Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա էլ Բրեժնեւի դեմ ինչո՞ւ էիք պայքարում

Հոկտեմբեր 12,2010 00:00

ՀՀԿ փոխնախագահին հեռակա հարց է ուղղում ՀՌԱԿ փոխատենապետը

Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած քննարկումների ընթացքում ամենայուրօրինակ պնդումներով է հանդես գալիս ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը: Ասենք՝ նախորդ քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե հայկական հեռուստաեթերից դատելով՝ փորձեն մի 100 տարի հետո պատկերացում կազմել մեր ժամանակների մասին՝ «Պիտի ասեն, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարել է Ջուսի եւ Շպռօտի ժամանակներում։ Սա՛ է մեր եթերը»: Իսկ երեկ՝ «Ներկուսակցական ժողովրդավարության խնդիրները Հայաստանում» քննարկման ընթացքում, պրն Անտինյանն ասաց. «Մեզ հետաքրքրում է իշխող կուսակցություններում տիրող իրավիճակը, որովհետեւ նրանք են կառավարում, ղեկավարում։ Օրինակ, ինձ շատ անհանգստացրեց, երբ չհասկացա, թե ինչպես կարող էին երկրի 2-րդ դեմքին եւ կուսակցության 2-րդ դեմքին՝ Տիգրան Թորոսյանին, մի գրությամբ ուղարկել տուն։ Ես շատ անհանգստացա դրանից, որովհետեւ պատճառը չիմացա։ Սա շատ կարեւոր է ինձ համար՝ դա միայն իրենց խնդիրը չի։ Երկրորդ խնդիրն առաջացավ՝ հանձնաժողովի նախագահն իրեն իրավունք վերապահեց մի կարծիք հայտնել՝ խիստ նկատողություն տվեցին։ Երբ որ փորձեց երկրի 2-րդ դեմքը՝ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանել, հիմա գիտենք՝ էդ տնաշենի վիճակն ինչ է։ Սա՞ ենք ուզում մենք։ Գիտենք, չէ՞, մեր երկրում վիճակն ինչպիսին է։ Այսինքն՝ կարծիք հայտնել չի կարելի։ Այն աստիճանի ներկուսակցական ժողովրդավարություն չկա, որ կուսակցության 2-րդ դեմքն ասում է՝ կուզենանք՝ «Բարգավաճը» կթուլացնենք, չենք ուզենա՝ չենք թուլացնի («Համարժեք պատասխանն էլ ստացան»,- ընդմիջեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը.- Ա. Ի.): Ասում են՝ ինչո՞ւ ուղարկեցիք տուն, ասում է՝ դե, մարզիչն ում ուզում է՝ տուն է ուղարկում, ում չի ուզում՝ չի ուղարկում, մարզիչն է որոշում։ Այդպես ասում էր կուսակցության 2-րդ դեմքը՝ այլախոհ մարդ, որը պայքարել է Բրեժնեւի դեմ։ Բա էլ Բրեժնեւից ի՞նչ էիք ուզում, նա էլ էր մարզիչ, էլի»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը պատասխանեց այս հարցադրումներին: Նախ՝ Տիգրան Թորոսյանի հրաժարականի մասին. «Այս հարցը բավական մանրազնին քննարկվել է կուսակցության թե՛ գործադիր մարմնում, թե՛ խորհրդում: Եվ Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել իր պոստից՝ ընդամենը կատարելով ՀՀԿ խորհրդի որոշումը, որը նա պարտավոր էր կատարել՝ որպես կուսակցության լիարժեք անդամ: Այլ խնդիր այդտեղ գոյություն չի ունեցել»: Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նաեւ Վարդան Այվազյանին խիստ նկատողություն հայտարարելու պատճառներին. «Կուսակցության խորհրդում ցանկացած անդամ, որոնցից մեկն էլ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն է՝ լիարժեք հնարավորություն էր ունեցել իր մտքերը, կարծիքը եւ առաջարկներն արտահայտելու: Դրանից հետո ՀՀԿ խորհուրդն ընդունել էր համապատասխան որոշում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը պարտավոր էր կատարել այդ որոշումը եւ ներկայացնել այն: Այլ խնդիր այդտեղ գոյություն չուներ: Այսինքն՝ նորից խախտվել էր կուսակցական կարգապահությունը»: Եվ վերջապես՝ արձագանքեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին թուլացնելու մասին հայտարարությանը. «ՀՀԿ-ն հանրապետությունում ամենաուժեղ քաղաքական ուժն է, թիվ 1 քաղաքական ուժը: Սովորաբար, հզոր քաղաքական ուժերը որեւէ մեկին թուլացնելու նպատակ ընդհանրապես չեն ունենում՝ առավել եւս կոալիցիոն գործընկերներին: Ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ մեր կուսակցությունը ցանկանում է ավելի ուժեղանալ, եւ մեր բոլոր գործողությունները միտված են միայն դրան։ Թուլացնել թույլին ուղղակի հակացուցված է, եւ դա ուժեղին հարիր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել