Նա «տեսել» է Ֆրիտյոֆ Նանսենին
Զվարթ Մուրադյանը ծնվել է 1913թ., Արեւմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Բասեն գավառի Դելի Բաբա գյուղում, Նաչարյան ընտանիքում: Նրանց գերդաստանը 1915թ. Օսմանյան կայսրությունում սկսված հայկական կոտորածներից փախչելով՝ միացել է զորավար Անդրանիկի բանակին եւ գաղթել Արեւելյան Հայաստան: Բանակի հետ հասել են Դիլիջան, ապա՝ Զանգեզուր, Շաքի: Այդ ամենի մասին մանրամասն գրել է իր ազգական, գրող Մարգո Ղուկասյանը: 1918թ. Զանգեզուրում հիվանդացել է սեւ ծաղիկով եւ զրկվել տեսողությունից: Այնուհետեւ դարձյալ Անդրանիկի զորքի հետ վերադարձել են իրենց հայրենի գյուղը՝ Դելի Բաբա: 1919թ. կրկին Անդրանիկի զորքի հետ գաղթել են Արեւելյան Հայաստան եւ հաստատվել Համամլու (Սպիտակ) գյուղում:
1921թ. երեխաներին սովից փրկելու նպատակով ծնողները կույր աղջնակին հանձնել են Ղարաքիլիսայում (Վանաձոր) գործող Ամերիկյան որբանոց: 1922թ. որբերին տեղափոխել են Ալեքսանդրապոլի (Գյումրի) ամերիկյան որբանոց:
Ալեքսանդրապոլում ապրող անվանի կույր կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, իմանալով, որ քաղաք բերված որբերի մեջ կան կույրեր, դիմել է որբանոցի ղեկավարությանը, որպեսզի իրեն թույլ տան որբանոցում կազմակերպի կույրերի դպրոց: Նորաստեղծ կույրերի դպրոցում սովորում էին 45 տղա եւ 40 աղջիկ, որոնցից շատերը հետագայում միմյանց հետ ընտանիք կազմեցին:
1922-28թթ. Զվարթը սովորում է Ն. Տիգրանյանի ղեկավարած կույրերի գիշերօթիկ դպրոցում, որտեղ յուրացնում է գրել-կարդալու բրայլյան համակարգը, սովորում դաշնամուր նվագել, երգել, հյուսել եւ այլն: Սովորում է նաեւ բրայլյան գրամեքենայով թարգմանել սովորական գրքերը եւ դասագրքերը:
Ն. Տիգրանյանը դպրոց էր հրավիրել լեհ խմբավար Կուգուդովսկուն, որը կազմել էր շուրջ 30 հոգանոց նվագախումբ, որտեղ նվագում էին փողային, լարային, ստեղնաշարային նվագարանների տիրապետող կույր տղաները: Ինչպես 97-ամյա տիկին Զվարթն է ասում. «դա ոչ թե դպրոց էր, այլ ասպիրանտուրա»:
1925թ. հունիսին, երբ Ֆրիտյոֆ Նանսենը եկել է Հայաստան, շրջագայությունների ընթացքում եղել է նաեւ Լենինականում ու այցելել որբանոց: Երեխաներին, այդ թվում եւ կույրերին բաժանել է նվերներ, քաղցրավենիք, շոկոլադ: Զվարթ տատիկը 85 տարիների հեռվից այսօր էլ հիշում է, թե ինչպես Նանսենը շոյեց իր գլուխը եւ շոկոլադ հյուրասիրեց:
1926թ. Լենինականում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, երբ ամերիկացիները լքեցին Խորհրդային Հայաստանը, որբերին տեղափոխեցին Ջալալօղլու (Ստեփանավան) դեֆեկտոլոգիայի տուն, որտեղ կար մի փոքր արհեստանոց, որտեղ կույրերը զբաղվում էին խոզանակի արտադրությամբ: Որոշ ժամանակ անց շատերը, հատկապես արդեն հասունացած տղաները, լքելով որբանոցը՝ տեղափոխվում էին Երեւան, Մոսկվա կամ Ռուսաստանի այլ քաղաքներ՝ աշխատանք փնտրելու:
1931թ. կույրերին Ստեփանավանից վերադարձրել են Լենինական, որտեղ բացվել է արդեն կազմակերպված Կույրերի միավորման (ԿՄ) խոզանակների արտադրամասը: 1931-33թթ. Զվարթը սովորել է Լենինականի բանֆակի կոոպերացիայի եւ առեւտրի բաժնում, սակայն ամուսնանալու պատճառով 2-րդ կուրսից ուսումը թողել է: «Կուրսում սովորում էին 50 ուսանող, որոնցից 5-ն էին գերազանցիկ, եւ մեկը ես էի: Ուսմանը զուգահեռ աշխատում էի կույրերի միության քարտուղարուհի»,-պատմում է նա:
1932թ. հայրը երկար որոնումներից հետո գտել է դստերը եւ հայտնել, որ իրենից հետո ընտանիքում եւս 3 երեխա է ծնվել: Զվարթը նրան պատասխանել է, որ ինքն էլ որբանոցում իրեն նոր եղբայր ու քույր է գտել՝ Տոնայան Արամին եւ Գեւորգյան Անահիտին:
1933թ. ամուսնացել է որբանոցի սան, կույր բախտակից Նազար Մուրադյանի հետ եւ ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Երեւանում հաջորդաբար աշխատել է խոզանակի, ավելի, կարի, ճիլոպե հյուսածո աթոռների ու զամբյուղների արտադրամասերում: Մեծահասակ կույրերի երեկոյան դպրոցում վարել է ձեռագործի եւ կարի խմբակ: Եղել է անվանի կոմպոզիտոր Դանիել Ղազարյանի ղեկավարած ՀԿՄ երգչախմբի անդամ: Գործարաններում համերգներ են տվել եւ խնդրել, որ բանվորները տարվա ընթացքում իրենց 3 օրվա աշխատավարձը փոխանցեն ՀԿՄ՝ նոր արտադրամասեր կազմակերպելու համար:
1939թ. Երեւանի Յոնջալաղ թաղամասում գտնվող Հովհ. Թումանյանի անվ. դպրոցը տեղափոխվում է նոր շենք, եւ Նազար Մուրադյանի ջանքերով դպրոցի երկհարկանի շենքում բացվում է Կույր երեխաների գիշերօթիկ առաջին դպրոցը, որի բրայլյան դասագրքերը թարգմանում եւ գրամեքենայով տպագրում է Զվարթը:
Ամուսիններով նաեւ դպրոցի տեսնող դասատուներին սովորեցնում էին բրայլյան համակարգը, որպեսզի նրանք կույր երեխաներին կարողանան դասավանդել այդ համակարգով:
1939թ., երբ Ավետիք Իսահակյանը տարագրությունից վերադարձել է Հայաստան, Զվարթ եւ Նազար Մուրադյանները նրա պատվին ճոխ խնջույք են կազմակերպել, որին հրավիրում են նաեւ Ստեփան Զորյանին, Դանիել Ղազարյանին, Միքայել Մանվելյանին, Տատյանա Մելիքսեթյանին, Նիկողայոս Տիգրանյանին եւ այլոց:
Տիկին Զվարթը 70 տարի աշխատել է ՀԿՄ տարբեր արտադրամասերում, կոմբինատներում, տպարանում: Ամուսնու՝ Նազար Մուրադյանի հետ միասին հանդիսանում են ՀԿՄ հիմնադիր անդամներից: Եղել է ՀԿՄ 13 համագումարների պատգամավոր: 10 տարի եղել է ՀԿՄ վարչության անդամ: Պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով (1978), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1986), «Լենինի 110-ամյակի» մեդալով, պատվոգրերով: 1997թ. ձեռագործ հյուսելու հաշմանդամների փառատոնում արժանացել է դիպլոմի: 2005թ. արժանացել է «ՀԿՄ պատվավոր անդամի» կոչման:
Ունեցել են 3 տղա եւ 1 աղջիկ, որոնց կույր ամուսիններով խնամել, դաստիարակել ու մեծացրել են՝ առանց կողմնակի օգնության:
Զվարթ տատիկը ներկայումս ապրում է որդու՝ Աշոտի հետ: Զբաղվում է բրայլյան հայերեն եւ ռուսերեն գրքերի ու ամսագրերի ընթերցանությամբ, շյուղերով հյուսում է ժակետներ՝ զավակների ու թոռների համար, զբաղվում է տնային գործերով: Հաճելի զրուցակից է ու զրույցի ընթացքում անընդհատ պատմում է, որ «տեսել» է Անդրանիկին, Տիգրանյանին, Նանսենին, Իսահակյանին…