Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ մի աննախադեպ իրադարձություն, որը, սակայն, մնաց Սլովակիայի թիմի նկատմամբ տարած մերոնց հաղթանակի ստվերում:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով եւ բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների համաձայնությամբ որակազրկվել են ԲԽ առաջնությունը սպասարկող բոլոր մրցավարները: Նման որոշման պատճառը, թերեւս, վերջին շրջանում մրցավարական գործողությունների հետ կապված սկանդալներն էին, իսկ կենտրոնում՝ 22-րդ տուրի «Բանանց»-«Միկա» հանդիպումը, որի ընթացքում մրցավարը չէր հաշվել «Միկայի» խփած երկու գնդակ, ինչպես նաեւ՝ երկու 11-մետրանոց տուգանային հարված էր նշանակել «Բանանցի» օգտին:
ՀՖՖ նախագահի որոշմամբ՝ ԲԽ-2010 առաջնության հանդիպումներն այսուհետեւ կսպասարկեն մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարները, իսկ անհրաժեշտության դեպքում ու ակումբների ցանկությամբ՝ մրցավարներ կարող են հրավիրվել արտասահմանից, քանի որ առաջնությունը մոտենում է եզրագծին ու մի շարք հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է:
Տեղեկացնենք. ՀՖՖ կանոնադրության 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Առանձին դեպքում խաղերի սպասարկող անձնակազմը, ՀՖՖ նախագահի որոշմամբ, կարող է հրավիրվել այլ երկրից»:
Թե ի՞նչ ընթացակարգ կունենա այս աննախադեպ իրավիճակում արտերկրից մրցավարներ հրավիրելու գործընթացը, ըստ ամենայնի կորոշի ՀՖՖ գործկոմի առաջիկա նիստը, որի ընթացքում կքննարկվի նաեւ մրցավարության մակարդակի բարձրացման հարցն ու կնախանշվեն այն ուղղությունները, որոնց իրականացումը թույլ կտա կատարելագործել մրցավարների մասնագիտական որակները:
Բնական է, որ այսպիսի ոչ առօրեական որոշումը չէր կարող միանգամից եւ միանշանակ հավանության արժանանալ:
«Միկայի» գործադիր տնօրեն Արմեն Պետիկյանի կարծիքով, օրինակ, մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարները այնքան էլ պատրաստ չեն բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկելուն: «Չեմ կարծում, որ մանկապատանեկան հանդիպումներ վարող մրցավարների որակները ներկայումս ներում են վարել բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներ»,- ասում է Պետիկյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, նման որոշում է կայացվել, ապա պետք է դիմանալ մինչ մրցաշրջանի ավարտը, որից հետո արդեն ֆեդերացիան ճիշտ լուծումներ կգտնի: «Միկայի» գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ մրցավարներին քննադատելիս «միտումնավոր սխալ» արտահայտությունը նախընտրում է չօգտագործել, քանի որ դա շատ պատասխանատու հայտարարություն է, սակայն սխալների շարունակական բնույթն արդեն իսկ մտահոգության առիթ է:
Իսկ ահա «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքերով՝ ՀՖՖ նախագահի որոշումը ճիշտ է, եթե վերջինս միտում է նկատել մրցավարական գործողություններում: Ինչ վերաբերում է մրցաշրջանի ավարտին արտասահմանից մրցավարներ հրավիրելուն, ապա «Փյունիկի» համար, ըստ Հարությունյանի, այնքան էլ էական չէ, թե ովքեր կդատեն իրենց հանդիպումները: Ավելին, «Փյունիկի» գործադիր տնօրենը նախընտրում է հայ մրցավարներին. «Իմ կարծիքով, մեր մրցավարներն ավելի լավ կսպասարկեն Հայաստանի առաջնության խաղերը, քանի որ, ի տարբերություն այլ երկրի ներկայացուցիչների, ծանոթ են ու տեղյակ մեր ֆուտբոլին եւ ֆուտբոլիստներին: Առհասարակ, փորձը ցույց է տվել, որ էական փոփոխություն չկա հրավիրված եւ հայաստանյան մրցավարների միջեւ»:
Արտասահմանից խաղը սպասարկող անձնակազմ հրավիրելուն հակված չէ նաեւ «Բանանցը»: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի համոզմամբ՝ ՀՖՖ նախագահի ընդունած որոշումը շատ ճիշտ էր ու տեղին: Ու թեեւ նույն այդ որոշմամբ ակումբներին հնարավորություն է ընձեռվել արտասահմանցի մրցավարներ հրավիրել, «Բանանցը» դեռ նման մտադրություն չունի:
Նկատենք, որ արդեն 26-րդ տուրում՝ հոկտեմբերի 30-ին, կրկին հանդիպելու են առաջատար «Բանանցն» ու նրան կրնկակոխ հետապնդող «Փյունիկը»: Իսկ առաջնության վերջին՝ 28-րդ տուրում կկայանա «Ուլիսի» ու «Միկայի» միջեւ մրցավեճը, որում, բացառված չէ, որ երրորդ տեղի համար պայքար կընթանա: Ի վիճակի՞ են, արդյոք, պատանեկան մրցաշարերը սպասարկող հայ մրցավարները նման ծանր փորձություն հաղթահարել, եթե դա չկարողացան անել իրենց ավելի փորձառու կոլեգաները, ցույց կտա միայն ժամանակը, ինչպես նաեւ՝ ակումբների դիրքորոշումը: Մեզ մնում է միայն սպասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031