Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ չորրորդ

ՀԱԳՈՒՍՏՆԵՐ ԵՎ ՀԱԳՆՈՂՆԵՐ

Պաղտասար աղբարի անհարմար ու ծիծաղելի վիճակն ամենածիծաղելին է էն առումով, որ իր ծիծաղելի վիճակն ամենքին տեսանելի էր՝ իրենից բացի, եւ իր էդ ծիծաղելի ու անհարմար վիճակն առավել ծիծաղելի ու առավել անհարմար դարձնողը Պաղտասարի ինքնագոհ ու ինքնաբավ բացականչությունն է՝ «ինձի Պաղտի՜կ կըսեն», եւ Պաղտասարն էն բացառիկ երջանիկն է, որի դավաճանված լինելը Պարոնյանին ու մանավանդ մեզ ավելի է մտահոգում, քան իրեն՝ Պաղտասարին, եւ դրա պատճառը վերստին այն է, որ Թումանյանի պես Պարոնյանն էլ էր իր հերոսներին ու հերոսուհիներին դրսից նայում ու դրսից ցուցադրում՝ ի տարբերություն Լեւ Նիկոլաեւիչի, որն ուղնուծուծով Աննայի մեջ ու Աննայի հետ էր, ու էս ասածս ամենեւին չի նշանակում, թե հայ գրողներն, ի տարբերություն ռուս գրողների, իրենց հերոսների ու հերոսուհիների խորքերը թափանցելու ընդունակություն ու հնարավորություն չունեն, այլ ընդամենը նշանակում է, որ հայ գրողները գրական հերոսներ ու հերոսուհիներ են դարձնում հիմնականում նրանց՝ ովքեր կյանքում ու իրականության մեջ ամենեւին էլ հերոսներ ու հերոսուհիներ չեն՝ ի տարբերություն Տոլստոյի Աննայի, որն, ի տարբերություն Պարոնյանի Պաղտասարի, իր բախտից չէր դժգոհում ու չէր նվնվում ու ոչ մի անգամ չասաց՝ «ոտքս կոտրվեր՝ սահադաշտ չգնայի», եւ եթե Անուշն իր անօգնական ու անելանելի վիճակից էդ դաժան ու թերեւս միակ ելքն ընտրեց, Աննան բազում ելքերից հենց ամենադաժանն ընտրեց՝ անելանելի վիճակի մեջ դնելով Լեւ Նիկոլաեւիչին, բայց էս ասածներս ամենեւին էլ չեն նշանակում, թե անհնարին է, որ Թումանյանն Անուշի ու Գիքորի համար լաց եղած լինի. ավելին. մենք ինքներս ենք Անուշի ու մանավանդ Գիքորի համար բազմիցս մղկտացել, եւ շատ հնարավոր է՝ Պարոնյանն էլ Պաղտասարի համար լաց եղած լինի, եւ նմանապես հնարավոր է՝ մեզնից շատերը Պաղտասարի համար մղկտացած լինեն, որովհետեւ, չնայած Պարոնյանն իր էս Պաղտասարին շարունակաբար դրսից է նայում ու ցուցադրում, այդուհանդերձ, էս Պաղտասարի մասին Պարոնյանն ու մենք ավելի շատ բան գիտենք, քան ինքը՝ Պաղտասարը, ու հենց էս պատճառով է Պաղտասարը ծիծաղելի, որովհետեւ ծիծաղելի մարդիկ նրանք են՝ ում մասին մենք ավելի շատ տեղեկություն ունենք, քան՝ իրենք, ու էս առումով նույնիսկ Օթելլոն է ծիծաղելի, որովհետեւ Օթելլոն Դեզդեմոնայի կողմից դավաճանված չլինելով ու Դեզդեմոնայի մասին մեզնից ավելի քիչ ինֆորմացիա ունենալով՝ շարունակաբար ծիծաղելի վիճակների մեջ էր հայտնվում, եւ եթե իր էդ ծիծաղելի վիճակները շեքսպիրյան ու մասեհյանական լեզվով ու պաթոսով չհամեմվեին եւ բազում մահերով չավարտվեին, մենք հանգիստ խղճով Օթելլոյի էդ պատմությունը ոչ թե ողբերգություն կհամարեինք, այլ՝ կատակերգություն, ինչպես որ խեղճ Պաղտասարի ողբերգությունն ենք կատակերգություն համարում եւ անսիրտ ու անտեղի հռհռում, բայց, այսուհանդերձ, ժամանակների տարբերության հարցը միշտ էլ առկա է, եւ չնայած ժամանակները կրկնվելու հատկություն էլ ունեն, ժամանակի ու պաթոսի խնդիրը միշտ էլ առաջնային է, որովհետեւ մարդիկ, առաջնորդներն ու սեւամորթ առաջնորդներն իրար հերթ չտալով մեռնում են, մինչդեռ պաթոսն ու ժամանակը հավերժական են՝ էնքան հավերժական, որ մշտապես եւ շարունակաբար նորանոր առաջնորդներ ու ներառյալ սեւամորթ առաջնորդներ են առաջացնում՝ միանգամայն նոր իրավիճակներում եւ միանգամայն նոր ճակատագրերով, եւ եթե ժամանակին Փափազյանը Ֆրունզին ասում էր՝ «ամեն սեւ բան Օթելլո չէ, մանչս», նույն Փափազյանն էդ բանն Օբամայի առումով դժվար թե ասեր. ավելին. Օթելլոյի ծիծաղելի ու ողբերգական վիճակների մեջ տեւականորեն ու շարունակաբար գտնվելով ու մնալով՝ նույն Փափազյանը միգուցե նույն Օթելլոյին դիմեր ու ասեր՝ «ամեն սեւ բան Օբամա չէ, մանչս». այսինքն, չնայած մարդիկ, հերոսներն ու առաջնորդներն իրար հերթ չտալով մեռնում են, եւ չնայած ժամանակն ու պաթոսն անմեռ են, այդուհանդերձ, մարդկանց շարքերում միշտ էլ եղել են ու կան էնպիսիք, որոնք հաղթահարել ու հաղթահարում են պաթոսն ու իրենց իսկ ժամանակը, ու էս ասածս ոչ միայն Օբամային է վերաբերում, այլեւ Տոլստոյին ու Աննա Կարենինային, ընդ որում՝ Աննա Կարենինային առաջին հերթին, որովհետեւ Աննան Տոլստոյի ծնածն ու լույսաշխարհ բերածը լինելով՝ միանգամայն անկախ ու միանգամայն ինքնուրույն գոյություն էր եւ միանգամայն ինքնուրույն էր ապրում եւ ավելի շուտ ու ավելի շատ ինքն էր Տոլստոյին ուղղորդում, քան Տոլստոյը՝ իրեն, եւ չնայած հենց Տոլստո՛յն Աննային ինքնասպանության մղեց ու հասցրեց, էս հարցում իմ ու Լեւ Նիկոլաեւիչի կարծիքները միանգամայն համընկնում են, այն է՝ Աննա Կարենինան Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյին այլ ելք չէր թողել, եւ չնայած Լեւ Նիկոլաեւիչն Աննայի ինքնասպանությունից առաջ մի կուշտ լաց եղավ, այդուհանդերձ, այլ ելք չուներ, որովհետեւ անկարող էր իր ծնած ու սիրած էակի դեմ դուրս գալ ու էդ սիրասուն էակի գերագույն նպատակի դեմն առնել, եւ, բացի այդ, Տոլստոյն ու Աննան վաղուց արդեն նույնն էին, եւ, ինքնըստինքյան, իրենց գերագույն նպատակն էլ նույնը պիտի լիներ. այսինքն, ավելի պարզ ասած, Տոլստոյն Աննային ինքնասպանության մղելով ու հասցնելով՝ ինքը իրեն էր ինքնասպանության մղում ու հասցնում. այսինքն, ոչ միայն Աննայի գործածն էր ինքնասպանություն ու անձնազոհություն, այլեւ՝ Տոլստոյինը, այլապես Տոլստոյն էդ ինքնասպանությունից առաջ ոչ թե կնստեր ու կհեկեկար, այլ էդ ինքնասպանությունից հետո Տարաս Բուլբայի պես ինքնաբավ ու սառնասրտորեն կբացականչեր՝ «ես քեզ ծնեցի՝ ես էլ քեզ կսպանեմ», ու էս ասածս բացատրություն ունի, ավելի ճիշտ՝ մի քանի բացատրություն ունի. Գոգոլն ու Տարասն, ըստ ամենայնի, իրարից ահագին տարբեր էին, եւ Գոգոլն ու Տարասի որդին էլ էին իրարից ահագին տարբեր, եւ, միեւնույն ժամանակ, Տարասն ու Տարասի որդին էլ էին իրարից ահագին տարբեր, մինչդեռ Տոլստոյի ու Աննայի տարբերությունն ընդամենը սեռական էր, ու էդ երկարուձիգ վեպի ընթացքում էդ տարբերությունն էլ էր մի գլուխ ջնջվում, եւ Աննայի ինքնասպանության առթիվ Տոլստոյի լաց լինելն առանձնապես կարեւոր ու էական հանգամանք չէ, որովհետեւ ինքնասպանության դեպքերում լացը չափազանց թույլ ու չափազանց կեղծ կատեգորիա է, եւ շատ հնարավոր է՝ Գոգոլն էլ Տարասի գործողությունից առաջ կամ հետո լաց եղած լինի, եւ անձամբ ինձ համար Նիկոլայ Վասիլեւիչի լացն ավելի տեսանելի ու հավանական է, քան՝ Տոլստոյինը, մանավանդ որ՝ Գոգոլն էդ մասին որեւէ վկայություն չի թողել, եւ չնայած Տոլստոյն իր լաց լինելը մի առիթով խոստովանել ու նշել է, անձամբ ես Գոգոլի լացին ավելի եմ հավատում՝ ոչ միայն էն պատճառով, որ լացող Գոգոլ ավելի եմ պատկերացնում, քան՝ լացող Տոլստոյ, այլեւ էն պատճառով, որ Տարասն ու որդին Գոգոլի համար ուրիշ էին, եւ մարդ արարածն ու հատկապես տղամարդ արարածն ի վիճակի է ուրիշի՛ համար արցունք թափել, որովհետեւ սեփական դժբախտությունն ու մանավանդ ողբերգությունն ի վիճակի չի լիովին հասկանալ ու գիտակցել, եւ եթե Տոլստոյը մեզ չի խաբել՝ ասելով ու վկայելով, որ Աննայի ինքնասպանության առթիվ մղկտացել է, Տոլստոյի էդ հեկեկոցի միակ բացատրությունն էն է, որ ինքն էդ ինքնասպանության պահին է միայն Աննայի ուրիշ լինելը հասկացել, եւ մինչեւ հասկացել է՝ արդեն ուշ է եղել, եւ շատ հնարավոր է՝ Տոլստոյն Աննայի էդ ահավոր արարքի համար չարաչար փոշմանած էլ լինի, բայց, այդուհանդերձ, իր էդ երկար-բարակ գրածն ափսոսացել ու չի պատռել, եւ էս ու մի քանի այլ առումներով ինքս կարող եմ Տոլստոյին ամենից լավ հասկանալ, որովհետեւ էն քչերից եմ, որ նույնպես բազմահատոր վեպ եմ գրել ու գրում, բայց ես, ի տարբերություն Տոլստոյի, էս բազմահատոր մարաթոնից չեմ հոգնում եւ նույնիսկ չեմ էլ լարվում ու ոչ էլ հերոսներիս եւ հերոսուհիներիս եմ ավելորդ լարվածության մեջ դնում՝ ինքնասպանությունների ու անբնական մահերի մղելով, եւ, եթե կուզեք ճիշտն իմանալ, դրա իրավունքը չունեմ էլ, որովհետեւ, ի տարբերություն Տոլստոյի, ես իմ հերոսների ծնողը չեմ, որ ինձ իրավունք վերապահեմ հետները կամայականորեն վարվել, եւ, դրանից էլ բացի, ես իմ հերոսներին ու հերոսուհիներին ինքնասպանության հասցնելու իրավունք չունեմ, որովհետեւ քրիստոնեական օրենքների ու քրիստոնեական եկեղեցու շարքային հետեւորդն եմ, մինչդեռ Լեւ Նիկոլաեւիչը չէր կարող քրիստոնեության ու եկեղեցու շարքային հետեւորդը լինել՝ էն պարզ պատճառով, որ ինքն, առանձին վերցրած, մի ամբողջ քրիստոնեություն ու եկեղեցի էր, եւ իմ ու մյուս գրողների համեմատ ինքը կիսաստված էր, եւ հատկապես իմ համեմատ էր կիսաստված, որովհետեւ ինքը ոչ թե հանգամանքներ էր ստեղծում, այլ՝ շնչավոր ու կենդանի մարդիկ, եւ իր ստեղծածներին Աստծո ստեղծածներից ավելի էր սիրում, բայցեւ՝ իր ստեղծածների հանդեպ Աստծո դաժանությամբ ու սառնասրտությամբ էր վարվում, եւ չնայած էդ անելիս լաց էր լինում, այդուհանդերձ, մի կուշտ լաց լինելուց հետո շտապում էր նորերին ստեղծել, որովհետեւ Աստծո ստեղծածներն իրեն առանձնապես չէին գոհացնում ու բավարարում, եւ պարզապես ու ընդամենը գրող լինելն էլ իրեն չէր գոհացնում ու բավարարում, եւ հեչ պատահական չի, որ հենց Լեւ Նիկոլաեւիչը Նոբելյանից հրաժարվեց, ու նաեւ պատահական չի, որ ռուսաց եկեղեցին Լեւ Նիկոլաեւիչի դեմ դուրս եկավ, որովհետեւ ռուսաց եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների պես միայն ու միայն իր հետեւորդներին է ընդունում, մինչդեռ Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը որեւէ բանի կույր հետեւորդը լինել չէր կարող՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Աստված Տոլստոյին անհամեմատ հզոր ու ամբողջական էր ստեղծել, քան՝ մյուսներիս, եւ երբ անցյալ դարի ութսուներեք թվականին Յասնայա Պոլյանայի իր թանգարանում իր հագած շորերը տեսա, զարմանքով հասկացա, որ Տոլստոյն ամենեւին էլ հաղթանդամ ու հսկայամարմին չի եղել, եւ երբ նույն թվականին Ցարսկոյե Սելոյում Պետրոս Առաջինի հագած շորերը տեսա, շատ ավելի զարմացա ու ապշեցի, որովհետեւ Պետրոս Մեծի շորերն անհամեմատ փոքր չափսերի էին, քան՝ Տոլստոյինը, եւ կարդացել ու լսել եմ, որ Նապոլեոնն էլ է բավական կարճահասակ եղել, եւ եթե վավերագրական կինոն չլիներ, Լենինին ու Ստալինին էլ էին հաղթանդամ պատկերելու ու պատկերացնելու, բայց, ի տարբերություն Պետրոս Մեծի եւ այլոց, Տոլստոյին հաղթանդամ ենք պատկերացնում ոչ թե գրողների ու պատմիչների գրածներով, այլ՝ իր իսկ  գրածների հիման վրա, եւ չնայած իրականում էլ Տոլստոյը Լենինի կամ Ստալինի պես գաճաճ չի եղել, այդուհանդերձ, բարձրահասակ էլ չի եղել. կարճ ասած, միջահասակ է եղել՝ մոտավորապես իմ բոյին, եւ ութսուներեքին իր ապրած տան երկու ամենամեծ սենյակները տնտղելով՝ հասկացա, որ ես ու Լեւ Նիկոլաեւիչը, բոյից բացի, մեկ այլ նմանություն ու ընդհանրություն էլ ունենք. ինքն էլ է չափազանց թունդ խաղամոլ եղել, ու էդ մասին պերճախոս վկայում էին Յասնայա Պոլյանայի հատկապես էդ երկու ամենամեծ սենյակները, որոնցից համեմատաբար փոքրը թղթախաղերի համար էր նախատեսված եղել, իսկ մեծը՝ ռուլետկայի, եւ քանի որ ռուլետկաներից առանձնապես գաղափար չունեմ, էդ երկու մեծ սենյակներից համեմատաբար փոքրն էի համակ ուշադրությամբ ուսումնասիրում ու տնտղում, եւ հատկապես էդ փոքրում դրված մեծ խաղասեղանն էի մեծ հետաքրքրությամբ տնտղում ու ուսումնասիրում, որովհետեւ չէի պատկերացնում՝ էդ մեծ սեղանի շուրջ ինչ են խաղացել, բայց էդ համեմատաբար փոքր սենյակի փոքր սեղանն ինձ ավելի հոգեհարազատ էր, որովհետեւ իր չափսերով համապատասխանում էր ցանկացած թղթախաղի, բայց էդ փոքրի վրա խնամքով շարված չիպերը տեսնելով՝ անմիջապես հասկացա, որ էդ փոքրի վրա հիմնականում «Poker» են խաղացել, եւ երբ մոտեցա փոքրին ու անկախ ինձանից ձեռքս գցեցի չիպերին ու խաղաթղթերին, պառավ հսկիչն ինձ անմիջապես դիտողություն արեց ու ասաց՝ «նիլզյա տռոգածՖ», եւ երբ չիպերն ու խաղաթղթերը թողնելով՝ նստեցի խաղասեղանի շուրջ դրված չորս աթոռներից մեկին, պառավ հսկիչը ճչաց՝ «նիլզյա սիձեծՖ», եւ, հիշում եմ, նստածս տեղից վախից վեր թռա, ու նաեւ հիշում եմ, որ էդ պահին մեր խմբի ղեկավար բանաստեղծ Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովն ինձ արդարացնելով ու պառավ հսկիչին ժպտալով ասաց՝ «օն տոժե իգռոկ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օն տոժե պիսածելՖ», եւ պառավ հսկիչը խստորեն ասաց՝ «էտօ նի իմեետ նիկակոյե զնաչենիե» եւ մի քիչ մտածեց ու դիմացի պատի տակ շարված աթոռները ցույց տալով ավելացրեց՝ «եսլի ուստալի, մոժեծե սիձեծՖ վո՜ն տամ», բայց ես անկարող էի հեռանալ թղթախաղի էդ կանաչ ու մահուդապատ սեղանից, որովհետեւ էդ սեղանի վրա տեսնելու լիքը բան կար, եւ ներկաներից միայն Մեժիրովը կարող էր հասկանալ ինձ, որովհետեւ Մեժիրովն իր ամառանոցում ճիշտ էդպիսի մահուդապատ ու կանաչ խաղասեղան ուներ, որը, ինչպես հետո ինձ ասաց, Տոլստոյի էդ խաղասեղանի պատկերով ու նմանությամբ էր սարքել տվել, եւ Մեժիրովն էլ գույնզգույն ու տարատեսակ խաղաչիպեր ուներ, բայց, ի տարբերություն ինձ, Մեժիրովը երկար չմնաց Տոլստոյի էդ խաղասեղանի մոտ եւ մյուսների հետ տեղափոխվեց Տոլստոյի հյուրասենյակ, որովհետեւ, ի տարբերություն ինձ, Ալեքսան Պետրովիչն իր տարբեր տարիների սաների հետ Յասնայա Պոլյանայում բազմիցս էր եղել, բայց, ինչպես հետո ինձ ասաց, էդ առաջին դեպքն էր, որ իր սաներից մեկն էդքան երկար լռվեր Տոլստոյի էդ խաղասրահում, եւ հետո ինձ ասաց նաեւ, որ առաջին այցելության ժամանակ ինքն էլ է էդ նույն աթոռին նստել ու Տոլստոյի էդ խաղաչիպերին հպվել, եւ իրեն էլ է էդ նույն պառավը նկատողություն արել, եւ երբ էքսկուրսավարն ու բոլորը տեղափոխվեցին Տոլստոյի հյուրասրահ, ես մնացի ու շարունակում էի բավական մոտիկից Տոլստոյի էդ խաղասեղանն ու խաղաչիպերն ուսումնասիրել, եւ պառավ հսկիչն էլ գլխավերեւումս կանգնած՝ շարունակում էր կասկածանքով ու թշնամանքով ինձ նայել, եւ երբ էքսկուրսավարը մերոնց առաջնորդեց Տոլստոյի հյուրասենյակ, եւ երբ ես ու պառավ հսկիչը Տոլստոյի խաղասենյակում մենակ մնացինք, պառավը նախ ինձ չափազանց խիստ հայացքով ոտից գլուխ չափեց, այնուհետեւ գոգնոցի գրպանից թաշկինակը հանեց եւ սկսեց խաղաչիպերը թաշկինակով մաքրել. դրանով, փաստորեն, ինձ հասկացնում էր, որ ես դիպչելով էդ չիպերին՝ կեղտոտել եմ դրանք, եւ դրանից հետո պառավ հսկիչն սկսեց վերադասավորել էդ գույնզգույն ու անզուգական չիպերը՝ էդպիսով ինձ հասկացնելով, որ էդ խաղաչիպերն անշնորհքս ահագին տեղաշարժել եմ, եւ դրանից հետո պառավ հսկիչը նախ ուղղեց ու հետո իր թաշկինակով բավական երկար սրբեց աթոռներից էն մեկը, որի վրա անկախ ինձանից նստել էի, եւ երբ պառավ հսկիչն էդ բանն արեց, ես նոր միայն նկատեցի, որ չորս աթոռներից էդ մեկն իր մեծությամբ ու շքեղությամբ ահագին տարբերվում էր մյուս երեքից, ավելի ճիշտ՝ էդ մեկն իր էությամբ ու տարբերությամբ ավելի բազկաթոռ էր, քան՝ աթոռ, եւ թաշկինակով էդ տարբերվող բազկաթոռը մանրամասն սրբելուց հետո վերադարձավ իր տեղն ու շարունակեց թշնամանքով եւ ատելությամբ ինձ նայել, եւ էդ օրն ու էդ պահին էդ հսկիչի թշնամանքն ու ատելությունն անհասկանալի էին ինձ, որովհետեւ դեռեւս բավական ջահել էի եւ, որ ամենակարեւորն է, դեռեւս Թումանյանի թանգարանի տնօրեն չէի աշխատել ու թանգարանների հսկիչների էությանն ու պարտականություններին դեռեւս ծանոթ չէի ու ծանոթ չէի նաեւ մշտապես ու բոլորին դիտողություն ու նկատողություն անելու նրանց մշտական հակվածությանը, եւ առաջին նկատողությունն իմ իսկ հսկիչից ստացա, երբ ընդամենը մի քանի օրվա տնօրեն էի ու դեռեւս թանգարանի ունեցվածքի գույքագրումն էի կատարում, եւ էդ օրերից մի օր, երբ էդ անվերջանալի գույքագրումից հոգնած՝ նստեցի Թումանյանի Վերնատան աթոռներից մեկին, իմ հսկիչներից տիկին Ռիման ինձ նկատողություն անելով ասաց՝ «էդ աթոռներին չի կարելի նստել, պարոն Շեկոյան», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու շիվարած գոռացի՝ «ձեզ հազար եմ ասել՝ ինձ պարոն Շեկոյան չասեք», եւ տիկին Ռիման զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ ես ասացի՝ «ասա՝ Արմեն», եւ տիկին Ռիման ժպտալով ինձ ասաց՝ «էդ աթոռներին չի կարելի նստել, Արմեն ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ամեն պատահած մարդ էդ աթոռին նստի, ո՞նց կըլնի, բալես», եւ իմ հսկիչներն ու մանավանդ տիկին Ռիման թումանյանական բոլոր առարկաներին էին էդպես աչալրջորեն հետեւում ու սրտացավորեն վերաբերվում, եւ երբ ութսուներեքին Յասնայա Պոլյանայի Տոլստոյի խաղասրահի էդ պառավ հսկիչն ինձ նկատողություն արեց, էդ պահի դրությամբ դեռեւս թանգարանային հսկիչների էությանն ու թանգարանային սպեցիֆիկային ծանոթ չէի, ու էդ էր պատճառը, որ էդ պահին ինձ անհասկանալի էր Տոլստոյի աթոռի ու խաղաչիպերի հանդեպ էդ պառավ հսկիչի գորովալից վերաբերմունքը, եւ չնայած էդ պահի դրությամբ արդեն Poker-ի մի քանի տարվա ստաժ ունեի, եւ չնայած Խորիկի, Մեժիրովի եւ մի քանի այլ անվանիների սեղանակիցը լինելու պատիվն արդեն ունեցել էի, Հայկի եւ ուրիշ երեւելիների սեղանակիցը լինելու պատիվը դեռեւս չէի ունեցել, եւ երբ նորանկախ ու ազատ Հայաստանի պայմաններում էդ պատիվն ունեցա, ազատորեն տեսա ու հասկացա, որ Հայկն էլ լուսահոգի Գորիկից մնացած խաղաչիպերին է գորովանքով ու պատկառանքով վերաբերվում, ու երեւի դուք էլ արդեն զգացիք, որ Յասնայա Պոլյանային վերաբերող էս հատվածը բավական ձգձգվեց, եւ դա էլ է բնական, որովհետեւ չափազանց հաճելի է տեսնել ու վկայել, որ Տոլստոյի պես մեծությունը նույն թուլությունն է ունեցել՝ ինչը որ դու ունես, եւ հիմա որ հիշում եմ, սկսում եմ նաեւ հասկանալ, որ հեչ էլ պատահական չէր, որ բանաստեղծ ու պոկերիստ Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովը Գորկու ինստիտուտի իր կուրսանտներին ամեն տարի Յասնայա Պոլյանա էր առաջնորդում, եւ երբ հաջորդ տարի եւս Ալեքսան Պետրովիչն առաջարկեց մեկնել Յասնայա Պոլյանա, առաջինը մեր կուրսի ավագ Եմելյան Սոկոլովն ընդվզեց՝ Պետրովիչին հիշեցնելով, որ Յասնայա Պոլյանայում արդեն եղել ենք, եւ Մեժիրովը Սոկոլովին հակադարձելով ասաց՝ «Յասնայա Պոլյանայում ինքս երեւի հարյուր անգամ եղել եմ, բայց ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ հայտնագործում, ընկեր Սոկոլով», եւ երբ Սոկոլովը նորից ասաց՝ «էդ թանգարանում արդեն եղել ենք, Ալեքսան Պետրովիչ», Պետրովիչն արհամարհանքով նայեց Սոկոլովին ու ասաց՝ «Յասնայա Պոլյանան ոչ թե թանգարան է, այլ՝ մի ամբողջ աշխարհ», եւ Սոկոլովն անպատկառորեն ասաց՝ «էդ աշխարհում մի անգամ արդեն եղել ենք, Ալեքսան Պետրովիչ», եւ Պետրովիչը զզվանքով նայեց Սոկոլովին ու հարցրեց՝ «էդ աշխարհից գոնե մի բան հիշո՞ւմ եք, ընկեր Սոկոլով», եւ մինչ Սոկոլովը կմտածեր, Պետրովիչը հարցը կրկնեց՝ «էդ աշխարհից ի՞նչ եք հիշում, ընկեր Սոկոլով», եւ Սոկոլովը բավական երկար մտածեց ու միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «հիշում եմ՝ ինչպես էդ թանգարանի հսկիչը Շեկոյանին նկատողություն արեց», եւ Մեժիրովը ծիծաղը զսպելով ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունեք, ընկեր Սոկոլով», եւ չնայած Ալեքսան Պետրովիչը մեր համակուրսեցի Բրիկսինա Տանյայի պաշտամունքն էր, եւ չնայած Բրիկսինա Տանյան բոլորիցս շատ էր Եմելյան Սոկոլովից զզվում, այդուհանդերձ, էդ պահին Սոկոլովի հետ համամիտ էր ու հենց էդ պահին Տանյան Պետրովիչին առաջարկեց մեկնել Լենինգրադ՝ Լենինգրադն ու Դոստոեւսկու թանգարանը տեսնելու, եւ Տանյայի առաջարկն իմ սրտով էլ էր, մանավանդ որ՝ Լենինգրադում երբեւէ չէի եղել, եւ մի քիչ մտածելուց հետո Պետրովիչը համաձայնվելով ասաց՝ «հյուրանոցի գումարը ռեկտորատից կպոկեմ, բայց ճանապարհածախսը լրիվ ձեզ վրա կընկնի», եւ բոլորս սիրով համաձայնվեցինք, եւ մի քանի օր անց՝ երբ Լենինգրադն ու Դոստոեւսկու թանգարանը տեսա, հաճելիորեն տեղեկացա, որ Ֆյոդոր Միխայլիչն էլ Լեւ Նիկոլաեւիչից պակաս խաղամոլ չի եղել, եւ հիմա որ իրենց ու իմ խաղամոլության մասին մտածում եմ, հընթացս սկսում եմ հասկանալ, որ իրենք ոչ թե խաղամոլներ էին, այլ՝ խաղասերներ, ավելի ճիշտ՝ խաղաղասերներ, եւ ընդհանրապես՝ բոլոր խաղամոլներս էլ խաղասերներ ու խաղաղասերներ ենք, որովհետեւ բոլորս էլ երկրային դաժան ու անմարդկային խաղերից վազն անցնելով՝ միայն ու միայն անմեղ ու գրեթե մանկական էս խաղերով ու խաղատեսակներով ենք բավարարվում ու սահմանափակվում, եւ Դոստոեւսկու Պետերբուրգի տանը հյուրընկալվելով՝ դրանում ավելի համոզվեցի, եւ չնայած դրանից առաջ էլ գիտեի, որ խաղամոլներն ու խաղացողները ոչ միայն չխաղացողներից են տարբերվում, այլեւ՝ իրարից, Ֆյոդոր Միխայլիչի Պետերբուրգի էդ տանը գտնվելով՝ հասկացա նաեւ, որ ոչ միայն խաղացողներն ու խաղամոլներն են իրարից էապես տարբեր, այլեւ՝ գրողներն ու ներառյալ մեծ գրողները, եւ Դոստոեւսկու ու Տոլստոյի տարբերություններն էնքան էական ու երեւացող էին, որ էդ տարբերությունները նրանց ապրելակերպից եւ նրանց տների կահավորանքից էին զգացվում, ու էդ տարբերությունները հատկապես ինձ համար էին երեւելի ու երեւացող, որովհետեւ Ֆյոդոր Միխայլիչի Պետերբուրգի էդ բազմասենյականոց բնակարանում գտնվելով՝ խաղասեղաններ, խաղաչիպեր ու խաղաթղթեր չտեսա, այլ հիմնականում՝ զարմանազան գրենական պիտույքներ ու արձանիկներ, մի խոսքով՝ իսկը գրողի թանգարան, ու էդ իմաստով Դոստոեւսկու էդ թանգարանը շատ նման էր Թումանյանինին, որտեղ հետագայում մի քանի տարի տնօրեն աշխատեցի:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել