Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑԱՎ ՊԱՇՏՈՆԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ՁՅՈՒԴՈՅԻՑ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում հասունացած խմորումների արդյունքում մարզաձեւի այդ գերատեսչության ղեկավար Ալեքսան Ավետիսյանը հեռացավ պաշտոնից:

Դա տեղի ունեցավ երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացած ֆեդերացիայի արտահերթ նիստում, որին ներկա էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (ՁՄՖ) նախագահ Մարիուս Վիզերը, որը նախորդ օրն էր Հայաստան ժամանել:
ՀԱՕԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց պարոն Վիզերին, որը, չնայած ծանրաբեռնվածությանը, ժամանակ է գտել եւ որոշել գալ Երեւան՝ հատուկ տեսնելու, թե ինչ է կատարվում: Նա նշեց նաեւ, որ արտահերթ նիստ հրավիրելու պատճառ են դարձել մարզաձեւի ներկայացուցիչների ստորագրություններով բողոքները Հայաստանի օլիմպիական կոմիտե եւ Միջազգային ֆեդերացիա եւ որ ինքն ու Մարիուս Վիզերը  արդեն քննարկել են ստեղծված իրավիճակը եւ եզրահանգումներ արել: Իր խոսքում ՁՄՖ-ի ղեկավարը նշեց, թե ինքը ենթադրում է, որ բողոքների մի մասը համապատասխանում է իրականությանը, բայց միայն դատավորը կարող է  հստակ գնահատական տալ: Եվ ավելացրեց, որ պարզել է Ալեքսան Ավետիսյանի դեմ բողոքներից մեկի ճշմարտացիությունը: Ըստ այդմ, Ավետիսյանը վերջին տարիներին եղել է ֆրանսիական մարզահագուստ արտադրող ֆիրմայի ներկայացուցիչը եւ այդ մարզահագուստները վաճառել մարզիկներին: Պարոն Վիզերն այս կապակցությամբ ասաց, որ պետք է բացառել, որ որեւէ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ լինի մարզահագուստ արտադրող ֆիրմայի ներկայացուցիչ:
Ալեքսան Ավետիսյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Օլիմպիական կոմիտեի նախագահը խախտում է օլիմպիական խարտիայի գլխավոր սկզբունքներից մեկը՝ զբաղվում է քաղաքականությամբ, եւ որպես հետեւանք՝ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ, ուր քննարկվելու է ֆեդերացիայի նախագահին անվստահություն հայտնելու հարցը, որին Գագիկ Ծառուկյանը հակադարձել էր, թե բոլորը մի կողմ են, Ալեքսան Ավետիսյանը՝ մյուս. «Ալիկը ծախել է կիմոնոներ աշակերտներին, որ դա պետք է բաժաներ, Ալիկը տատամին վաճառել է անհատ մարդու, որ այդ մարդու տանը դրած է, Ալիկը ծնողներից գումար է վերցրել, որ պետությունը այդ գումարները տրամադրում է: Մոտավորապես նա ուներ 87 միլիոնի բյուջե……Սպորտը, դուք տեսնում եք, այսօր ամենազարգացող ոլորտն է, եւ բոլորս միասին պետք է կարողանանք աշխարհին ճանաչեցնել տալու, ցույց տալու մեր պահվածքը, մեր աշխատանքը, մեր արդյունքը, որ մենք սպորտով դա անում ենք: Քսան տարի մենք չունեինք աշխարհի չեմպիոն: Թուրքիայում հայկական դրոշը բարձրացավ, հիմնը հնչեց եւ երկրորդն էլ պետք է վերցնեինք, երեւի դա էլ թուրքերի նավսից էր, որ, ասենք, չստացվեց»: Իսկ երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահն ասաց, որ մարզաձեւը ղեկավարում է 1992 թվականից, եւ ձյուդոն այդ ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Նա նաեւ նշեց, թե հնարավոր է, որ այդ ընթացքում իր աշխատանքում թերություններ եւ վրիպումներ եղած լինեն եւ հայտարարեց, թե պատրաստ է ընդունել Գագիկ Ծառուկյանի եւ Մարիուս Վիզերի ընդունած ցանկացած որոշում: Իսկ ՀԱՕԿ-ի նախագահը ներկաներին տեղեկացրեց, որ պարոն Ավետիսյանը չի ղեկավարի մարզաձեւը, սակայն կլինի ՀԱՕԿ-ի փոխնախագահ եւ նոր պաշտոնում կզբաղվի ձյուդոյի խնդիրներով:
Մարիուս Վիզերը Գագիկ Ծառուկյանից տեղեկացել է, որ Հայաստանում չկա այնպիսի մասնագետ, որը կկարողանա ղեկավարել ձյուդոյի ֆեդերացիան եւ խոստացել, որ միջազգային ֆեդերացիան նոր նախագահ Հայաստան կգործուղի մինչեւ հոկտեմբերի վերջ, ընդ որում՝ իր վրա վերցնելով նրա բոլոր ծախսերը: Նա նաեւ խոստացել է Հայաստանի հավաքականը գլխավորելու նպատակով գործուղել բարձրակարգ մասնագետ: Վերջինիս ծախսերն էլ ստանձնել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ մինչ այս բոլոր խնդիրները կլուծվեն, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները դրվեցին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել