Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծանալով՝ փոքրանում ենք ու մանկանում»

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\" Տարեցների միջազգային օրվա առիթով ասաց 50 տարվա մանկավարժ  Վեհանուշ Մկրտչյանը

Հոկտեմբերի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված էր միջոցառում, որով նշվեց միաժամանակ երեք տոն՝ Տարեցների միջազգային օրը, Ուսուցչի տոնը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հիմնադրման 10 տարին: Հրավիրված էին կենտրոնի սպասարկման ներքո գտնվող տարեցները, կենտրոնի հետ համագործակցող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանն իր ելույթում շնորհավորելով ներկա տարեցներին եւ մանկավարժներին, ասաց. «Եթե մենք այսօր լավ բաներ ենք անում, դա ձեր դաստիարակության արդյունքն է, ձեր շնորհիվ է: Դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ դժվարությունների մեջ չենք հուսահատվել: Շատերը չէին հավատում, որ այս կենտրոնը կարող է արդարացվել, քանի որ սա հարուստ պետության ծառայություն է, իսկ մենք  մեր պետության դժվարին օրերին ենք ստեղծել այս ծառայությունը, որը ոչ միայն ոտքի ելավ ու գոյատեւեց, այլ իր առաքելությունը պատշաճ կատարեց: Եվ ես հպարտ եմ, որ մեր պետությունն անգամ դժվարին տարիներին իր մեջ ուժ գտավ մեր մեծերի կողքին լինել: Մեծը մեզ համար կարեւոր է, եւ քանի դեռ մեր սեղանների գլխին մեծահասակներն են նստում,  դա նշանակում է, որ մեր ազգային բնութագիրը պահպանվում է: Շնորհակալություն մեր ընկերներին, մեր աշխատակիցներին, քանի որ կենտրոնը մենակ չի գործել»:
Կենտրոնի շահառու Վեհանուշ Մկրտչյանն իր ելույթում ասաց. «Մենք փոխել ենք մեր բնավորությունը, մեծանալով փոքրանում- մանկանում ենք, եւ կարիք ենք զգում հոգատարության, որը մեզ ցուցաբերում են կենտրոնի աշխատակիցները, բուժաշխատողները: Կազմակերպվում են էքսկուրսիաներ, գնում ենք տեսարժան վայրեր, մեր ժամանցը հետաքրքիր են կազմակերպում եւ մենք հոգով մանկանում ենք: Թող այդպիսի աշխատողները շատ լինեն, որ մեզ նման շատ տարեցներ ընդգրկվեն, տարեցները շոյվում են ամեն մի փոքր բանից, ժպիտից անգամ: Մենք ոչ այնքան նյութական, որքան հոգատարության կարիք ունենք»:
Կենտրոնի որոշ աշխատակիցներ արժանացան նախարարության շնորհակալագրերի: Իսկ կենտրոնի կողմից շնորհակալագրեր ստացան տեր Տաճատը, ով հիմնադրման օրվանից կենտրոնի հետ ճանապարհ է անցել, Երեւան քաղաքի սոցիալական ծառայության որոշ աշխատակիցներ, գերմանական Կարմիր խաչի գթության ճաշարանի պատասխանատու, նախկին ազատամարտիկ Մովսես Պողոսյանը, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը եւ այլք:
Միջոցառումն ուղեկցվում էր ժողովրդական եւ ազգագրական երգերի կատարումներով: Կենտրոնի նախաձեռնած բազմաթիվ բարեգործական համերգներին մասնակցելու եւ հայրենասիրական երգերի կատարման համար երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար եւ համանուն հ/կ նախագահ Գնել Մանուկյանի կողմից արժանացավ «Զորավար Անդրանիկ» արծաթե հուշամեդալի: «Այս երգերն այնպես են ոգեշնչում մարդկանց, որ սրանց ազդեցության տակ կարելի է մեր մնացած հողերն էլ ետ վերցնել», իր ելույթում ասաց արցախյան պատերազմի հրամանատարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031