Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը

Հոկտեմբեր 09,2010 00:00

Հոկտեմբերի 12-ին ու չորս օր շարունակ Երեւանում մանկապատանեկան տոն է լինելու: Մեկնարկում է Ռոլան Բիկովի անվան փառատոնը, որի շրջանակներում երեւանյան չորսօրյա ֆիլմերի ցուցադրությանը կհաջորդեն մարզային կինոդիտումները: Դրանք կձգվեն մինչեւ տարեվերջ:
Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցելու համար աննախադեպ մեծ թվով ֆիլմեր են ներկայացվել, իրենք ընտրել են լավագույնները՝ 81-ը 17 երկրից. «Լավագույններն ընտրելիս հաշվի ենք առել այն, որ դրանք նոր ֆիլմեր լինեն՝ ամենաուշը 2-3 տարի առաջ նկարահանված, կարեւոր է նաեւ ֆիլմի գաղափարը, թե ինչ մեսիջ է հաղորդում երեխային, ինչքանով է վերհանում երեխաների ու համայն մարդկության խնդիրները»:
Տիկին Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի փառատոնում նորություն կա՝ առաջին անգամ հայտարարել են «Ես իրավունքներ ունեմ» խորագրով անվանակարգ: Թեման կշարունակվի նաեւ համանուն ցուցահանդեսում, որը նախատեսված է հոկտեմբերի 13-ին՝ Մոսկվայի տանը: Այդ օրը մարզային երեխաների համար հիշարժան կլինի, որովհետեւ ցուցադրվելու է հեռավոր շրջանների պատանիների 60 աշխատանք: «Երեխաներն ավելի գործնական կպատկերացնեն իրենց իրավունքները»,- այսկերպ բացատրեց «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգի ժյուրիի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա կարծիքով, սա առիթ է մեկ անգամ եւս իրավական խնդիրները վերհանելու. «Միշտ նշում ենք, որ մարդու իրավունքներն առաջին հերթին արժեհամակարգ են, մշակույթ, ու սա մի միջոցառում է, որը կնպաստի հենց այդ արժեհամակարգի ձեւավորմանը»: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ փառատոնի շրջանակներում անվանի կինոռեժիսորներ կայցելեն Հայաստան՝ «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչեւսկին, աշխարհահռչակ ռեժիսոր, անիմատոր Հարրի Բարդինը: Ի դեպ, նրա «Անճոռնի ճուտիկը» հայտնի մուլտֆիլմի պրեմիերան Երեւանում կլինի: Այս տարի էլ նախատեսվում են վարպետության դասեր, «Դու մենակ չես, միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որի շրջանակներում առողջական խնդիրներ ունեցող պատանիները բժշկական անվճար հետազոտություն կանցնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել