Ապրիլի 6-ին «Ծառարմատներից ու կոճղերից՝ արվեստի գործեր» հրապարակմամբ ներկայացրել ենք վանաձորցի քանդակագործ Սուսաննա Օհանյանին՝ ով կնոջ համար անսովոր մասնագիտություն է ընտրել: Այսօր փայտից շունչ առած 75 կերպարներով առաջին անգամ է վանաձորցի արվեստասերներին իր 15-ամյա աշխատանքի արդյունքը ներկայացնում քանդակագործ Սուսաննա Օհանյանը: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են մայրաքաղաքում, սակայն հարազատ օջախում ցուցադրվելը ավելի պարտավորեցնող է: «Աշխատելն ավելի լավ է ստացվում, քան ցուցադրվելը, այստեղ իմ ընկերներն են, իմ հարազատները, նրանց գեղագիտական ճաշակը ապահովելը կրկնակի պատասխանատու է»,- ասում է քանդակագործը:
Սուսաննա Օհանյանը սիրած գործով զբաղվելու հնարավորություն չի ունեցել, 1977 թվականից միայն մեկ գործ է ներկայացված: 1995 թվականին՝ հասուն տարիքում է նորից ձեռքը վերցնում մուրճն ու դուրը՝ հաղթահարելով բազում դժվարություններ. «Այն ժամանակ փայտ հայթայթելը շատ դժվար էր, ում ձեռքը փայտ էր ընկնում՝ վառում էր, իսկ ես հավաքում էի, փայտի ձեւն արդեն ներշնչում է, թե ինչ եմ քանդակելու»,- պատմեց քանդակագործը: Վերջին ստեղձագործությունը՝ «Ճոճահարն» էր, որը, ըստ քանդակագործի, ամբողջացրեց «Թռչներգ» հավաքածուն: Դեռ 10 օր վանաձորցիները կարող են վայելել «Կանաչ աշուն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ գերիշխողը կնոջ հույզերն են.
«Աշունը ես եմ, կանաչը գործերս,
Հենված աշխարհին, աշնան ոտքերով
Գարնան երգեր եմ երգում աշխարհին»: