Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո խոստովանություն՝ ծաղիկների լեզվով

Հոկտեմբեր 12,2010 00:00

«ՀայԱրտի» անակնկալը՝ մայրաքաղաքին

Օրերս Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «ծաղկային» տրամադրություն էր՝ առիթը «Ծաղիկներ Երեւանին» խորագրով ցուցահանդեսի բացումն էր՝ նվիրված մայրաքաղաքի տոնին:
Ներկայացվեցին ժամանակակից հայ անվանի նկարիչներ Հրանտ Թադեւոսյանի, Վաղարշակ Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի, Գրիգոր Գուրզադյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Արկադի Բաղդասարյանի  եւ ալոց գեղանկարչական աշխատանքները՝ միայն ծաղիկներ: Ի դեպ, բոլոր այցելուներին եւս ծաղիկներ նվիրեցին:
Ցուցահանդեսի մտահղացումը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանինն է: Նրա խոսքով, «Ծաղիկներ Երեւանին» ցուցահանդեսը յուրատեսակ նվեր է Երեւանին՝ մայրաքաղաքի տոնի կապակցությամբ. «Հայ անվանի ավելի քան 40 նկարիչների 60 աշխատանք է ներկայացված: Քանի որ մենք մշակութային կենտրոն ենք եւ մշակութային գործունեություն ենք ծավալում, որոշեցինք ծաղիկները կտավի տեսքով նվիրել Երեւանին»: Ըստ տիկին Շառոյանի՝ «ցուցահանդեսի ամենակարեւոր հատկանիշներից մեկը ոչ միայն նվիրումն ու սերն է Երեւանի հանդեպ, այլեւ  այն, որ միավորել են արվեստների մի քանի տեսակ՝ կինո, դասական երաժշտություն, վոկալ ու կերպարվեստ»:
Ռ. Շառոյանն ասաց, որ «ՀայԱրտում» նկարիչների վերջին շրջանի գործերն են ցուցադրվում. «Յուրահատուկ ուշադրության են արժանի հատկապես Վարուժան Վարդանյանի աշխատանքները: Նա միայն կյանքի վերջին տարիներին է տխուր ծաղիկներ նկարել»:  
Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական կորպուսների, քաղաքապետարանի  ներկայացուցիչներ, մտավորականներ: Հնչեց «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, ելույթ ունեցավ նաեւ «Շելլ» դաշնամուրային տրիոն:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ցուցահանդեսի միջոցով բոլոր արվեստագետները իրենց ներկայությամբ եւ աշխատանքներով բավարարում են մեր հոգու սովը: Երեւանի համար թիվ մեկ մեծությունը մարդիկ են՝ արվեստագետները: Երեւանը միայն երեւանցիներինը չէ. վարդագույն գեղեցկուհին բոլորինս է»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը քաղաքի տոնը շնորհավորեց չարենցյան խոսքով եւ ցանկացավ, որ 2792 տարվա պատմություն ունեցող Երեւանը ծաղիկների պես միշտ անուշաբույր լինի:
Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը նշում է. «Երեւանը աշխարհի պատմության մեջ իր խոսքն ասած քաղաք է, որը  դեռ ասելիք շատ ունի: Ինչ վերաբերում է «ՀայԱրտի»՝ ծաղիկների լեզվով ասած խոսքին, այն եւս գեղեցիկ է եւ տպավորիչ»:
Նկարիչ Գառնիկ Վարդանյանն էլ շեշտեց. «Երեւանին կարելի է ամենալավ գաղափարները նվիրել՝ ծաղիկներից մինչեւ այլ պատկերների տեսքով: Օրինակ՝ ես կալաներ եմ նվիրել: Չնայած ծագումով գյումրեցի եմ, բայց Երեւանն իմ օրրանն եմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել