Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տրվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» նախագծի մեկնարկը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը: Երեւանի եւ մի քանի մարզերի կինոսիրող հանդիսատեսը շուրջ մեկ ամիս հնարավորություն կունենա դիտելու 100-ից ավելի հին եւ նոր հայկական ֆիլմեր: Կցուցադրվեն իրենց տեսակի մեջ առաջինը համարվող հնչյունային, արկածային, քաղաքական, ինչպես նաեւ գրաքննության ենթարկված ֆիլմերը: «Կինոաշունի» շրջանակում կնշվի նաեւ 9 հայ արվեստագետների հոբելյանները, կլինեն նաեւ կինոոլորտի խնդիրներին նվիրված «կլոր-սեղաններ»: Իր խոսքում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, անդրադառնալով հայկական կինոյի արդի վիճակին, նշեց. «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ի տարբերություն մշակույթի շատ ոլորտների, կինոյի միայն 1%-ը պահպանվեց, վերացան կինոթատրոնները, կինովարձույթը, կինոցանցերը, եւ այսօր կինոն հանդիսատեսին չի հասնում»: Նրա խոսքով՝ ժամանակին հայկական կինոն հայերիս հարստությունն էր, որից այսօր մարդիկ զրկվել են, եւ «Կինոաշունը» առաջին քայլն է՝ մոռացված կինոն հանդիսատեսին վերադարձնելու գործում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ուրախ էր, որ բացի թատերական աշունից, այսուհետ ամեն տարի կլինի նաեւ կինոաշուն: Նշենք, որ փառատոնի առաջին՝ Ա. Փելեշյանի «Մենք» ֆիլմը ցուցադրվեց երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել