղեկություններ ենք պատրաստել, որոնց մասին կհայտարարենք հոկտեմբերի 15-ի հանրահավաքում»,- ասել է Կոնգրեսի ներկայացուցիչը: Զուրաբյանն անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին ՀԱԿ-ի իրազեկումների մերժման պրակտիկային ու, դրանք ապօրինի որակելով հանդերձ, հավելել է, թե ՀԱԿ-ի համբերությունն անսահման չէ, որ այդ համբերության բաժակը կարող է մոտ ապագայում լցվել, ու ընդդիմությունը կարող է քայլեր ձեռնարկել Ազատության հրապարակ մտնելու ուղղությամբ՝ անկախ քաղաքապետարանի կայացրած որոշումից: Թե դա կոնկրետ երբ եւ որ օրը կլինի՝ նա չի հստակեցրել: Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբերի 15-ին եւ 19-ին կայանալիք հանրահավաքները տեղի կունենան քաղաքապետարանի կողմից առաջարկված վայրում՝ Մատենադարանի մոտ:
Այն, որ քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակում է մերժել ընդդիմության կողմից Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները, ըստ Լ. Զուրաբյանի՝ ապացուցն է այն բանի, որ ազատությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում ավարտված են, ու եթե գործող իշխանություններն այդ ոլորտներում որեւէ հաջողություն արձանագրած լինեին, գուցե ավելի հանգիստ վերաբերվեին հրապարակում հանրահավաք անցկացնելու փաստին: Ընդդիմադիր գործչի ասելով, իշխանություններն այդպես էլ չկարողացան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, ծանրագույն իրավիճակ է նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում, որի կարեւորագույն պատճառը երկրում վերից վար տիրող կոռուպցիան է, որն ազդում է նաեւ բանակի ու նրա մարտունակության վրա:
Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում ունեցած ձախողումներին: Խոսելով մեկ տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչն էլի մեկ անգամ պնդել է, որ դրանից շահեցին բոլորը, բացի Հայաստանից, որ արդյունքում Հայոց ցեղասպանության փաստը հարցականի տակ դրվեց, բայց հայ-թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց: Լ. Զուրաբյանի մատուցմամբ, այդ համատեքստում Սերժ Սարգսյանը «երբեք իրեն այդքան խաբված չի զգացել»: Նա հույսեր է փայփայել, թե միջազգային հանրությունը կկատարի իր խոստումն ու Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրի արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, ինչը, սակայն, չի կատարել: Ընդդիմության ներկայացուցչի համոզմամբ, Երեւանը արձանագրությունների տակ իր ստորագրությունը ետ չի կանչում, որովհետեւ այդ դեպքում շատ պարարտ հող կստեղծի ՀՀ- ին ապակառուցողական դիրքորոշման մեջ մեղադրելու համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում էլ Զուրաբյանը նկատել է, որ թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե հարցի լուծումն արդյունավետ կլինի միայն ղարաբաղյան կողմի ներգրավման դեպքում, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունների գործնական քայլերն այլ բան են ասում, օրինակ՝ Հայաստանն արհամարհում է ԼՂ դիրքորոշումը՝ վերջինիս վերաբերելով որպես մարզային իշխանությունների:
«Այսօր Հայաստանը Ղարաբաղին դարձրել է իրեն կցորդ մի ռեժիմ, որը հլու-հնազանդ լսում եւ կատարում է այն ամենը, ինչ իրեն թելադրում է Երեւանը»,- ասել է Զուրաբյանը՝ հռետորական հարցադրում անելով, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը պետք է հարգի ԼՂ-ին, եթե դա չի անում Հայաստանը: