Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուստուրիցան ու Քափլանօղլուն ընդհարվել են

Հոկտեմբեր 12,2010 00:00

«Ես առաջիններից եմ, ով Թուրքիայում ներողություն է խնդրել հայերից»: Այս մասին tert.am-ի մատուցմամբ թուրքական Taraf օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, ում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Թուրքիայից հեռանալուց առաջ խորհուրդ էր տվել խոսել նաեւ Հայոց ցեղասպանության մասին: «Ըստ էության, ինձ ամենից շատ բարկացրել է Կուստուրիցայի հենց այդ հայտարարությունը: Նա ասում է՝ ինչու ոչինչ չեմ խոսել 1915թ. եւ իրաքյան իրադարձությունների մասին: Թող չընկալվի այնպես, թե ուզում եմ պաշտպանել ինձ, սակայն ի գիտություն Կուստուրիցայի, ասեմ, որ ես առաջիններից եմ, ով իր ստորագրությամբ աջակցեց Թուրքիայում մեկնարկած «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբորից» արշավին: Բացի այդ, մասնակցել եմ իրաքյան պատերազմի դեմ բոլոր արշավներին»,- հայտարարել է Սեմիհ Քափլանօղլուն՝ ավելացնելով, թե Կուստուրիցայի անձի հետ կապված մանրամասներ ինքն իմացել է ընդամենը մեկ ամիս առաջ:
«Մեկ ամիս առաջ Սան Սեբաստիանում բոսնիացի մի ռեժիսորից իմացա, որ Կուստուրիցան մոտ հարաբերություններ է ունեցել Բոսնիայում պատերազմի ժամանակ հանցագործություններ իրականացրած անձանց հետ»,- ասել է Քափլանօղլուն: Նշենք, որ Սեմիհ Քափլանօղլուի «Մեղր» ֆիլմով բացվել էր այս տարվա «Ոսկե ծիրան» երեւանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագիրը։ Բացի այդ, Քափլանօղլուն «Ոսկե ծիրան» երեւանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Հոկտեմբերի 9-ին Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիա էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Թուրքիայում իր հասցեին քաղաքական գործիչների եւ արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է: «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- ասել էր Կուստուրիցան Քափլանօղլուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել