Հրդեհներ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, կիրակի օրը ժամը 17.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում կայանած ավտոմեքենայում:
Այրվել են Նուկզար Բեռայային պատկանող «Վոլվո» մակնիշի GAL 852 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետեւի 2 անիվները:
Յուրի Վարդանյանը՝ վնասվածքներով
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ աշխարհահռչակ ծանրամարտիկ, Երեւանի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ՝ 54-ամյա Յուրի Վարդանյան) բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին (վարորդ՝ Աբովյանի բնակիչ Սերժիկ Գասպարյան), ինչի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւան:
Կայուն ծանր է
Հոկտեմբերի 10-ին, ժամը 01.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Բախվել են «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի 13 ՕՕ 707 պետհամարանիշի (վարորդ՝ Երեւանի բնակիչ Արտաշես Մելքոնյան ), «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 8302 պետհամարանիշի (վարորդի անձը պարզված չէ) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ՕՏ 544 պետհամարանիշի (վարորդի անձը պարզված չէ) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ա. Մելքոնյանը ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
Պնձամոլիբդենայինին հարակից
Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային գործարանի հարակից սարալանջում:
Պայթյուն՝ գազի արտահոսքից
Հոկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սեւակի փողոցի թիվ 35 տանը: Տեղում պարզվել է, որ բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն (առանց հրդեհի առաջացման), ինչի հետեւանքով Գ. Հարությունյանին պատկանող մեկհարկանի քարաշեն տան արտաքին պատերը դեֆորմացվել են, ներքին պատերը՝ փլուզվել: Տանիքածածկի երկաթբետոնե կառուցատարրերը գրեթե ամբողջությամբ փլուզվել են, պատուհանները տեղահանվել եւ շպրտվել են տարբեր կողմեր:
Պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել տան բնակիչներ՝ 52-ամյա Գոհար Հարությունյանը (1-ին եւ 2-րդ աստիճանի) եւ 26-ամյա Իշխան Սարդարյանը (1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի): Տուժածների վիճակը գնահատվել է կայուն բավարար:
Թունավորումներ
Հոկտեմբերի 10-ին, ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15-ին դեղորայքային թունավորումով (օգտագործել է կատվախոտի հաբեր) Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 2008թ. ծնված Ս. Մովսիսյանը: Ս. Մովսիսյանը ստանալով ամբուլատոր բուժում՝ դուրս է գրվել:
Նույն օրը, ժամը 23.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժ.20.05-ին Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ,1978թ. ծնված Կ. Մովսիսյանը՝ գյուղթունաքիմիկատային թունավորումով (պատահմամբ ըմպել է ֆոսֆորային մագնեզիում):
Ըստ բժիշկների՝ Կ. Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է:
Տրոլեյբուսն ու դիմապակին
Հոկտեմբերի 11-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թեւոսյան փողոցի թիվ 12 հասցեում՝ տրոլեյբուսների հավաքակայանում:
Այրվել է 027 համարանիշի տրոլեյբուսն ամբողջությամբ եւ 019 համարանիշի տրոլեյբուսի դիմապակին ու 1 նստարանը:
Ոսկու շուկայի աշխատակցուհուն կալանավորել են
Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Մելինե Մարգարյանի նկատմամբ այս տարվա հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ: Ոսկու շուկայի աշխատակցուհի Մ. Մարգարյանը մեղադրվում է խարդախության մեջ:
Մարգարյանն ունի 2 որդի, որոնցից մեկը ծառայում է բանակում: Չնայած վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ նա խնամքին որեւէ մեկը չունի: Մ. Մարգարյանը 2008թ. դեկտեմբերի 30-ից տեղափոխվել էր «Տաշիր» առեւտրի կենտրոնի տոնավաճառ:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
Աշխատակազմի ղեկավարին ծեծել են
Օրեր առաջ նախարարություններից մեկի աշխատակազմի ղեկավարին ծեծել էին իր աշխատատեղում: Աշխատակազմի կին պատասխանատուն ժամանակին մասնակից է դարձել քաղաքացու ազատազրկմանը:
Բնականաբար, նրա գործին ընթացք չի տրվել, քանի որ նա «պատասխան» է ստացել նախկինում կատարած իր մի արարքի համար:
Մանրամասները՝ առաջիկայում: