Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՆ ԼՂ ՉԷ՞: ԱՅՆ ՂԱՐԱԲԱ՞Ղ Է

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Սլովենիայի եւ Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսում հնչեցին զուգահեռներ

Սովորաբար, երկրների նախագահների համատեղ ասուլիսներում, այն էլ՝ պաշտոնական այցի շրջանակներում, սենսացիոն հայտարարություններ չեն հնչում, «էքսկլյուզիվն» իսպառ բացակայում է, եւ այդ կարգի ասուլիսները մենք համարում ենք «կոլխոզ»: Երեկ առավոտյան, երբ գնացի Սլովենիայի եւ Հայաստանի Հանրապետության նախագահների համատեղ ասուլիսին, մտածում էի՝ դե արի ու այս պաշտոնական ժլատ տեղեկատվության մեջ բացառիկ բան գտի: Սակայն երեկվա ասուլիսը մի քիչ ուրիշ ստացվեց, կոնկրետ բաներ ասվեցին մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ: Նախ, պաշտոնական այցի շրջանակներում Սլովենիայի կառավարության եւ մեր կառավարության միջեւ ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր՝ եկամուտների եւ գույքի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին, տնտեսական համագործակցության մասին, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ Սլովենիայի նախագահի (սա առաջին այցն էր) հետ ունեցան «բովանդակալից եւ արդյունավետ զրույց»: Ի դեպ, պաշտոնական այցին զուգահեռ ընթանում է նաեւ երկու երկրների գործարարների համատեղ համաժողովը, եւ խոսելով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ ՀՀ նախագահը նշեց. «Բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ արդի աշխարհում տնտեսությունը դարձել է գերակա գործոն, եւ հաճախ հենց տնտեսական շահն է որոշիչ հանդիսանում քաղաքական օրակարգի ձեւավորման համար»: Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ԼՂՀ-ի մասին եւ տեղեկացրել, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. «Խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, այսօր գոյություն ունեցող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ: Եվ որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան մեր ակնկալիքները դրական լուծման առումով կարող են ավելի շատ լինել»: Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին իր հերթին ասաց, թե վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է անվտանգության միջազգային իրավիճակը, եւ կան նոր նախաձեռնություններ, որոնց հարկ է լրջորեն վերաբերվել: Նկատի ուներ «Եվրասիական տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ վերջերս ներկայացրած նախաձեռնությունը»: Ինչպես նաեւ այն, որ. «ՆԱՏՕ-ն անվտանգության նոր հայեցակարգ է մշակում, որը կներկայացվի եւ կհաստատվի նոյեմբերին՝ Լիսաբոնում: Մենք կարծում ենք, որ եվրասիական եւ եվրոատլանտյան տարածաշրջանում անվտանգության համակարգերի նոր կառուցվածքին արդյունավետ նոր լուծումներ կտրվեն ՆԱՏՕ-ի ներկայացրած նոր հայեցակարգի տեսքով»: Սլովենիայի նախագահն ասաց, թե Արեւելյան գործընկերությունը ԵՄ-ի համար ապագայում կարեւոր գերակայություն է լինելու: Ըստ Սլովենիայի նախագահի՝ «սառեցված հակամարտության» եզրույթը ապակողմնորոշող է. «Սառեցված հակամարտությունը չպետք է սառեցված թողնվի, այն պետք է ապասառեցվի եւ լուծվի: Լուծմանը տանող կարեւոր կամուրջներից է վստահության ամրապնդումը»: Նախագահներին ընդամենը երկու հարց տրվեց: Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին պատասխանելով (հարցը Կոսովոյի, ինքնորոշման եւ տարածքային անվտանգության մասին էր)՝ Սլովենիայի նախագահը նկատեց, որ ինքնորոշման իրավունքը եւ տարածքային անձեռնմխելիությունը երբեք չեն գործում ինքնաբերաբար: Երկար-բարակ պատմեց Կոսովոյի հարցի «առանձնահատկությունների» մասին, փորձելով կարծես ասել, թե այն տարբեր է ղարաբաղյան հարցից: Նույն հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահը եւս ասաց, թե ինքնորոշման յուրաքանչյուր դեպք, իհարկե, յուրահատուկ է. «Բայց իրավական որոշումները պետք է բխեն միեւնույն սկզբունքներից: Եվ Կոսովոյի նախադեպը մեզ համար կարեւոր է այն տեսանկյունից, որ միջազգային դատարանը, ՄԱԿ-ի դատարանը հստակ պատասխանեց մի հարցի՝ միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ: Պատասխանը եղավ՝ ոչ, չի հակասում»: Շատ հակիրճ պատմելով, թե ինչպես, գործելով միջազգային իրավունքին համահունչ, Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը, Սերժ Սարգսյանն ասաց նաեւ, թե որն է տարբերությունը, այն, «որ ԼՂՀ բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատեւել եւ այսօր էլ բարձրաձայն ասել, որ տեր է իր անկախությանը, միջազգային որեւէ սկզբունք չի խախտել եւ համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»:
«Երկիր-մեդիայի» թղթակիցը հարց տվեց՝ ինչպե՞ս է Սլովենիան աջակցում Թուրքիային, երբ այն չի համապատասխանում այդ չափանիշներին: Օրինակ, շարունակում է փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը, սատարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու ադրբեջանական քաղաքականությանը, շահարկում է բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի բարի կամքը: Ի պատասխան՝ Սլովենիայի նախագահն ասաց. «Ես այն համոզմանն եմ, որ Թուրքիան ոչ միայն քաջ գիտակցում եւ հասկանում է այդ չափանիշները (եվրոպական- Մ. Ե.), այլ նաեւ պատրաստակամ է առաջ շարժվել այդ չափանիշների պահպանմամբ: Բացառություններ չեն կարող լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել