Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՔԸ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Թե ինչ արդյունքներ ունենք այսօր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ուղիղ մեկ տարի անց՝ haynews.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանն ասել է. «Որպես դրական պահ՝ նշենք այն, որ այս մեկ տարվա ընթացքում բացահայտվեց Թուրքիայի դեմքը՝ թուրքական դիվանագիտության ծալքերն ամբողջությամբ: Բացի այդ, պարզ դարձավ, թե որ արտաքին ուժերն էին շահագրգռված այդ հարաբերությունների կարգավորմամբ եւ ինչու: Հայ հասարակության համար էլ պարզ դարձան այն սպառնալիքները, որոնք իրենց մեջ կրում են այդ արձանագրությունները: Այսինքն՝ եթե առաջ կային հարցեր, այժմ կան դրանց պատասխանները»:
Որպես արձանագրությունների ստորագրումից հետո ունեցած կորուստ՝ Վահան Շիրխանյանը նշել է այն, որ Սփյուռքի հայության մոտ անվստահության նոր շերտ առաջացավ Հայաստանի պետության՝ իրենց հանդեպ վարած քաղաքականության նկատմամբ: Ամեն դեպքում, Շիրխանյանն ուրախ է, որ արձանագրությունների վավերացումը կասեցվեց, քանի որ ՍԴՀԿ-ն միշտ դրանց մեջ սպառնալիքներ է տեսել:
Իսկ թե ինչ զարգացումների կարելի է սպասել՝ Շիրխանյանն ասել է, որ ճիշտ չի համարում կանխատեսումներ անելը. «Սակայն պետք է հաշվի առնենք, որ այժմ Թուրքիայի որդեգրած քաղաքական ուղեգիծը էապես տարբերվում է այն ուղեգծից, որն ուներ Թուրքիան մինչեւ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը: Եթե Թուրքիան մինչ այդ փորձում էր լուծել խոչընդոտները Եվրամիությանն անդամակցելու համար, այժմ առաջնահերթ է համարում իր առաջատար դիրքերի հաստատումը թրքալեզու երկրների շրջանում: Ավելին՝ ձգտում է ղեկավարել այդ երկրների արտաքին քաղաքականությունը: Այնպես որ՝ հիմա Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումը միայն գործնական նշանակություն ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել