Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱ՞Փ ԱԺ-ՈՒՄ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անունից կազմակերպվել է մի հավաք, որն ըստ ներկաներին բաժանված օրակարգի, անվանված էր՝ ԱԺ 4-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» եւ «Երիտասարդության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց, թե օրակարգում ընդգրկվելիք նախագծերի վերաբերյալ քննարկման նման ձեւաչափ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նախատեսված չէ: Նման քննարկում կարող էր լինել հանձնաժողովի նիստում կամ հանձնաժողովի հրավիրած լսումներում. «Ուրիշ որեւէ տեսակ խորհրդարանական քննարկում, որին կմասնակցեին հ/կ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ այլն՝ նախատեսված չկա»: Ի դեպ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ու փոխնախագահ Մարտուն Գրիգորյանը ներկա էլ չեն եղել քննարկմանը: Այն վարել է ԲՀԿ խմբակցության եւ վերոհիշյալ հանձնաժողովի անդամ Վահե Էյֆիաջյանը: «Միջոցառումը բացեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն իր խոսքում հայտարարեց` կառավարությունը «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» նախագիծը ետ է վերցրել: Այն չունի ֆինանսական հիմնավորում. բարի ցանկություններ պարունակող փաստաթուղթ է,- պատմեց տիկին Բախշյանը:- Հետեւաբար, աբսուրդ մի քննարկում էր՝ օրենքից ու տրամաբանությունից դուրս մի ակցիա, որի նպատակը չգիտեմ որն էր: Միջոցառման մասնակիցները, որոնց մեծամասնությունը ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ էին, ներկա գտնվեցին մի միջոցառման, որի առարկան գոյություն չուներ»: Եվ Անահիտ Բախշյանը, եւ «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության երկու ներկայացուցիչները, որոնք լուրջ քննարկում էին ակնկալում՝ լքել են դահլիճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել