Լրահոս
Օրվա լրահոսը

Թեստերի կազմման նոր սկզբունք

Հոկտեմբեր 12,2010 00:00

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին

Ավարտվեցին հայոց լեզվի եւ գրականության միասնական ավարտական քննությունները: Կարծիքների բազմազանությունը բնական էր, քանի որ քննական թեստերի կազմման թերությունների մեծ մասը թաքնված էր այն սկզբունքների մեջ, որոնցով ղեկավարվել էին թեստեր կազմողները:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է քննական թեստերի կազմման հետեւյալ սկզբունքը՝
1. Հանձնարարվում է նախարարության համակարգում գտնվող ուսուցչական կոլեկտիվներին, բուհերի համապատասխան ամբիոններին կազմել քննական թեստերի համար հարցեր, որոնք կընդգրկեն լեզվի եւ գրականության հնարավորինս շատ բաժիններ: Հարցեր կարող են ներկայացնել նաեւ առանձին ուսուցիչներ, դասախոսներ եւ այլ շահագրգռված անձինք: Հարցերի քանակի վրա որեւէ սահմանափակում չի դրվում:
Չպետք է բացառել նաեւ նախարարության կողմից սահմանված վճարովի համակարգը (օրինակ՝ յուրաքանչյուր ընդունված հարցի համար 100 դրամ):
Բոլոր թեստային հարցերն ուղարկվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:
Թեստային հարցերը պարտադիր պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին, որոնք նախօրոք հրապարակվում են մամուլում եւ ուղարկվում համապատասխան կազմակերպություններին:
ա) Թեստերը պետք է կազմել երկու մասից: Առաջին մասում ընդգրկվում են այն հարցերը (60-80 հարց), որոնց իմացությունը պարտադիր է միջնակարգ դպրոցն ավարտող բոլոր շրջանավարտների համար՝ անկախ նրանց մասնագիտական ընտրությունից: Երկրորդ մասում ընդգրկվում են հարցեր (20-30 հարց), որոնց իմացությունը պարտադիր է հումանիտար մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու հավակնող շրջանավարտների համար:
բ) Պարտադիր կարգով հարցերի պատասխանները պետք է լինեն դպրոցական դասագրքերում:
գ) Հարցերը պետք է կազմված լինեն համառոտ եւ մատչելի լեզվով, այնպես որ, այն հնարավոր լինի ընթերցել 1 րոպեում մի քանի անգամ:
դ) Հարցերը պետք է պարունակեն 3-5 պատասխան, որոնցից մեկը ակնհայտ ճիշտ է, իսկ մյուսները՝ սխալ: Պետք է բացառվեն, օրինակ՝ «Երկրորդ պատասխանը ավելի ճիշտ է, քան երրորդ պատասխանը» եւ նման դեպքերը: Հարցերը կազմելու համար ցանկալի է հատկացնել 3-4 ամիս:
2. Նախարարությունում ստեղծվում է մասնագետներից կազմված հանձնաժողով՝ նախարարի նախագահությամբ, որտեղ կենտրոնացվում են բոլոր ստացված հարցերը: Հուսով ենք, որ նրանց քանակը կլինի մի քանի հազար: Հանձնաժողովը քննարկում է ստացված հարցերը, որի ընթացքում վերացվում են ակնհայտ անհեթեթությունները, բացահայտ կրկնությունները (նմանատիպ հարցեր կարող են եւ լինել), դպրոցական ուսումնական ծրագրերից դուրս հարցերը եւ այլն:
Մեկամսյա ժամկետում նախարարությունը հրապարակում է (մամուլում,
համացանցում կամ առանձին գրքույկի ձեւով) հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր հարցերը՝ հասարակական քննարկման համար: Այդ հարցաշարը շրջանավարտների համար կհանդիսանա ցուցում՝ առաջացած բոլոր դիտողություններից եւ առաջարկություններից, կատարում է հետագա ճշգրտումներ եւ լրացումներ, կազմում թեստերի համար վերջնական հարցաշարը: Փոփոխությունների եւ լրացումների շարքը հրապարակվում է մամուլում:
3. Վերջնական հաստատված հարցաշարից կազմվում են առանձին թեստեր՝ յուրաքանչյուրում 80-100 հարց՝ առաջին կետում նշված երկու մասերից:
Հնարավոր է ընտրված 80-100 հարցերից կազմված թեստը ներկայացնել մի քանի տարբերակներով (օրինակ՝ 4), փոխելով համարակալման սկզբունքը:
Տարբեր թեստերում հնարավոր են նաեւ որոշակի հարցերի կրկնություններ:
Կարծում ենք, որ կկազմվեն թեստերի 20-30 տարբերակներ, որոնք, առանց համարակալման, տեղադրվում են առանձին ծրարներում՝ Ձեր ղեկավարությամբ: Նախարարը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, պատահականորեն ընտրում է ծրարներից երկուսը (մեկը՝ հիմնական, մյուսը՝ պահեստային տարբերակ), որոնք տեղում կնքվում են եւ ենթակա են հետագա բազմացման:
Մնացած ծրարները տեղում ոչնչացվում են:
Հուսով ենք, որ քննական թեստերի կազմման բերված մեթոդը կապահովի լեզվին եւ գրականությանը վերաբերող հարցերի հնարավորինս լայն շրջանակ, թեստերի գաղտնիությունը եւ կբացառի հետագա շատ թե քիչ հիմնավորված քննադատությունները եւ բողոքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել