Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Օգտվելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերից, Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Սիլիկոնի դաշտավայրում աշխատող պոտենցիալ ներդրողների եւ ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության ղեկավարի կարգավիճակով ժամանել է Մոսկվա: Հայտնի դերասանն արդեն հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Հանդիպման ավարտին, BBC-ի մատուցմամբ, Մեդվեդեւը նստելով կառավարական «Չայկա» ավտոմեքենայի ղեկին՝ իր հյուրին ուղեկցել է մերձմոսկովյան Սոկոլովո ավան, ուր ժամանել են նաեւ Google, Micrpsoft եւ Oracle ընկերությունների թոփ-մենեջերները: Շվարցենեգերը ծրագրում է այցելել նաեւ «Գլոբալ ներդրումային գործընկերություն» համաժողով:
«Ռուսաստանը տնտեսական աճի հսկայական ներուժ ունի: Հիմա ամենաիդեալական ժամանակն է ռուսական տնտեսությանն օգնելու համար: Մենք հույս ունենք, որ բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտներում կկարողանանք օգնել Ռուսաստանին»,- հայտարարել է Շվարցենեգերը:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդեւն ամիսներ առաջ ԱՄՆ կատարած իր այցի շրջանակներում եղել էր Սիլիկոնի դաշտավայրում: Ավելի վաղ, դեռ մարտին նա հայտարարել էր, թե մտադիր է ամերիկյան սիլիկոնյան դաշտավայրի նմանությամբ ռուսական լայնածավալ նախագիծ իրականացնել, որը կօգնի ՌԴ տնտեսության ակտիվացմանը:
Շվարցենեգերը հասցրել է Ռուսաստանում Ավստրիայի եւ ԱՄՆ դեսպանների ուղեկցությամբ շրջել Մոսկվայի ստորգետնյա տարածքներով եւ ելույթ ունենալ ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի նիստում: Շվարցենեգերը մինչ իր քաղաքական գործունեության մեկնարկն արդեն եղել էր Մոսկվայում՝ «Կարմիր տապ» մարտաֆիլմի նկարահանումների առիթով, որում նա խաղում էր ռուս ոստիկան Իվան Դանկոյի դերը, նաեւ «Հոլիվուդի մոլորակ» ռեստորանի բացման արարողությանը մասնակցելու համար: Ի դեպ, այս այցի ընթացքում Մեդվեդեւը կատակել է ու դիմելով Շվարցենեգերին՝ նկատել, թե վերջինիս այցը ՌԴ մայրաքաղաք՝ տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Մոսկվան քաղաքապետ չունի, հավելելով, որ եթե Շվարցենեգերը ՌԴ քաղաքացիություն ունենար, ինքը նրան կառաջարկեր Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում լինելու ժամկետը սպառվելուց հետո գլխավորել Մոսկվայի կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել