Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հիմնականում փախստականներով բնակեցված Արեգունի գյուղում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցի 860 մետր հատվածը՝ խողովակները հատկացրել է ամերիկյան «Վաեմս» կազմակերպությունը, իսկ գյուղապետարանը տրամադրել է աշխատուժ եւ տեխնիկա: Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջերին:
Իսկ Փամբակ գյուղում, որը կրկին բնակեցված է հիմնականում փախստականներով, ավարտին է մոտենում 5 կիլոմետրանոց խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը՝ այս անգամ «Շեն» բարեգործական հիմնադրամի օգնությամբ: Անցած տարի հիմնադրամի աջակցությամբ Փամբակում հիմնանորոգվել է 4 կիլոմետր խմելու ջրատարի արտաքին ցանցը: Այժմ արդեն նորակառույց ցանցի շնորհիվ գյուղի բոլոր տները ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ներքին ցանցի կառուցման հետ մեկտեղ «Շենը» բնակիչներին հատկացնում է շինանյութեր՝ իրենց առանձնատների համար կոյուղագծեր կառուցելու համար: Սրան զուգահեռ, ամերիկյան «Վաեմս» կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ Փամբակում իրականացվել է եւս երկու կենսական նշանակության ծրագիր՝ վերակառուցվել է հեղեղի պատճառով քանդված գյուղամիջյան կամուրջը եւ հանդիսությունների սրահը:
Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ Փամբակի գյուղապետարանը ձեռք է բերել 1 կոմբայն, 1 «Բելառուս» մակնիշի տրակտոր՝ իր գյուղգործիքներով, 91 ընտանիքի տրամադրվել է մեկական հղի կով: Փամբակում ծրագրերն այս տարի այսքանով չեն ավարտվելու: Մեկ շաբաթից սկսվելու են փողոցային լուսավորության ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Պահանջվող 20 միլիոնը տրամադրել են օտարերկրյա դոնորները: