Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՏԱՊԱԼԵՑ ԼԻՆԴԲԼԱԴԻՆ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է:

Հայաստանյան իշխանությունները, իհարկե, բավարարված են, որ սեպտեմբերի 19-ին Շվեդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, Շվեդիայի «Մոդերատոր»՝ Չափավոր պահպանողական կուսակցության ներկայացուցչ Գորան Լինդբլադը չի վերընտրվել, եւ որ հոկտեմբերին նախատեսված նրա՝ որպես ՀՀ հարցով համազեկուցողի այցը չի կայանալու: Իշխանությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի եւ անդամների, Լինդբլադի՝ որպես Հայաստանի հարցով համազեկուցողի ընտրությանը չափազանց հիվանդագին վերաբերվեցին: Նրանց հիմնական փաստարկն, անշուշտ, այն չէր, որ ի տարբերություն Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի, որոնք ընդդիմության ու մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատների դիտարկմամբ՝ արդեն իսկ ՀՀ իշխանությունների գրպանում էին, կարող էր ՀՀ իշխանությունների համար անհարմարություններ ստեղծել: ՀՀ իշխանությունների «հակալինդբլադային» փաստարկը հրապարակայնորեն այն էր, որ Լինդբլադը ԵԽԽՎ-ում իր գործունեության ընթացքում ստորագրել է ադրբեջանցիների ու թուրքերի նախաձեռնած հակահայկական բոլոր հնարավոր նախաձեռնությունները: Հենց այս վերջին հանգամանքի շեշտադրությամբ էլ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե Լինդբլադը Հայաստանի հարցով համազեկուցողի կարգավիճակում անկողմնակալ լինել չի կարող:
Արդեն Շվեդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում Գյոթեբորգ քաղաքում առաջադրված թեկնածու Լինդբլադը տապալվել էր, ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն տարածեց՝ ոգեւորությամբ հայտնելով, որ նրա «չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ դատի հանձնախումբը՝ կապ հաստատելով եւ գործակցելով Գյոթեբորգ քաղաքի տարբեր (ներառյալ Չափավոր) կուսակցությունների եւ համայնքների հետ։ Հայ դատի հանձնախումբը, հաշվի առնելով Շվեդիայի ընտրական համակարգի առանձնահատկությունները, իր աշխատանքը կենտրոնացրել է հատկապես Լինդբլադի չընտրվելու եւ ոչ թե նրա կուսակցության քվեները պակասեցնելու ուղղությամբ» եւ «գործակցել է նաեւ Սոցիալ-դեմոկրատ եւ Ձախ կուսակցություններին պատկանող մի շարք թեկնածուների ընտրությանն ի նպաստ»։ Այս պնդումը առավել քան կասկածահարույց էր, առավել եւս, որ Շվեդիայում ու հատկապես Գյոթեբորգ քաղաքում հայկական մեծ ու առավել եւս կազմակերպված համայնք չկա, ՀՅԴ-ն էլ, ի տարբերություն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բեյրութում կամ այլուր, Շվեդիայում կառույցներ չունի: Ավելին, Շվեդիայում ընդամենը 5-6 հազար հայ է ապրում, մեծամասնությունը՝ մայրաքաղաք Ստոկհոլմում եւ Ուբսալա քաղաքում: Ուստի, անհասկանալի էր, թե ինչպե՞ս է շվեդական ընտրությունների վրա, հայկական համայնքի որոշիչ գործոն չլինելու պարագայում, ՀՅԴ Հայ դատի գրասենյակը կարողացել խոչընդոտել Լինդբլադի ընտրությանը, մանավանդ, որ նույնիսկ Հայաստանի ընտրություններում Դաշնակցությունը լուրջ ազդեցություն չունի: Հիշեցնենք նաեւ, որ Շվեդիայի խորհրդարանական վերջին ընտրություններում այդ երկրի Ձախերի, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունները, որոնք այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն էին շրջանառության մեջ դրել, ավելի քիչ ձայն են ստացել, քան նույն Լինդբլադի կուսակցությունը:
Երեկ այդ հանելուկային հարցի շուրջ փորձեցինք զրուցել ՀԺԿ մամուլի նախկին խոսնակ, այդ երկրում արդեն ավելի քան կես տարի բնակություն հաստատած Ռուզան Խաչատրյանի հետ: «Ես ինքս էլ զարմացա, երբ կարդացի այդ տեղեկությունը, որովհետեւ Շվեդիայում հայկական մեծ ու լավ կազմակերպված, ազդեցիկ համայնք չկա էլ: Ավելին, ի տարբերություն Ուբսալայում, Օրեբրոյում, Ստոկհոլմում հայկական ոչ շատ մեծ համայնքի առկայությանը, Գյոթեբորգում, որի ընտրատարածքում Լինդբլադը թեկնածություն էր առաջադրել, հայերն առավել փոքրաթիվ են, ու նրանց միջոցով արած լոբբինգը դժվար թե արդյունավետ լիներ: Ինձ համար անհասկանալի է, թե ո՞ւմ միջոցով է ՀՅԴ-ն աշխատել եւ փորձել խանգարել Լինդբլադի ընտրությանը, ու չեմ էլ պատկերացնում, թե Շվեդիայում դա ինչպես կարելի էր անել: Կարծում եմ, դա անելն ուղղակի անհնարին էր»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, թե ինքը փորձել էր այդ հարցով շվեդ տարբեր քաղաքական գործիչներից հետաքրքրվել, բայց «իրենք նույնիսկ այդ հարցը չեն հասկանում ու հարցնում են՝ էդ ո՞նց պիտի ինչ-որ մեկն իրենց կամ իրենք ընտրողներին համոզեին չքվեարկել հատկապես Լինդբլադին: Բացի այդ, դա շատ երկար աշխատանքի արդյունք պիտի լիներ, դրա համար՝ ինչպես այլ երկրներում լոբբինգ անելու համար է պահանջվում, հանդիպումներ պիտի լինեին, համակիրների մեծ բանակ պետք էր ունենալ, մինչդեռ Շվեդիայում մենք թուրքերի չափ համայնք էլ չունենք, հատուկենտ դաշնակցականներ էլ հնարավոր է, որ կան, բայց կուսակցություն, որը նման գործունեություն ծավալած լիներ՝ չկա: Շվեդիայում ՀՀ դեսպանություն էլ, ըստ էության, չկա, որ կարծեմ, թե նաեւ նրա միջոցով է ինչ-որ բան արվել: ՀՀ դեսպանի նստավայրը Երեւանն է, ու նույնիսկ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քննարկմանը Թուրքիայի դեսպանը խորհրդարանում ներկա էր, իսկ ՀՀ-ինը՝ ոչ: Դեսպան Արա Այվազյանը վերջին անգամ ապրիլին էր Շվեդիա եկել»:
Ռ. Խաչատրյանի ասելով, Շվեդիայում ընտրական համակարգն այլ է՝ վարկանիշային է, ու հնարավոր է, որ քվեաթերթիկներում նշված կուսակցության թեկնածուն լինի ցանկի վերջին համարը, բայց ամենաշատ ձայները ստանա: Թե ինչո՞վ է բացատրվում Լինդբլադի չընտրվելու հանգամանքը, ՀԺԿ նախկին խոսնակը դժվարացավ ասել՝ չբացառելով, որ պահպանողականների մյուս թեկնածուներն են ավելի լավ քարոզարշավ վարել:
Անդրադառնալով Լինդբլադի՝ պատգամավոր չընտրվելու շուրջ Հայաստանում առկա ոգեւորությանը, Ռ. Խաչատրյանը նկատեց. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ բարձրացվել է նրա անձի շուրջ: Հայաստանն ունի խնդիրներ, որոնք ոչ մի կերպ իշխանությունները տեսնել չեն ուզում եւ դրանց լուծում տալ չեն ուզում ու իրենց բացթողումների համար ամեն անգամ փորձում են մեղավորներ գտնել: Այս անգամ թիրախը Լինդբլադն էր: Որքանո՞վ էին նրա մոտեցումներն ու գործունեությունը հակահայկական՝ չեմ կարող գնահատել, բայց մի բան շատ պարզ է. Լինդբլադի շուրջ այդ ամբողջ պայքարը սկսվեց այն բանից հետո, երբ տարեսկզբին նա ստորագրեց մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվածության վերաբերյալ փաստաթուղթը: Մենք գիտենք, որ բանակն իսկապես օգտագործվել է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, ու այդ համատեքստում կարեւոր չէ՝ Լինդբլադը լա՞վն է, թե՞ վատը. նրա նախաձեռնությունը տվյալ դեպքում ճիշտ ու թիրախային քայլ էր: Այլ հարց է, որ այլ փաստաթղթերի համատեքստում ադրբեջանցիները նրա հետ լավ են աշխատել: Հայաստանում մենք միշտ էլ ասել ենք, որ ադրբեջանցիները քարոզչական ճակատում հաջող են աշխատում՝ փաստաթղթեր են բաժանում, դրանց իրենց տեսանկյունից բացատրություններ են տալիս, դրանց օգտին փաստարկներ են բերում, իսկ հայկական կողմը դա չի անում: ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում փորձում է միայն արդարացնել գործող իշխանություններին նույնիսկ մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում: Ուստի, Լինդբլադի չընտրվելու շուրջ այդ հրճվանքն ինձ համար անհասկանալի է: Լինդբլադը չի լինի, կլինի մեկ ուրիշը: Այլ հարց է, եթե ՀՀ իշխանություններին Պրեսկոտի նման մեկն է ձեռնտու, որպեսզի երկիրը շարունակի գլորվել անդունդը»,- ասաց Ռուզան Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել