Երեւանում Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը արդեն երկրորդ անգամ անցկացնում է ամենամյա «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի փառատոն: Հոկտեմբերի 8-10-ը «բանաստեղծի բակում» 17 հեքիաթասաց Հայոց աշխարհի տարբեր բարբառներով փոքրիկներին ներկայացրին ոչ բոլորին հայտնի ու քիչ տարածված հեքիաթներ: Օրինակ, Հակոբյան Գոհարը՝ Մեղրաձոր գյուղից, Բայազետի բարբառով պատմեց «Ավճի Այմադը» («Որսորդ Ահմեդը») հեքիաթը: «Այս հեքիաթը, ինչպես նաեւ տասը այսպիսիք, ես գրի եմ առել մեր գյուղի մի տարեց կնոջից»,- նշեց նա մեզ հետ զրույցում:
«Եթե մեր մյուս մշակութային գանձերը օտարները կարող են ոչնչացնել, ինչպես Ջուղայում, ապա այսպիսի գոհարները մեր ձեռքին են, պետք է ուղղակի սիրել»,- ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից ու Լիբանանից էին: Նրանց ընտրել էր ժյուրին, որի կազմում ազգագրագետներ էին, լեզվաբան-բառագետներ, դերասաններ: Կազմակերպիչները տարիքային սահմանափակում չէին դրել: «Ես «մասնագիտությամբ» մայրիկ եմ, հինգ երեխաներս տարիների ընթացքում ինձ սովորեցրել են իրենց հետ սիրել հեքիաթը, նրանց կամակորությունը ինձ ստիպեց հղկվել ու հասնել հաջողության»,- ասում է անցյալ տարի մրցույթում երկրորդ տեղը գրաված Հեղինե Ղազարյանը, ով իր հեքիաթը պատմում է Շիրակի բարբառով: Հանդիսատեսը նույնպես հետաքրքրված էր: «Արդեն 2-րդ տարին է՝ բալիկիս հետ գալիս ենք լսելու հեքիաթները, ուզում եմ, որ նա սիրի մեր բառն ու բանը»,- ոգեւորված էր տիկին Վարդուհին: Փառատոնի մրցանակաբաշխությունը նույնպես հեքիաթային էր. երեք լավագույն հեքիաթասացներ ժյուրիի ընտրությամբ ստացան դրամական մրցանակներ՝ «մի պարկ ոսկի», «մի պարկ արծաթ», «մի պարկ մարգարիտ»: