Գերմանացի դրամատուրգ Գեորգ Բյուխների հանրահայտ գործը՝ Ալեքսանդր Կովշունի մեկնաբանմամբ
«Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Երեւանում էր Խարկովի Շեւչենկոյի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը՝ «Վոյիցեկ» հոգեբանական դրամայով, որը բեմադրել է Ալեքսանդր Կովշունը՝ ըստ գերմանացի դրամատուրգ Գեորգ Բյուխների: «Վոյիցեկը» մարդու հոգեբանական եւ ֆիզիկական ջախջախման մասին է, մարդ, ով ուժասպառ է եղել պատերազմից, աղքատությունից, սիրուց, դավաճանությունից ու համատարած ստից: Այդ ամենից ճզմված հերոսը ի վերջո սպանում է սիրած էակին:
Ուկրաինացի արտիստները Երեւանում, իհարկե, լավ էին խաղում, ցավոք, հայ հանդիսատեսը անհաղորդ էր նրանց խոսքին, որովհետեւ ուկրաիներեն չգիտեր: Ճիշտ է, այդ լեզուն որոշ չափով նման է ռուսերենին, բայց, միեւնույն է, անհասկանալի էր: Լավ կլիներ, որ փոքրիկ մոնիտորի վրա զուգահեռ թարգմանությունը գնար: Ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում 25-ամյա դերասանական փորձով ռեժիսոր Կովշունն ասել է, թե «Վոյիցեկի» բեմադրվելը Շեւչենկոյի անվան թատրոնում պատմական արդարության վերականգնման հարց էր. 80 տարի առաջ այն փորձել է բեմադրել այդ թատրոնի ռեժիսոր Լես Կուրբասը, սակայն չի հաջողվել, նրան ձերբակալել են, այնուհետեւ… գնդակահարել: Հետագայում եւս եղել են խնդիրներ:
Նշենք, որ ներկայացման մեջ օգտագործված էին ժամանակակից լուսաձայնային «մեթոդներ», վիդեոկադրեր, մի քիչ էլ շատ էր ագրեսիան: Առաջին 20 րոպեներին նույնիսկ հարց է առաջանում՝ ի՞նչ կտա հայհոյախառն արտահայտություններով, գազազած «ամբոխով» այս ներկայացումը հայ հանդիսատեսին: Բեմադրիչը իր հարցազրույցներում մշտապես նշում է, որ թատրոնը ինչ-որ մեկին վերադաստիարակելու խնդիր չունի, ինքը եւս, մանավանդ չի սիրում բարոյախրատականություն, պաթոս, ասում է՝ «Ուղղակի մտնում ենք ներվային կենտրոնները ու ստիպում, որ մարդիկ համապատասխան հետեւություն անեն… Ավելի շատ խաղում են էներգիայով, քան բառերով»:
Գուցե իդիլիական հանդարտություն երազող ու ներքին թոհուբոհից հոգնած հայաստանցիներին նյարդայնացնի ներկայացման հերոս Վոյիցեկը, որը, ցավոք, ճշմարտություն է ասում, թե կյանքը պատերազմ է եւ պետք է պայքարել գոյատեւման համար, մյուս կողմից էլ, չես կարող համաձայնել ներկայացման ուղերձի հետ, թե մարդը մարդու համար գայլ է:
Հավելենք, որ գերմանացի դրամատուրգ Բյուխները ընդամենը 3 պիես է գրել, որոնցից ամենասկանդալայինը՝ «Վոյիցեկը», չի հասցրել ավարտել, քանի որ մահացել է տիֆից: Պատմությանն ու ռեժիսորներին է հասել ընդամենը 23 տեսարան եւ, յուրաքանչյուր բեմադրիչ գործը բեմադրելիս սեփական երեւակայությանը հարիր է այն ավարտել: Ա. Կովշունը՝ նույնպես: