Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գույքը գրանցում են միայն վաճառելի՞ս

Հոկտեմբեր 12,2010 00:00

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գրանցման գործընթացն անբավարար վիճակում է Սյունիքի մարզում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները մարզի համայնքներում ամբողջությամբ չեն կատարվել, խնդրին տեղյակ է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տեղեկատվությամբ՝ մարզի 109 համայնքներում հաշվառված համայնքային սեփականություն համարվող 607 շենքերից եւ շինություններից իրավունքի պետական գրանցում է ստացել միայն 213-ը կամ 35 տոկոսը: Վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքային սեփականության գույքի գրանցումներ չեն կատարվել մարզի 52 համայնքներում՝ Աղվանի, Առաջաձոր, Գեղի, Դավիթ-Բեկ, Եղեգ, Եղվարդ, Կաղնուտ, Ձորաստան, Շրվենանց եւ այլն: Իսկ գրանցման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է քսան գյուղերում՝ Ագարակ, Աճանան, Անտառաշատ, Խդրանց, Ծավ, Ճակատեն, Ներքին Խոտանան, Սյունիք, Սեւաքար եւ այլն:
«Համայնքային սեփականության գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ուղղությամբ համեմատաբար հետեւողական աշխատանքներ են տարվել քաղաքային համայնքներում՝ համայնքային սեփականություն հանդիսացող 149 գույքային միավորից գրանցվել է 86-ը (58%): Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել չգրանցված վարչական շենքերի եւ այլ շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Համաձայն ստացված տեղեկատվության՝ ընթացքի մեջ են ընդամենը 26 շինությունների գրանցման աշխատանքները, որը բավարար համարել չի կարել»,- նշում է Սեյրան Ավետիսյանը:
Համայնքների ղեկավարները գույքի գրանցումը չիրականացնելու հիմնական պատճառ են բերում ֆինանսների սղությունը, սակայն նկատելի է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ հիմնականում իրականացվում են գույքի հետ կապված գործարքներ կնքելու անհրաժեշտության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել