Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՆՏԻՄԵՏՐԱՆՈՑ ՔԱՅԼԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Սփյուռքահայ լրագրողի կարծիքով, համահայկական խորհրդաժողովները կարող են օգտակար լինել, եթե իսկապես ծառայեն իրենց նպատակին:

«21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այսօրվանից, հինգ օրով, Արցախում են հավաքվելու զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլեւ՝ Սփյուռքից: 27 երկիր, մոտ 200 հոգի: «Հայ մամուլն ու հանդուրժողականությունը» թեմայով ելույթ է նախապատրաստել Լիբանանում սփռվող «Ռադիո Սեւանի» ծրագրերի պատասխանատու Վերա Աբովյան-Սիսերյանը, որի կարծիքով՝ թեեւ որոշ կաշկանդումներ հայկական մամուլում կան, բայց չի կարելի չնկատել նաեւ առաջընթացի միտումը: «Հատկապես այդ առաջընթացը լավ է նկատվում մեր երկրի մակարդակին հավասար այլ երկրների համեմատության մեջ»,- ասաց տիկին Աբովյան-Սիսերյանը:
Լիբանանահայ լրագրողը հայկական մամուլի ակտիվ ընթերցողներից է: Հավանում է մամուլի վարած քաղաքականությունն ու ազատ մտածելակերպը, բայց ոչ լեզուն: Լրագրողական մտքի ազատությունը կրկին դիտարկելով համեմատության մեջ, նկատեց, որ, ի տարբերություն տարածաշրջանում լույս տեսնող այլ տպագիր մամուլի, հայ մամուլն անհամեմատ ավելի անկաշկանդ է, լրագրողն էլ՝ վստահ իր ասելիքում:
Իսկ հեռուստատեսային եւ տպագիր մամուլի տարբերությունը, այնուամենայնիվ, արձանագրել է: Նրա կարծիքով, հայկական հեռուստաալիքները վերահսկվում եւ ուղղորդվում են, «ինչն այնքան էլ սխալ չէ: Աշխարհը մի քանի կանալներ դիտում է, եւ եթե շատ հարցեր որոշակի ուղղորդում են ստանում, ես դա հասկանում եմ»:
Անդրադառնալով համահայկական, մասնագիտական խորհրդաժողովների անհրաժեշտությանը՝ Վերա Աբովյան-Սիսերյանը կարեւորեց դրանց դերը, միայն՝ եթե դրանք իրապես ծառայեն նպատակին: «Նախ այդ խորհրդաժողովների միջոցով ենք ծանոթանում եւ կապեր ստեղծում մեր գործընկերների հետ, իսկ հետո՝ միմյանց փոխանցում մեր փորձառությունը: Ասել, թե այսօրինակ ժողովները ձեւական բնույթ են կրում, որտեղ միայն գումարներ են ծախսվում, ճիշտ չէ, որովհետեւ մտքերը բյուրեղանում եւ կյանքի են կոչվում հենց այդ ժողովներից հետո՝ տեւական ժամանակաընթացքում»,- նկատեց լիբանանահայ լրագրողը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ դրսում այսօրինակ խորհրդաժողովներից կարելի է կոնկրետ արդյունքներ սպասել, իսկ մեզ մոտ՝ ոչ այնքան, տիկին Վերան պատասխանեց. «Այս ամենը պետք է մասշտաբների մեջ դիտարկել. եթե զարգացած երկրներում այդ առաջընթացը մեծ քայլերով է ընթանում, ապա մենք՝ մեր քայլերն անում ենք մեր մասշտաբների մեջ: Ճիշտ է՝ դրանք սանտիմետրանոց քայլեր են, բայց տեղաշարժը դրական է, չէ՞»:
Նույն հարցի վերաբերյալ այլ էր, սակայն, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Արշալույս Գաբուջյանի տեսակետը: «Արտասահմանում առաջնորդվում են կոնկրետ ծրագրերով, այնտեղ վերլուծական միտքն է գործում: Իսկ մեզ մոտ դրանք բացակայում են: Ինչ էլ ստացվում է, ստացվում է պատահականության սկզբունքով կամ՝ լինում է հանպատրաստից»:
Միջազգային խորհրդաժողովների հարուստ փորձ ունեցող Արշալույս Գաբուջյանը արցախյան հավաքի մասնակիցների ցուցակը նախապես է ուսումնասիրել: Գտնում է, որ այն անձինք, ովքեր ներկայացված են խորհրդաժողովին, խոսքի եւ ասելիքի իմաստով այնքան ազդեցիկ ուժեր են, որ վճռական լինելու դեպքում ի վիճակի են համալիր լուծումների ու առաջարկությունների ճանապարհով հստակ եւ կարեւոր ձեռքբերումներ ունենալ հայկական մամուլը անխոցելի դարձնելու գործում:/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել