Լրահոս
Օրվա լրահոսը

«$330 ԳԱԶԻ ԳԻՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱԼ ՉԷ»

Հոկտեմբեր 12,2010 00:00

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսագիտական դիվանագիտություն ունենալու դեպքում ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է այդքան չբարձրանալ:

Այն օրվանից, ինչ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարեց, որ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի համար 2011-ին գազի գները բարձրանալու են, եւ որ Հայաստանի համար այն հավասարվելու է եվրոպական գներին, այսինքն՝ 1000 խմ-ն լինելու է 330-350 դոլարի սահմաններում՝ մեր երկրում նոր խուճապ առաջացավ: Ներկայումս 1000 խմ գազը մենք գնում ենք 180 դոլարով, եւ գազի կրկնակի թանկացումը, ինչ խոսք, մեր տնտեսությունում լուրջ ցնցումներ կառաջացնի: Գազի սակագների բարձրացման հետեւանքով Հայաստանում առաջին հերթին կթանկանա արդյունաբերական արտադրանքը, կբարձրանան շինանյութի՝ ցեմենտի, գաջի գները եւ շղթայական ռեակցիայով կբարձրանա նաեւ անշարժ գույքի գինը, կթանկանա տրանսպորտը, ինչը անմիջականորեն կազդի համեստ աշխատավարձով կամ թոշակով ապրող քաղաքացու գրպանի վրա:
Այն, որ 2011-ի ապրիլին գազը Հայաստանի համար թանկանալու է, դա արդեն միանշանակ է: Այս առնչությամբ թե ինչ պետք է անի մեր կառավարությունը՝ հնարավոր ցնցումներից խուսափելու համար, «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետները ներկայացրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով՝ «Կառավարությունն արդեն իսկ հաշվի է առել մեր առաջարկները եւ նոյեմբերի 1-ից գազի հետեւանքով գնաճային ճնշումները մեղմելու համար 2500 դրամով բարձրացնելու է կենսաթոշակները: Եվ հաջորդ տարի էլ, եթե գազը թանկացավ, առաջինը, որ պետք է անի կառավարությունը՝ խոցելի խմբերին սուբսիդավորելն է եւ կենսաթոշակները կրկին բարձրացնելը»: Չնայած այդ 2500 դրամը չի կարելի լրիվ փոխհատուցում համարել շուկայում առկա գնաճին, բայց, պարոն Մանասերյանի խոսքերով՝ «Կյանքը ցույց տվեց, որ հասարակության տարբեր խմբերին գազի գնի պատճառով կառավարության սուբսիդավորումն էլ ճիշտ չէր, քանի որ դրանից այնպիսի մարդիկ օգտվեցին, որ կարիք չունեին: Պետք է պետբյուջեի սուղ միջոցներով որոշակի աջակցություն տրամադրել միայն խիստ կարիքավորներին ու առավել գերակա ոլորտներին»: Այս օրերին թե՛ էներգետիկայի նախարարը, թե՛ կառավարության այլ անդամներ, հենց գազի սակագնի բարձրացման մասին խոսք է լինում, միանգամից սկսում են համոզել, թե առանց այդ էլ մեր եղբայրները այսքան տարի մեզ խիստ արտոնյալ գներով են գազ վաճառել, թե տեսեք՝ Թուրքիային ինչ գնով են ծախում եւ այլն: Այս առնչությամբ պարոն Մանասերյանը գտնում է, որ պետք չէ հաշտվել «Գազպրոմի» առաջարկած սակագնի հետ ու ընդունել այն միանշանակ. «Մենք ռազմավարական դաշնակից երկրներ ենք, եւ նման դաշնակիցները չեն սահմանափակվում որեւէ ոլորտով: Ասում են, թե 330 դոլարը նորմալ գին է, սակայն պետք է հաշվի առնել՝ ո՞ւմ համար է նորմալ: Դաշնակից եւ ոչ բարեկամ երկրների համար դա, կարծում եմ, նույնը չէ: Եվ հետո, Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր չէ: Եթե լիներ՝ կարող էր պատճառաբանել, թե ԱՀԿ-ն պահանջում է ոչ խտրական, հավասար վերաբերմունք դրսեւորել բոլորի նկատմամբ, այնպես որ, որեւէ լուրջ հիմնավորում չկա գազի գինը Հայաստանի համար եվրոպական գներին հավասարեցնելու: Առավել եւս, որ ռազմավարական դաշնակցություն կա խիստ սահմանափակ թվով երկրների միջեւ: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի իր դաշնակից երկրի տնտեսության կայունացման մեջ, նրա համար մեծ շռայլություն չէ գազի գինը միայն մեր երկրի համար ցածր պահելը, որովհետեւ Հայաստանը, համեմատած այլ երկրների, չնչին ծավալով է գազ սպառում»: Թեեւ գազը նավթի նման բորսայական ապրանք չէ, եւ պարզ է, որ «Գազպրոմի» սահմանած գազի գինը տնտեսագիտական տեսանկյունից հնարավոր չէ բացատրել, քանի որ այն պայմանավորված է քաղաքական գործոններով, բայց պարոն Մանասերյանը գտնում է, որ մեր կառավարությունը պետք է «Գազպրոմից» պահանջի, որ գազը թանկացնեն՝ պայմանավորելով միա՛յն ինքնարժեքով եւ ծախսերի ավելացմամբ. «Տնտեսագիտական դիվանագիտությունից Հայաստանը շատ է կաղում, որտեղ շահն է՝ պետք է կարողանանք բանակցություններ վարել ու հարցը հօգուտ մեզ լուծել: Մենք պետք է կապերը դիվերսիֆիկացնենք: Թուրքմենստանից էլ կարելի է գազ ստանալ, դա լավ բանակցություններից է կախված: Շուկայական հարաբերությունները պետք է թույլ չտան մենաշնորհներ»:
Նշենք, որ երբ մեր երկրում գազը կամ էլեկտրաէներգիան թանկանում է, այդ գնաճն ազդում է նույնիսկ ներկրվող եւ գազի կամ էլեկտրաէներգիայի հետ բացարձակ կապ չունեցող ապրանքների գների վրա: Շատ տնտեսվարողներ, «գազը թանկացել է» պատճառաբանմամբ, անհիմն թանկացնում են այնպիսի ապրանքներ, որոնց ինքնարժեքը նույնիսկ իջել է: Երբեմն գազի թանկացման ազդեցությունը տվյալ ապրանքի ինքնարժեքի վրա լինում է 10 դրամի, բայց գործարարներն այն թանկացնում են 50 դրամով: Տնտեսագետի համոզմամբ, հենց երկրի ներսում այդ անհիմն ու արհեստական գնաճը ճնշելու համար մեր կառավարությունը շատ անելիքներ ունի. «Եթե անգամ հիմնավորված է գնաճը, կան ապրանքներ, որոնց գների հետ պետք է զգույշ վարվել: Խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Պետությունը պետք է թույլ չտա գոնե այդ ապրանքների գների կտրուկ թռիչքը: Անհրաժեշտ է նաեւ հետեւել գյուղմթերքի գներին, դա պարենային անվտանգության լուրջ հարց է: Մեր համեստ հաշվարկները ցույց են տալիս, որ գյուղմթերքի ռեսուրսները մեր երկրում սահմանափակ չեն, մենք ծավալ ունենք, ուղղակի ճիշտ ագրարային քաղաքականություն վարելու դեպքում մեր երկիրն ապահովված կլինի անհրաժեշտ քանակությամբ գյուղմթերքով, եւ գներն էլ կայուն կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել