Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ բյուջեն մեծանում է

Հոկտեմբեր 12,2010 00:00

Ինչ անում են, աշխատակիցների համար են անում

2011-ին նախատեսվում է ՀՀ Կենտրոնական բանկի բյուջեն ավելացնել եւս 9%-ով: Այսպիսի շռայլ անհրաժեշտությունը ԿԲ-ն պայմանավորում է նոր ծրագրերի ու աշխատատեղերի ավելացմամբ:
Ինչպես ամեն տարի, 2011-ին էլ բանկը մեծացրեց վարչական ծախսերի ծավալը: Ըստ ԿԲ 2011 թվականի վարչական ծախսերի նախահաշվի, հաջորդ տարի ծախսերը կկազմեն 5412,6 միլիոն դրամ, ինչը 9,9%-ով գերազանցում է ՀՀ օրենքով սահմանված այս տարվա ցուցանիշը: Սրա հիմնական մասը՝ 97,4%-ը, բաժին կընկնի բանկի ապարատի պահպանման ծախսերին, ինչը այս տարվա ցուցանիշից մոտ 10%-ով ավելի է:
«Ինչ անում ենք, աշխատակիցների համար ենք անում»: Մոտավորապես այս սկզբունքով առաջնորդվող ԿԲ խորհուրդը ապարատի պահպանման ծախսերի ավելացումը բացատրում է աշխատակիցների՝ առանց այն էլ շատ բարձր աշխատավարձերի ավելացմամբ: Աշխատակիցների աշխատավարձի գծով ծախսերի համար 2010 թվականին սահմանված էր 3580,9 միլիոն դրամ, բայց ԿԲ խորհուրդը հաջորդ տարի նախատեսել է 365,1 միլիոն դրամով ավելացնել այդ ծախսերը, որ հավուր պատշաճի աշխատակիցներին վճարի հանգստյան ու տոնական օրերի համար, ինչպես նաեւ ապահովի հավելյալ խրախուսականներն ու պարգեւատրումները: Հաջորդ տարի նաեւ նախատեսվում է 710 աշխատակիցների թիվն ավելացնել եւս 40-ով՝ յուրաքանչյուրի համար էլ նախատեսվում է մոտ 440 հազար դրամի աշխատավարձ: Նոր աշխատակիցների ներգրավմամբ ԿԲ-ն նպատակ ունի մեծացնել գործառույթների դաշտը, իրագործել անհրաժեշտ միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում ֆինանսական կայունությանը, փողերի լվացման դեմ պայքարի ապահովմանը:
Այս տարվա համեմատ՝ 2011-ի նախահաշվով կտրուկ աճել են նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ու սոցիալական ապահովության գծով ծախսերը. դրանք կկազմեն 4220,9 միլիոն դրամ, ինչը գերազանցում է օրենքով սահմանված ցուցանիշը՝ մոտ 10%-ով: Հաջորդ տարի եւս բանկի աշխատակիցները արտասահմանում վերապատրաստվելու լայն հեռանկարներ կունենան: Այս ամենի մասին ղեկավարությունը նախապես մտածել է: Չնայած որ հաջորդ տարվա ԿԲ ծրագրերում նախատեսված, թերեւս, միակ կրճատումը վերաբերում է գործուղումներին: Հաշվի առնելով ավիատոմսերի թանկացումը՝ ղեկավարությունը որոշել է այս հարցում գումար տնտեսել՝ թե՛ իրեն, թե՛ աշխատակիցներին զրկելով ճամփորդելու մեծ ցանկությունից: Այնուհանդերձ, հաջորդ տարվա համար նախատեսված գործուղման ծախսերը՝ 411,6 միլիոն դրամ, էլի գերազանցում են այս տարվա ցուցանիշը՝ մոտ 42 միլիոն դրամով: Ավելացել են նաեւ բանկի ներկայացուցչական ծախսերը՝ այն կկազմի 54 միլիոն դրամ, ինչը 6,4 միլիոն դրամով ավելի է այս տարվա ցուցանիշից:
ԿԲ խորհրդի մեկնաբանությամբ, հաջորդ տարի նախատեսվում է մի շարք միջազգային պատվիրակությունների ընդունելությունների, միջազգային ձեւաչափով սեմինար-դասընթացների կազմակերպում: Օրենքով հաստատված մակարդակը 10,3 միլիոն դրամով էլ գերազանցում է ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ու սպասարկման 2011 թվականի ծախսերը՝ նախատեսելով 76,8 միլիոն դրամի չափով գումար:
ԿԲ խորհուրդը չի անտեսել նաեւ հաջորդ տարի տեղեկատվության եւ մասնագիտական գրականության ձեռք բերումը՝ այս ծախսերի համար նախատեսելով 65,4 միլիոն դրամ, ինչը կրկին գերազանցում է այս տարվա ցուցանիշը: Շենքի մաքրության, բնականոն գործունեության ապահովման, էլեկտրասարքավորումների վերանորոգման, արխիվի կարգավորման համար էլ 4,5 միլիոն դրամ են նախատեսել, ինչը էլի գերազանցում է 2010-ին նմանատիպ ծախսերի ծավալը: Անփոփոխ են մնացել միայն չնախատեսված ծախսերը, հաջորդ տարի էլ դրանց համար սահմանվել է 15 միլիոն դրամ: Բանկը նախատեսել է նաեւ համակարգչային նոր տեխնիկա, նոր գույք, անվտանգության ապահովման համար հիմնական միջոցներ եւ էլի «մանր-մունր» շատ ծախսեր: Կառավարությունն արդեն այս նախահաշվի վերաբերյալ տվել է իր եզրակացությունը, նշելով, որ չնայած նախահաշվով նախատեսված ծախսերի ուղղություններն ու ծավալները հնարավորություն կտան բանկին ապահովել իր բնականոն գործունեությունն ու կարողությունների զարգացումը, բայց, այնուամենայնիվ, խորհուրդ է տվել ԿԲ-ին մեկ անգամ եւս քննարկել 2011-ին առաջարկվող ծախսերը՝ դրանց ծավալը հնարավորինս կրճատելու նկատառումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել