Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆՁՈՒՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Իսկ արեւմտահայերենը՝ թուրքաբնակ հայաստանցիների երեխաներին, ոչ այնքան

Ստամբուլում է գտնվում միակ հայկական՝ «Արաս» հրատարակչությունը: Այն հիմնադրվել է 1993թ.՝ մի խումբ ստամբուլահայերի կողմից: Վերջերս, երբ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով մի խումբ լրագրողներով Թուրքիայում էինք, այցելեցինք նաեւ «Արաս», որտեղ մեզ դիմավորեցին հրատարակչության խմբագիր Արտաշես Մարկոսյանը, Փայլինե եւ Թագուհի Թովմասյանները: Պարոն Մարկոսյանն ասաց, որ «Արասի» նպատակը հայկական մշակույթը եւ հայության վերաբերյալ ամեն ինչ հանրությանը ծանոթացնելն է, հայ գրականությունը՝ հայերեն չիմացող հայերին եւ օտարին ներկայացնելը: Խմբագիրը պատմեց, որ հիմնադրման օրվանից մինչ այսօր շուրջ 120 անուն գիրք են հրատարակել, որոնց 1/3-ից \"\"ավելին հայերեն է: Ցանկն էլ սկսվում է մանկականից, ավարտվում պատմափիլիսոփայական գրականությամբ: «Արասը» երկլեզու՝ թուրքերեն-հայերեն հրատարակություն իրականացնող հրատարակչություն է, երբեմն նաեւ անգլերեն գրքեր են տպագրում:
Ա. Մարկոսյանը նշում է, որ իրենց նախաձեռնությամբ Երվանդ Օտյանից մինչեւ Գրիգոր Զոհրապ հրատարակել են: Պարզեցինք, որ Թուրքիայում բոլոր հրատարակիչները ցրիչներ ունեն, որոնք էլ գրքերը տարածում են գրախանութներում: Ոչ ամենուր, բայց Ստամբուլի գրախանութներում հնարավոր է հանդիպել հայատառ գրքերի:
«Արասի» հրատարակչության խմբագիրը փաստում է. «Թուրքիո մեջ ընթերցողներու թիվը կնվազի, Թուրքիան լավ ընթերցողներու երկիր մը չէ, բայց համեմատաբար մեր գիրքերը լավ կընկալվին»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ թուրք ընթերցողների կողմից թուրքերեն հրատարակված հայ ո՞ր հեղինակների գրքերն են փնտրված: Ըստ Ա. Մարկոսյանի, Մկրտիչ Մարկոսյանով, Մնձուրիիով եւ Զահրատով են հատկապես հետաքրքրված: Խմբագիրն ասում է, որ հայկական որոշ դպրոցների պատվերով իրենք մանկական գրականություն եւ օժանդակ կրթական ձեռնարկներ էլ են տպագրում: Հարցին՝ Հայոց ցեղասպանության թեմաներով գրքերը գրախանութները հե՞շտ են վերցնում, հրատարակիչն ասում է, որ այդ իմաստով Թուրքիայում ազատություն է, պատճառն էլ հետեւյալն է. «Քանի որ գիրք կարդացող չիկա»: Նա նաեւ հավելում է, որ ամեն դեպքում «10-15 տարիների ընթացքի փոփոխություններով ազատություն կա» ու դա ամեն քաղաքացի զգում է իր վրա: «Արասում» հնարավոր է տպագրվեն նաեւ թուրք հեղինակներ, թեեւ հիմնականում իրենց գրողները հայեր են: Գիրքն էլ կարող է արժենալ, օրինակ, 40 լիրա, դա համարժեք է 20 եվրոյին:
Ա. Մարկոսյանը նշում է, որ իրենց հրատարակչության գրքերը վաճառվում են Երեւանում՝ «Արթ-բրիջում», ինքը ուսումնասիրել է երեւանյան գրախանութների գրքերը ու որակից դժգոհ է: Ի տարբերություն հայաստանյան հրատարակչությունների, «Արասը» սպիտակ թղթով չի աշխատում, խմբագիրն ասում է՝ նախ այդ գույնը աչքը հոգնեցնում է, հետո այդ տեսակ թուղթը ծանր է եւ առաքման տեսանկյունից՝ ոչ հարմար:
Հետաքրքրվեցինք, օրինակ, Նարեկ տպագրե՞լ են կամ թուրքերեն թարգմանե՞լ են: Մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ Թուրքիայում հայ աշակերտների հայերենն այնքան տկար է, որ իմաստ չունի Նարեկն անգամ հայերեն տպագրել, միեւնույն է՝ երեխաները կկարդան ու չեն ընկալի: Իսկ Սերգեյ Վարդանյանի «Արեւածաղիկը» գրքույկը արեւելահայերենից վերածել են արեւմտահայերենի: Ա. Մարկոսյանը ցավով նշում է, որ Թուրքիայում ապրող հայաստանցի ծնողները չեն ցանկանում, որ իրենց զավակները հայկական դպրոցներ հաճախեն, ինչ է թե՝ ուսուցումը արեւմտահայերեն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել