Հոկտեմբերի 10-ին լրացավ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին: Ի՞նչ արդյունքներ ունենք մենք այսօր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. «7օր»-ի հարցին պատասխանելով՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, թե մենք ոչ մի արդյունք չստացանք. «Հայ-թուրքական միջպետական հարաբերություններն այդպես էլ մնացին չկարգավորված: Մյուս կողմից էլ, շատերի՝ աշխարհի խոշոր պետությունների համար պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարողանում ձերբազատվել իր այն սխալներից, որ միշտ թույլ է տալիս»: Թուրքագետը պատահական չի համարել, որ այս օրերին եվրոպական մամուլը գրել էր, թե Թուրքիայի համար դեպի Եվրամիություն ճանապարհն անցնում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման վրայով. «Ըստ էության, Թուրքիան վիժեցրեց այդ գործընթացը, եւ ես կարծում եմ, որ եթե սկսվի հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը, մեր դիրքորոշումը պետք է ավելի կոշտ լինի»: Թե ինչպիսի զարգացում կունենան այդ արձանագրությունները, եւ հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման երկրորդ ռաունդ լինի՝ ըստ Սաֆրաստյանի, դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Թուրքիան հրաժարվի իր որդեգրած քաղաքականությունից, որը հիմնված է հարկադրման, ճնշման սկզբունքի վրա: