Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ,
հոկտեմբերի 7-ին քննության դրեց եւ հրապարակեց Անդրանիկ Չիվտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռը:
2009թ. հունիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ 5 անգամ դատված Ա. Չիվտչյանի նկատմամբ՝ ՀՀ դատախազության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:
Ամբաստանյալ Անդրանիկ Չիվտչյանը վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 2003թ. սեպտեմբերի 8-ին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից, 8 տարի ժամկետով:
2009թ. փետրվարի 24-ին էլ, ժ. 22.30-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի 28-րդ շենքի բակում նկատել է արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական 81-ամյա Նիկոլայ Հովհաննիսյանին: Ամբաստանյալը հակում ուներ տարեցների նկատմամբ ոտնձգություններ կատարելու, նրանցից որեւէ իր հափշտակելու:
Ա. Չիվտչյանը Սայաթ-Նովայի փողոցում մոտեցել է տուժող Ն. Հովհաննիսյանին եւ բարեւել: Վերջինս ամբաստանյալին շփոթել է իր ծանոթ՝ «Ականավոր գյումրեցիներ» աշխատության հեղինակ Գագիկ Վարդանյանի հետ: Ն. Հովհաննիսյանը հետաքրքրվել է «հրատարակչից»՝ աշխատության հրատարակման գործընթացի մասին: «Հրատարակիչ» Ա. Չիվտչյանը հավաստիացրել է, թե իբր հրատարակչական աշխատանքներն ընթանում են նորմալ եւ շուտով կավարտվեն, ապա՝ շարունակել է մտերմիկ զրույց վարելով տուժող Ն. Հովհաննիսյանին ուղեկցել դեպի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 28 շենք: Շենքի շքամուտքի մոտ Ն. Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել ամբաստանյալ Ա. Չիվտչյանին եւ բաժանվել: Սակայն, ըստ նախաքննության եւ դատաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցների, վերջինս Ն. Հովհաննիսյանի հետեւից գնացել է Սայաթ-Նովայի փողոցի 18-րդ շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկի աստիճանահարթակ, որտեղ ձեռքում եղած բութ առարկայով հարվածել է Ն. Հովհաննիսյանի ճակատին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: «Հրատարակիչը» հափշտակել է Ն. Հովհաննիսյանին պատկանող «Նոկիա» բջջային հեռախոսը կանխավճարային համարով (62 հազար 394 դրամ արժողության) եւ դիմել փախուստի:
Ամբաստանյալը հեռախոսով զանգել է իր մանկության ընկեր՝ Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքի բնակիչ Գեւորգ Զազյանին («Զազ» մականունով):
Հափշտակած բջջային հեռախոսի ապարատը հանցագործը նվիրել է իր սիրուհուն՝ Կապան քաղաքի բնակչուհի Հ. Ա.-ին, որն էլ հիշյալ բջջային հեռախոսը շահագործել է մի քանի հեռախոսահամարներով:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Անդրանիկ Չիվտչյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել, որ, իրոք, ավազակային հարձակում կատարելու մտադրությամբ Երեւանի Սայաթ-Նովայի 18-րդ շենքի մոտակայքում մոտեցել է տուն վերադարձող Նիկոլայ Հովհաննիսյանին, մտերմիկ զրույցի բռնվել հետը, իսկ նույն շենքի շքամուտք մտնելով՝ գրկել եւ վեր է բարձրացրել Ն. Հովհաննիսյանին, ապա սկսել են միմյանց քաշքշել: Այդ ընթացքում Ն. Հովհաննիսյանի վերարկուի աջ գրպանից հափշտակել է «Նոկիա» բջջային հեռախոսը, հարվածել, հրել վերջինիս եւ փախուստի դիմել: Ի դեպ, հանցագործությունից հետո Ն. Հովհաննիսյանը, որ սալջարդ էր ստացել գլխի շրջանում, վիրահատվել է:
Անկողնուն գամված տուժող Ն. Հովհաննիսյանը պնդել էր, որ տուն վերադառնալիս՝ իրեն է մոտեցել անծանոթ մի տղամարդ եւ բարեւել: Անծանոթին շփոթել է հրատարակիչ Գագիկ Վարդանյանի հետ եւ միասին քայլելով մտել են Սայաթ-Նովայի 18-րդ շենքի 3-րդ մուտքը, որտեղ նրան հրաժեշտ է տվել: Նույն պահին անծանոթը կռանալով բռնել է իր ծնկներից, վեր բարձրացրել, ապա՝ իր պահանջով ցած է իջեցրել, որից հետո սկսել են միմյանց քաշքշել: Այդ ընթացքում անծանոթը ձեռքում եղած ինչ-որ առարկայով հարվածել է ճակատին, ինչի հետեւանքով վայր է ընկել եւ ուշաթափվել: Գիտակցության գալով հայտնաբերվել է, որ իր վերարկուի աջ գրպանից բացակայում է «Նոկիա» բջջային հեռախոսը: Շտապօգնության աշխատակիցներն իրեն, գլխուղեղի ցնցմամբ, տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է:
Վկա Հ. Ա.-ն դատարանում հետազոտված, նախաքննական ցուցմունք է տվել, որ ամուսնու ընկեր Անդրանիկ Չիվտչյանին ճանաչել է մի քանի տարի եւ նրա հետ գտնվել է մտերիմ փոխհարաբերությունների մեջ: Անդրանիկ Չիվտչյանը հաճախակի է այցելել իրենց, օգտվել է իր անվամբ գրանցված հեռախոսահամարից, որով հաճախակի է իր հետ հեռախոսազրույց ունեցել: Սակայն, հավատարիմ մնալով սիրուհու կարգավիճակին, այս վկան հայտնեց, թե Կապանում անծանոթ մի անձնավորությունից 4000 դրամով գնել է «Նոկիա» բջջային հեռախոսի ապարատ, որն իր եւ ընտանիքի անդամների կողմից շահագործվել է իրենց պատկանող հեռախոսահամարներով: Դատարանը վկա Հ. Ադամյանի ցուցմունքը այդ մասով համարեց անարժանահավատ եւ գտավ, որ նման ցուցմունք տալով ցանկանում է իր հետ ինտիմ կապերի մեջ գտնվող Ա.Չիվտչյանին հովանավորել:
Տուժողի բջջային հեռախոսի վերծանումներով պարզվել է, որ հիշյալ բջջային հեռախոսը հանցագործության դեպքից 12 օր հետո շահագործվել է միայն ամբաստանյալ Ա. Չիվտչյանի հեռախոսահամարով, իսկ դրանից 2 օր անց՝ Հ. Ադամյանի վերը նշված հեռախոսահամարներով:
Ի դեպ, ապացույցների հետազոտման ժամանակ հրապարակվեց ՀՀ ԱՆ դատական դեպարտամենտից ստացված Անդրանիկ Չիվտչյանի նկատմամբ նախկինում կայացված դատավճիռները, համաձայն որոնց մեղադրյալ Ա. Չիվտչյանը նախկինում հափշտակություններ կատարել է միեւնույն եղանակով (քրեական գործ, հատոր 3, էջ 143-164):
Անդրանիկ Չիվտչյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը 11 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի՝ 142 394 ՀՀ դրամի չափով: