Սիրիայում եւ Եգիպտոսում անսամբլին դիմավորել են լեփլեցուն դահլիճներում
Օրերս Սիրիա եւ Եգիպտոս կատարած շրջագայությունից վերադարձավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը: Վերջինս Հայաստանից միակ կոլեկտիվն էր, որ մասնակցում էր «Հայաստանի մշակութային օրեր Սիրիայում եւ Եգիպտոսում» ծրագրին:
«Առավոտի» հետ զրույցում անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը հայտնեց, որ Եգիպտոսում համերգները կայացել են Կահիրեի, Դաման Հուրիի, Ալեքսանդրիայի օպերային թատրոններում, իսկ Սիրիայում հանդես են եկել Դամասկոսի օպերային թատրոնում, Հալեպի եւ Դեր Զորի համերգային դահլիճներում: Նշեց, որ Դեր Զորում եւ Հալեպում նախատեսված էին բացօթյա ելույթներ, սակայն սամումի պատճառով համերգները տեղափոխվել են դահլիճ: Ըստ մեր զրուցակցի, անսամբլի ելույթների մասին գրել են Սիրիայի եւ Եգիպտոսի հայկական եւ արաբական թերթերը: «Al Arabia» հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է աշխարհի արաբական երկրներում, թույլտվություն է վերցրել մեկ անգամ համերգը ցուցադրելու նպատակով, սակայն արձագանքներն այնքան շատ են եղել, որ այն ամբողջությամբ կրկնվել է:
«Կահիրեում երկու բաժնից բաղկացած ծրագրին ներկա էին 40 երկրների դեսպաններ: Թվում էր, թե բարձրաստիճան պաշտոնյաները, զբաղվածությունից ելնելով, առաջին մասից հետո կհեռանան, սակայն նրանք նույնիսկ ընդմիջման ժամանակ դահլիճից դուրս չեկան: Իսկ Սիրիայում ՌԴ դեսպան Ռաշիդ Սադիկովը կոլեկտիվի ղեկավարներիս ասաց հետեւյալը՝ «հիացած եմ հայերիդ մշակույթով: Շփվեցինք իսկապես բարձր արվեստի հետ: Նույնիսկ միայն այս անսամբլով կարող եք ներկայանալ աշխարհին: Դա Հայաստանին պատիվ կբերի»…»,- պատմեց պարոն Տիգրանյանը:
Թե ի՞նչ ծրագրով են հանդես եկել եւ արդյոք կատարվե՞լ են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ եւս, տնօրենը պատասխանեց. «Մեր ժողովուրդը ստեղծել է գոհարներ, որոնք պետք է բեմ հանվեն գեղարվեստական նոր որակով ու շնչով: Քանի դեռ կոլեկտիվը ղեկավարում է Ալթունյանի որդին՝ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը, մեր հայկական երգն ու բանը կմատուցվի հղկված, ջինջ ու անարատ: Բնականաբար, ներկայացրինք նաեւ կոմպոզիտորներ Մելիք Մավիսակալյանի, Ռուբեն Ալթունյանի, Գեւորգ Մանասյանի եւ այլոց ստեղծագործությունները, էլ չեմ խոսում Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի երաժշտության մասին: Ունեցանք պրեմիերա՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը»: Որպես տնօրեն հանգիստ եմ, քանի որ գեղարվեստական ղեկավարի կողքին են գլխավոր բալետմայստեր, մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը եւ գործիքային մասի ղեկավար Հայկազ Հակոբյանը»:
Ի դեպ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը այն եզակի կոլեկտիվներից է, որ մշտապես մեկնում է հանրապետության մարզեր: Այս տարեսկզբից ունեցել է շուրջ 25 համերգ, ամռանն էլ աշխատել են առանց հանգստանալու: