Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիների ներկայացում-էքսպերիմենտը՝ Երեւանում

Հոկտեմբեր 12,2010 00:00

Հայերը այն դժվարությամբ «մարսեցին»

«Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը համագործակցել էր «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնի հետ: Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից ժամանած «Imitating the dog» թատերախումբը հայ հանդիսականի դատին հանձնեց «Hotel Methuselah» ներկայացումը:
«Մեր թատերախումբը չի հետեւում ընդունված թատերական կանոններին, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջովին հեռացել ենք ընդունված միտումներից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց դերասանուհի Մորվեն Մաքբեթն ու հավելեց, որ այսօր նույնիսկ Լոնդոնի ազգային թատրոնն է փնտրում էքսպերիմենտներ, որպեսզի թատերարվեստում նորություն ասի:
Դերասանուհին ընդգծեց, որ այժմ Միացյալ Թագավորության թատերարվեստում կա մի ավանդույթ, որի համաձայն՝ ներկայացման ընթացքում չի պատմվում որեւիցե պատմություն, այլ ցուցադրվում է պատմության ազդեցությունը, հետեւանքը: Ինչն էլ կիրառվել էր Երեւանում: Բրիտանական այս նորարարությունը հայերի համար խորթ էր, դժվար մարսելի: 
Ներկայացման մեջ միավորված էին բեմական կենդանի գործողությունները եւ վիդեո ցուցադրությունները: Երեւանում դրան գումարվել էր նաեւ ներկայացման սինխրոն թարգմանությունը: Արդյունքում անգլերեն լեզվին ոչ այնքան լավ տիրապետող հանդիսականին բավական բարդ էր հետեւել բեմում ընթացող երեք միանվագ գործողությունները: Շատերին անհասկանալի էր նույնիսկ ներկայացման բովանդակությունը:  
Ներկայացման առանցքում գիշերային դռնապան Հարիի պատմությունն էր: Ավելի ճիշտ՝ նրա սիրո եւ անձնական անկման պատմությունը: Ներկայացված թատերական կրքերի մեջ ուսումնասիրվում էր մարդկային վախը՝ մահից, սեքսուալությունից եւ երեխաներ ունենալու ահաբեկող պատասխանատվությունից:
Բրիտանացի արվեստագետները Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար վարպետության դասեր անցկացրին, որի ընթացքում խոսեցին կինոարվեստի եւ թատերարվեստի կապի ու ընդհանրության մասին:
Հիշեցնենք, որ «Imitating the dog» թատերախումբը ստեղծվել է Լիդսում՝ 1998 թ.-ին: Նրանք բեմադրել են 5 հյուրախաղային ներկայացումներ, ինչպես նաեւ իրականացրել են բազմաթիվ փոքր ներկայացումներ եւ ուսումնական ծրագրեր: Թատերախմբի հիմնական ֆինանսավորումը իրականացվում է Անգլիայի արվեստի խորհրդի կողմից: «Imitating the dog»-ը գործում է Նաֆլիդի թատրոնին եւ Լիդսի Մետրոպոլիտեն ստուդիո թատրոնին կից:
 «Hotel Methuselah» ներկայացումը եզրափակեց «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել