Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՐՔԸ ՋՈՒԹԱԿԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Այս տարի Լոռու մարզային գրադարանի հիմնադրման՝ 95, առաջին շենքի կառուցման՝ 70 եւ տիպային շենքի կառուցման՝ 35-ամյակներն են:

Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» պատմվածքը իր նախատիպն ունի՝ Ղարաքիլիսայում դեռեւս 1915 թ.-ին տեղի սակավաթիվ մտավորականության հիմնադրած ժողովրդական գրադարանի աշխատակից Վերգինե Մխիթարյանն է: Մինչ այդ էլ Ղարաքիլիսայում դպրոցական գրադարան է գործել, տեղի մտավորականությունը թատրոն է հիմնադրել, ելույթներից գոյացած գումարով համալրել գրականությունը: Այժմ արդեն Լոռու մարզային գրադարանի յուրաքանչյուր աշխատակից այնքան է լսել Վերգինե Մխիթարյանի մասին, որ զրուցակցին թվում է, թե պատմողն անձամբ ճանաչել է նրան: 1987թ.-ից գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը պատմում է մեծերից լսած պատմությունը գրադարանի աղջկա մասին: Նրա խոսքով, գրադարանում ոչ մի վայրկյան չէր դադարում զրույցն ու վիճաբանությունը: Այնտեղ էին հավաքվում քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Զրույցներին ակտիվ մասնակցում էր գրադարանի աղջիկ Վերգինե Մխիթարյանը՝ իր փայլուն ուղղամտությամբ ու ուժեղ տրամաբանությամբ. «Կարելի է ասել, չէր սխալվել գրողն իր հերոսուհու նախատիպը փնտրել-գտնելով այս օջախում, ուր միշտ սերնդափոխություն է կատարվում»,- ասաց տիկին Ջանջուղազյանը:
Ժողովրդական գրադարանի հենքի վրա Սովետական Ղարաքիլիսայում 1927 թ.-ին ստեղծվեց քաղաքային գրադարանը, որն ուներ ընդամենը 5-6 հազար կտոր գրականություն եւ մի քանի հարյուր բաժանորդ: 1940-ին արդեն գրադարանում 20 հազար միավոր գիրք կար, իսկ բաժանորդների թիվը հատեց 2000-ի սահմանը: Նույն տարում շահագործման հանձնվեց գրադարանի նորակառույց երկհարկանի շենքը, որն ուներ 4 դահլիճ, իսկ ընթերցարանի համար նախատեսված 2 դահլիճները 70-80 ընթերցողի տեղ ունեին: Նույն՝ 1940-ին Կիրովականում բացվեց առանձին մանկական գրադարան՝ 3450 գրքով եւ 720 պատանի բաժանորդով: Գրադարանի 87-ամյա աշխատակից Էլիզա Հովսեփյանը հիշում է, թե ինչ համակարգված աշխատանք էր արվում ու ափսոսում է, որ ժամանակի հետ ամեն ինչ փոխվել է. «Այն ժամանակ պաշտոնյաները իրենց երեխաների ու թոռների ձեռքից բռնած՝ գալիս էին գրադարան, մանկապարտեզի տարիքից մինչեւ ուսանող՝ ընթերցող ու այցելու ունեինք, հիմա բողոքում են այցելուների քիչ թվից»,- պատմում է 46 տարի գրադարանի պատերի ներսում անցկացրած Էլիզա տատը:
1974 թ.-ին Կիրովականում քաղաքային կենտրոնական գրադարանի հենքի վրա ձեւավորվեց Գրադարանների կենտրոնացված համակարգը (ԳՀԿ)՝ վեց մանկական եւ մասսայական մասնաճյուղերով: Մեկ տարի անց շահագործման հանձնվեց գրադարանի տիպային նորակառույց շենքը: Շինությունը Կիրովականի ղեկավարների ուշադրության կենտրոնում էր: Նոր շենքում տեղավորվեց համակարգի կենտրոնական գրադարանը, եւ մինչ օրս աշխատում է ձեւավորված 7 բաժիններով: 1999թ.-ից գրադարանում ստեղծվեցին նոր բաժիններ՝ Ամերիկյան անկյունը, Ռուսական հյուրասրահը, այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժինը, համակարգչային սրահը: 2009-ից գրադարանում գործում է կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը՝ («Առավոտ», 03. 04. 2010՝ «Արեւ»-ի շող կույրերի համար»):
Այսօր Լոռու մարզային գրադարանում 184 325 միավոր գրականություն կա, ընթերցողներ՝ անցած տարվա տվյալներով, 12 828:
Գրադարանի ամենահին գիրքը 1911 թվականին հրատարակված «Արքայադուստրն ու թզուկը» հեքիաթն է: Կոմունիստական քարոզչական ոգով գրված գրականության մեծ մասը ոչնչացվել է, եւ այսօր գրադարանում մինչեւ 1925 թ. հրատարակված 18 անուն գիրք կա միայն:
Մակվալա Թառոյանը հիշում է, թե որքան մեծ կապ կար այն տարիներին ընթերցողների եւ գրադարանավարների միջեւ: Հիմա պայմանները շատ լավ են, բայց գրադարանի ու առհասարակ գրքի հանդեպ հետաքրքրությունն է մարել: «Գրադարանավարի ձեռքին գիրքը ջութակի դեր էր կատարում: Բառերը շատ թույլ են արտահայտելու այն սերը, որ զգում եմ գրքի ու գրականության հանդեպ»,- հուզված պատմում է 48 տարվա աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարուհին: Նրա գործընկեր Սիլվա Բաղդասարյանն էլ հավելում է, որ վերջին տարիներին որոշակի ուշադրություն դարձվում է, 2004թ.-ից նշվում է գրադարանավարի օրը, հատուկ վերաբերմունքի եւ շնորհակալագրերի են արժանանում գրադարանավարները: Սակայն աշխատավարձը դեռեւս չնչին է: «Դրա համար աշխատում են միայն նվիրյալները, ում համար գրադարանը մշակույթի աղբյուր է», -նկատեց տիկին Սիլվան: 32 տարիների ընթացքում նա առիթ է ունեցել սպասարկելու ուսանողների, ովքեր հիմա քաղաքի մշակույթի ու մտավորականության ներկայացուցիչներն են: Հիմա էլ կապը կա, նրանք արդեն չեն գալիս ընթերցելու, այլ ուղղակի ողջունելու ու զրուցելու: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել