Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Դաշնակցության նման ընդդիմություն լինելու մասին ցանկացած քաղաքական ուժ կերազեր

ՀՀ կառավարությունում սույն թվականի հունիսի 6-ին մարզպետների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, տեղեկացրել է, որ անվճար տնկիներ ձեռք բերելու հարցում համայնքները կարող են համագործակցել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության հետ: Նա փոխանցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ համայնքների համար անհրաժեշտ քանակի տնկիներ վերցնելու եւ համայնքներում ծառատունկ կազմակերպելու վերաբերյալ: Այս տեղեկությունը պաշտոնական լրահոսից է, ու առաջին հայացքից դրանում որեւէ արտառոց բան չկա: Նույնիսկ գովելի է հայրենի կառավարության՝ կանաչ տարածքները ավելացնելու անզուսպ մղումը: Պարզապես հետաքրքրեց, թե իր այդ ազգանվեր գործն իրականացնելու համար ինչո՞ւ է կառավարությունը՝ վարչապետի մակարդակով, միջնորդ ընտրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը: Ի դեպ, 2009 թ. սեպտեմբերի 10-ի 1032-Ն որոշմամբ էլ ՀՀ այս կառավարությունը «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված տնկարանային տնտեսությունները պահպանելու եւ գործունեությունը շարունակելու, ինչպես նաեւ կանաչ գոտիների ավելացման նպատակով «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն 2009 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել է 4 միլիոն դրամ:
Պարզվում է, այս կազմակերպությունը կառավարության հետ «միասին աշխատելու» փորձ ունի: Դեռ 2005 թվականի ապրիլի թիվ 583-Ն որոշմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք,  անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով սույն հասարակական կազմակերպությանն է տրամադրվել 10 հեկտար հողատարածք՝ տնկարանային տնտեսություն հիմնադրելու եւ կանաչ գոտիները վերականգնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երեւանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Երեւանի անտառպետության 7-րդ քառակուսու «6», «7», «7ա» եւ «7բ» հատվածներից 10 հեկտար հողամաս անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը»: ՀՀ գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել նշված տարածքների սահմանների ճշտումը, «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը եւ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Կառավարության այս, մեղմ ասած, հետեւողական ուշադրությունը մի կազմակերպության նկատմամբ ուղղակի տարօրինակ է՝ այն պարագայում, երբ օրը ցերեկով, բոլորի աչքի առջեւ, հանրապետության ցանկացած կետում որեւէ իշխանիկի կարիքները բավարարելու համար կարող են ոչնչացվել կանաչ տարածքներ, իսկ կանաչ տարածքների ավելացմամբ այսքան մտահոգ մեր կառավարությունն ու վարչապետն իրենց նեղություն չեն տա այդ առիթով անհանգստանալու: Իսկ գաղտնիքն այն է, որ «Կանաչազարդ երկրի» նախագահը հայտնի դերասան, ժամանակին Դաշնակցության շրջանակներում ակտիվ քաղաքական գործունեության փորձեր արած, մինչ օրս դաշնակցական Սոս Սարգսյանն է, իսկ ըստ Հայաստանի Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի կայքի՝ www.nature-ic.am համաձայն, այս կազմակերպության առաքելությունը խիստ դաշնակցական է՝ «նպաստել հանրապետությունում հատված անտառների եւ պաշտպանական կանաչ գոտիների վերականգնմանը եւ կանաչ տարածքների ընդլայնմանը, ներգրավելով ողջ հայությանը» (ընդգծումը մերն է- խմբ.):
Ու կառավարության նման հոգատարությունից հետո էլ դաշնակցականները պնդում են, որ իրենք ընդդիմություն են: Կամ մենք իսկապես ազատ, արդար, ժողովրդավարական երկիր ենք, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունն ընդամենը գաղափարական տարաձայնություններ ունեն, բայց նման հարցերում ջանք չեն խնայում, ձեռք ձեռքի տված առավոտից իրիկուն մեզ համար աշխատում են, կամ էլ՝ Դաշնակցությունն իր դերի մեջ է:
Հայաստանի Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի կայքի՝ www.nature-ic.am-ում «Կանաչազարդ երկիր» կազմակերպության կոնտակտային հեռախոսահամարներով այդպես էլ չհաջողվեց խոսել որեւէ մեկի հետ՝ հոդվածում այլընտրանքային կարծիք ներառելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել