ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության առաջին փուլի ավարտին ղարաբաղյան մի շարք հ/կ-ներ դիմել են համանախագահներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունն արդեն իրականացվել է մի քանի շրջաններում, եւ երեկ Արցախում համանախագահները ցանկություն են հայտնել հանդիպել լրագրողներին եւ որոշ հարցերի պատասխանել: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե շատ ծանր աշխատանք են իրականացնում, եւ այդ աշխատանքը կատարելու համար խիստ կարեւոր էր այցելել «այս շրջանները»։ Ի դեպ, համանախագահները դեռեւս չեն այցելել Ադրբեջանի կողմից բռնազավթված Գետաշեն, Մարտունու եւ Շահումյանի շրջաններ: Կայցելեն, թե ոչ՝ մշուշոտ է, թեպետ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առավոտի»-ին փոխանցեց, որ այցելություն կլինի, սակայն, ըստ ամենայնի՝ դաշտային առաքելության երկրորդ փուլում: Երբ զարմանքով հետաքրքրվեցինք, թե այդ երկրորդ փուլը ե՞րբ է նախատեսվում, չէ՞ որ բուն առաքելության համար շատ կոնկրետ ժամկետ էր նշված՝ 10 օր, պարոն Բաբայանն ասաց, թե, ըստ ամենայնի, այդ երկրորդ փուլը կսկսվի կամ այս տարվա վերջում, կամ էլ եկող տարի. «Իհարկե, պիտի գնան, այսօր արդեն ավարտվել է առաքելության առաջին փուլը, երկրորդ փուլում Ադրբեջան պիտի գնան եւ Արցախի այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Երկրորդ փուլի ժամկետները դեռեւս հստակ ճշտված չեն, բայց երեւի կսկսեն մոտակա ժամանակահատվածում կամ նույնիսկ 2011-ին: Իմ կարծիքով, Ադրբեջանը կփորձի խոչընդոտել դա»:
Ի դեպ, երեկ Արցախում պատասխանելով լրագրողների նույն հարցին՝ համանախագահները կայցելե՞ն Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել է, որ իրենց առաքելությունը միջնորդական է եւ ուղղված չէ կողմերից որեւէ մեկի օգտին. «Խիստ կարեւոր է այցելել այն բոլոր շրջանները, որոնց վրա հակամարտությունն ազդեցություն է գործել, այսինքն՝ այն շրջանները, որոնք կապ ունեն համանախագահների՝ մեր աշխատանքի հետ»: Հիմա մնում է հասկանալ համանախագահների տրամադրությունները՝ Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները «կապ ունե՞ն» համանախագահների աշխատանքի հետ: Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ի՞նչ եզրակացություն կարելի է սպասել, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, թե՝ «եզրակացությունը ընդհանուր է լինելու, դա քաղաքական հնչեղություն չունի, ուղղակի համանախագահները ուզում էին ծանոթանալ ընդհանուր իրավիճակին տեղում, տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախը: Չեմ կարծում՝ սա առաքելություն է Արցախի որոշ շրջաններ, դա ուղղակի ընդհանուր ծանոթություն է, որովհետեւ համանախագահներ Պոպովը եւ Բրադկեն մինչ այժմ Ստեփանակերտից դուրս չէին եղել»: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն երեկ լրագրողներին տեղեկացրել էր, որ առաքելությանը մասնակցել են նաեւ երեք տեխնիկական փորձագետներ, որոնցից 2-ը ներկայացրել են ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը: Ըստ Բեռնար Ֆասիեի, այս փորձագետները գյուղերում հանդիպել են մեծ թվով մարդկանց: Եվս մեկ ռեբուս՝ ի՞նչ են հասկացել ժնեւյան փորձագետները ղարաբաղյան բարբառից: Հուսանք՝ իրար ճիշտ են հասկացել: ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ Մինսկի խմբի համանախագահներին: Նամակը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Մանրամասնությամբ ներկայացված է խնդիրը. «Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը՝ ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում՝ ԼՂՀ տարածքում»: Այնուհետ նամակի հեղինակները մանրամասն ներկայացրել են խնդրի պատմությունը. «Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվը կրճատվել է 22 հազարով: Եվ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր: Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը՝ 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ՝ մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի եւ էթնիկ զտումների»: Իրազեկելով, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում, նամակի հեղինակները գրել են. «2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը «արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների»: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիեւը ճշմարտությունն է ասել: Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի եւ ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված է եղել լքել իր հայրենիքը: Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիրառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետեւանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք եւ հարստություն են թողել այդ երկրում՝ չարժանանալով որեւէ փոխհատուցման: Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը եւ դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ եւ դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել: Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետեւանք է: Ուստի եւ մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա: Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է եւ այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով եւ ռազմատենչ հայտարարություններով»: