Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԳՈՅԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԷՐ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Վալիեխոն՝ հայկական մեկնաբանմամբ

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Տիգրան Գասպարյանի եւ Արմեն Մարությանի բեմադրած «Գոյա» ներկայացման պրեմիերան՝ ըստ իսպանացի դրամատուրգ Անտոնիո Բուերո Վալիեխոյի «Բանականության քունը» պիեսի: Այն պատմում է իսպանացի հայտնի նկարիչ, ուշագրավ աշխատությունների հեղինակ Ֆրանցիսկո Խոսե դե Գոյայի մասին:
Պիտի համարձակ լինել, նաեւ բավականաչափ օժտված՝ մարմնավորելու համար նման անհատին: Օրինակ հայ դերասաններից Վլադիմիր Մսրյանին հաջողվեց մեկ այլ հանճարեղ արվեստագետի՝ Պագանինի կերպարը հրաշալի կերտել, մինչդեռ գասպարյանա-մարությանական Գոյան չէր «ստացվել»:
 Ներկայացման մեջ խաղում էին ճանաչված դերասաններ, հիմնականում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարության (Գոյա) եւ Ալլա Վարդանյան (Լեոկադիա) անբաժան ամուսին-գործընկերները, Արամ Հովհաննիսյանը (Թագավոր), Ռազմիկ Խոսրոեւը (Դուասո) եւ այլք: Անկեղծ ասած, ներկայացման միայն առաջին մասին կարողացա դիմանալ, որովհետեւ բեմադրությունը ձանձրալի էր, դերասաններն էլ, հատկապես Արմեն Մարությանը, տպավորիչ լինելու համար միալար գոռում էր: Առաջին գործողությունն ավարտվեց 82-ամյա Գոյային մարմնավորող Մարությանի հայավարի պարով եւ չգիտես որտեղից «բուսնած» կիսամերկ կնոջ թռչկոտումներով: Վերջինս հավանաբար Գոյայի մուսան էր…
Իհարկե, դահլիճը լեփլեցուն էր տարբեր ոլորտների ներկայացուցիչներով՝ սկսած Արտաշես Գեղամյանից, վերջացրած Վարդան Պետրոսյանով, բայց հանդիսատեսը հիացած չէր, չնայած ծաղկեփնջերով տիկնայք կային դահլիճում եւ «բրավոներ» բացականչող տղամարդիկ:
Հավելենք, որ Վալիեխոն ժամանակին հետաքրքրված է եղել նաեւ գեղանկարչությամբ, տարված՝ թատրոնով, նրա շատ պիեսներ ժամանակին արգելել են բեմադրել՝ հեղափոխական շունչ ունենալու պատճառով: Տիգրան Գասպարյանի եւ Արմեն Մարությանի «Գոյայում» ոչ Վալիեխոյի, ոչ էլ Գոյայի կրքոտությունն ու ըմբոստությունը առանձնապես չզգացվեց: Նկատի ունենք դերասանական խաղը, իսկ տեքստի համար, բնականաբար, շնորհակալություն հեղինակին՝ Վալիեխոյին: Գյուտ արած չենք լինի, եթե նշենք, որ բեմադրության «կաղալու» առաջին մեղավորը, որպես կանոն, հիմնականում բեմադրիչն է լինում: «Գոյան» եւս բացառություն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031