Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամայի վրա գիրք են նետել

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Կիրակի օրը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համակիրների ժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հազիվ է խույս տվել հավաքված ամբոխի կողմից գլխին գրքով հարված ստանալուց: Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ, բարակ կազմով փոքր գիրքը թռել է երջանիկ ժպտացող ու իր համակիրների մոտ ետ ու առաջ քայլող նախագահի կողքով: Հնարավոր է, որ անհայտ «գրքանետը» վրիպել է հենց այն պատճառով, որ գիրքը նետել է շարժվող թիրախի վրա: Նետված գրքի վերնագիրը, գիրք նետող անձի ինքնությունն ու նրա արարքի շարժառիթներն անհայտ են: Փոխարենը ակնհայտ է, որ այդ միջադեպը թույլ տալու համար հատուկ ծառայություններին ծառայողական ծանր հետաքննություն է սպասվում: Իհարկե, դա այս հանդիպման ընթացքում արձանագրված միակ միջադեպը չի եղել: Ոստիկանները ամբոխի միջից դուրս են բերել մի տղամարդու, ով Օբամայի նախընտրական պաստառով ծածկել էր իր մարմնի ինտիմ տեղը: Հայտնի չէ, սակայն, թե գիրք նետողն է՞լ այդ նույն մարդն է եղել, թե՞ ոչ:
Իսկ ժողովը Ֆիլադելֆիայում տեղի է ունեցել երեք շաբաթ հետո կայանալիք Կոնգրեսի ընտրությունների առիթով: ԱՄՆ նախագահը հորդորել է համաքաղաքացիներին մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ապահովելու Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը:
Օբամայի կողմնակիցները մտահոգված են ընտրություններին իրենց ընտրազանգվածի ցածր մասնակցության հեռանկարով: Դիտորդների գնահատմամբ, նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրությունները դեմոկրատների համար կարող են տապալվել, որովհետեւ բնակչությունը դժգոհ է տնտեսության վերականգնման ցածր տեմպերից ու նաեւ գործազրկության բարձր մակարդակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել